Օլթի (Ուղթիս)

Ուղթիս (Օլթի) բերդաքաղաք -Այն գտնվում է քաղաքի արևմտյան մասում, Ճորոխ գետի աջակողմյան վտակ Օլթի գետի ափին` դժվարամատույց լեռան վրա,ռուս- թուրքական 1914 թ. սահմանի մոտ, շրջապատված կանաչապատ լեռներով ու բլուրներով։
Օլթիի բերդն իր բնական ամրությամբ ու կառուցվածքով նման է Կարսի հռչակավոր բերդին։ Կառուցվել է Բագրատունիների օրոք, X—XI դարերում։ Դրա մնացորդները՝ պաշտպանական պարսպի առանձին հատվածներ, բուրգերի ու մյուս կառուցվածքների ավերակներ, պահպանվել են մինչև մեր օրերը։ Այդ հին բերդում էր գտնվում հայկական Տիրամոր եկեղեցին, որ նախ վերածվել էր վանքի, իսկ հետագայում ուխտավայրի։
Հնում մտել է Մեծ Հայքի Տայք նահանգի Ոքաղե գավառի մեջ: Հայտնի էր Ողթիք, Ուխթիք, Ուխտյաց քաղաք անուններով, որ հետագայում ձևափոխվելով դարձել է Օլթի:
Օլթիի հիմնադրման ժամանակը հայտնի չէ։ Նրա մասին առաջին անգամ հիշատակում են Դրասխանակերտցին, Ասողիկը, Լաստիվերտցին։ Սակայն անկասկած է, որ այն գոյություն ունի հին ժամանակներից։ Արշակունիների (III— V դդ.), մարզպանների (V—VII դդ.) և արաբական խալիֆայության տիրապետության սկզբնական շրջանում (VII—VIII դարերում) Ուխթիք-Օլթին Ոքաղե (ըստ ոմանց՝ Պարտիզացփոր) գավառի (որի կենտրոնն էր այն) և Տայք աշխարհի մյուս գավառների հետ միասին պատկանում էր Մամիկոնյան նախարարական տանը, իսկ դրանից հետո, երբ Մամիկոնյան տունը Հայաստանի նախարարական մի շարք այլ տների հետ միասին 772 — 775 թվականների ապստամբությունից հետո մեծ հարված ստացավ խալիֆայության կողմից և կորցրեց իր նախկին նշանակությունը, նրա Տայքի տիրույթներն ամբողջությամբ անցան Բագրատունիներին։ Վերջիններս և նրանց տոհմակիվ վրաց Բագրատունիները Տայքում հիմնադրել են մի ընդարձակ իշխանություն՝ կյուրապաղատություն, որը սկզբնական շրջանում գտնվում էր Բյուզանդիայի «հովանավորության» տակ, իսկ հետագայում՝ 1001 թվականին, ուղղակի կցվում է կայսրությանը իբրև նրա բաղկացուցիչ մասը։
Հետագայում անցել է Սելջուկ-թուրքերի (XI—XII դդ.), մոնղոլների (XIII—XIV դդ.),Ակ-կոյունլու և Կարա-կոյունլու թուրքմենական ցեղերի (XV դ.) և XVI դարից այստեղ հաստատված թուրքական տիրապետության օրոք Օլթին մի քանի անգամ ավերվել և անցել է ձեռքից ձեռք։
Նա զարգացման համար չուներ նպաստավոր նախապայման և շարունակում էր մնալ որպես հետամնաց գավառական տիպի փոքր քաղաք։
Օլթիում տնտեսական ու մշակութային կյանքը որոշակի աշխուժացում է ապրում 1877—1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ այն Կարսի մարզի մյուս գավառների հետ միասին միացվում է Ռուսաստանին , մտցվել Կարսի մարզի Օլթիի օկրուգի կազմում` դառնալով նրա կենտրոնը: ։
1878 — 1915 թվականներին այն Կարսի մարզի Օլթիի օկրուգի կենտրոնն էր և բավական մեծ նշանակություն էր ստացել ոչ միայն ստրատեգիական, այլև տնտեսական առումով։ Սակայն աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օլթին նորից է անցնում Թուրքիային, մնալով թուրքական տիրապետության տակ։
1918 թվականի ապրիլի սկզբին գրավվել է Անդրկովկաս արշավող թուրքական զորքերի կողմից, որոնք տեղահանել և գրեթե ամբողջովին կոտորել են տեղի հայությանը: 1919 թվականի մայիսի 9-ին միացվել է Հայաստանի հանրապետությանը: 1920 թվականի սեպտեմբերին Քյազիմ Կարաբեքիրի գլխավորած թուրքական զորքերը գրավել են Օլթին և Ուղթիսի բերդը: Այժմ Օլթին գտնվում է Թուրքիայի հանրապետության Էրզրումի իլում:
Օլթիի հիշատակության արժանի հուշարձաններն ու հնությունները մեծ թիվ չէին կազմում։ Դրանք սահմանափակվում էին հին բերդով, մի քանի եկեղեցիներով ու մզկիթներով, մի ավերված վանքով, քաղաքի շրջակայքի զանազան հնություններով և Օլթի գետի վրայի մեծ կամուրջով։
Комментарии
Отправить комментарий