Մորս սրտի պես🌾💖
Շիրազյան տողերով խոնարհումս Ձեզ սիրելի ՄԱՅՐԵՐ

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել` 
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին, 
Արև աչքերի լույսն է նա թափել` 
Լուսնյակ դառնալով` որդոց օրոցքին...
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ, 
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս, 
Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ, 
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

***
Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ, 
Նրանց կերգեմ` երգելով մորն իմ անգին, 
Թող ինձ կարդա մայրամոռն էլ անզգամ` 
Պաշտե գեթ իր մայրիկին: 
Ախ, անառակ որդիք շատ եմ տեսել, շատ, 
Անառակ մայր...Օձն էլ չունի, օ, երբեք, 
Միայն մայրն է մնացել սուրբ Արարատ
Ողջ աշխարհում այս պղերգ: 
Աստվածները սատանաներ դուրս եկան, 
Ախպերն ախպոր, քույրը` քրոջ կդավե, 
Սուրբ է մնում միայն սիրտը մայրական, 
Ախ, լոկ մայրն է սուրբ ու վեհ: 
Սայաթ-Նովան իր սիրուհուն սիրերգեց, 
Նարեկն` սատծուն, Խայամն երգեց իր գինին, 
Ես ինձ ասի` մորդ երգիր, բանաստեղծ, 
Որ մայրանան կյանք ու կին: 
Ես մոր սրտի սիրտը պիտի ձեզ բանամ` 
Նման մթնած, գանձաթաքույց այրերին, 
Ողջ անառակ որդոց պարտքը պիտի տամ
Բոլոր մոլոր, բոլոր մոլոր մայրերին...

***
Ես սիրում եմ ծաղիկները
Մեկ էլ մորս աչքերը պարզ, 
Ազգեր մեկ էլ ձեր արքերը` 
Թե ծաղկի պես նայեն վաս: 
Ես սիրում եմ ողջ աստղերը, 
Մեկ էլ մորս աչքերը հեզ, 
ԱՍտված մեկ էլ քո աչքերը` 
Թե ինձ պահես մայրիկիս պես...

***
Մորս աչքերն օրոցքիս
Զույգ մոմերի պես վառվել` 
Գիշեր ու զօր աչքերիս
Լույս տալով են սպառվել: 
Ու թախծում եմ ես պռով, 
Ախ, չլինի մորս պես` 
Սևան, դու էլ վառվելով
Ու լույս տալով սպառվես...

***
Մայրս` ձեզ համար
Խեղճ, անշուք մի մայր, 
Ինձ` նշխար մի երգ.
Ինձ` մի տիեզերգք, 
Ինձ աշխարհ բերած
Մի նշխար աստված:

***
Հանեմ գանձերը հայոց լեռների, 
Շաղ տամ բոլորը մորս ոտքի տակ` 
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի: 
Շաղ տամ մարգարիտն` համայն ծովերի, 
Ծաղիկների հետ, մորս ոտքի տակ` 
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի: 
Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի, 
Զույգ աչքերիս ետ ձգեմ ոտքի տակ` 
Մորս ոտքի տակ` , ախ, քիչ է էլի: 
Եվ թեկուզ հանեմ իմ սիրտը բարի` 
Գառի պես զոհեմ մորս ոտքի տակ` 
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի: 
Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքիս` 
Դարերի կյանքն էլ թե տաս մայրիկիս, 
Աստված իմ, քիչ է, չէ, քիչ է էլի:

Հովհաննես ՇԻՐԱԶ

Комментарии

Популярные сообщения из этого блога