Ամէն մէկի մէջ շուարած խիղճ կայ Ու սպասում է, որ բարին ծլի, Ամէն մէկի մէջ անհուն կարօտ կայ Ու սպասում է, որ սիրտը ելնի: Ամէն մէկի մէջ մի շատ լաւ մարդ կայ Ու սպասում է բարուն ու խղճին, Որ ծլարձակի, ծաղկի, շիւղեր տայ, Սիրոյ պտուղներ թողնի ճիւղերին: Ամէն մէկի մէջ մի խեղճ աստուած կայ Ու սպասում է մեր` մարդ դառնալուն Որ հզօրանայ, իրեն տէր զգայ Ու միշտ հաւատայ մեր` մարդ մնալուն: Յաճախ նայեցէ՛ք, մարդի՛կ, ձեր հոգուն, Փխրեցրէ՛ք խոպանն զգացմունքների, Մի պուտ ջուր տուէք չորացած բարուն, Որ խիղճը, սէրը, աստուած վարարեն: ՄԱՐԻՆԷ ՅԱԿՈԲԵԱՆ