ՄԻ ԲՈՒՌ ՆՇԽԱՐ՝ ՍԱՍՈՒՆԻՑ.
Սասունցու տունը միշտ բաց է, իսկ սիրտն այնքան ճրագներ ունի, որ կարող է ամբողջ աշխարհը լուսավորել:
Սասունցին, առհասարակ, խիստ առողջ էր, ճարպիկ ու դիմացկուն: Թեև համբերությամբ էր տանում իր չարքաշ կյանքի դժվարությունները, բնավորությունը հեզ էր ու խոնարհ, բայց դյուրագրգիռ էր ու վարվռուն: Սասունցիներն ապրում և հագնվում էին խիստ պարզ ու անպաճույճ: Վերին աստիճան հյուրասեր էին ու հարգալից օտարականների հանդեպ, միաժամանակ անզուսպ կերպով վրեժխնդիր էին թշնամու նկատմամբ:
Ապրելով բնության գրկում և հեռու լինելով այն բոլոր բարիքներից ու նաև չարիքներից, որ բերում էին ավելի զարգացած՝ քաղաքակիրթ կյանքին հատուկ պայմանները, սասունցին հավասարապես հեռու էր խարդախությունից ու նենգությունից, ստրկահոգությունից ու դավաճանությունից, շռայլությունից ու անպարկեշտությունից: Սասունի ազգաբնակչությունը հետևյալ պատկերն ուներ. կային խիստ վայրի կերպով, աչքից հեռու ապրողներ՝ Սասունի անմատչելի լեռներում, անդնդախոր ձորերում, որոնք հագնվում էին պարզագույն կերպով. նրանք սովի ժամանակ, երբ սարերում խոտ չէր լինում, իսկ ժայռերում՝ միրգ ու բույսեր, հայտնվում էին գյուղերում:Ապրում էին կիսավայրի, հագնվում կոպտորեն՝ շալե շապիկ, ծածկվում էին գազանի կամ այծի մորթով և ապրում էին այծ ու ոչխար պահելով: Մյուսները ռամիկներ էին, որոնք աստվածասեր էին, հագնում էին՝ ազգային տարազներ, դիմադրում էին թշնամուն: Հենց սրանք էին այն քաջ սասունցիները, որոնք դիմակայում էին թշնամուն, ու որոնց մեծ զանգվածը սրատվեց 1893-ին: Առաջիններն ապրում էին հեռավոր, խիստ անմատչելի լեռներում, Քաղարենց սահմաններում, մյուսները՝ Խութում, Բեշարիկում, Շատախում և այլ տեղերում: Նրանք արտասովոր մարդիկ էին՝ արժանի խորին հետազոտության:

Комментарии

Популярные сообщения из этого блога