Վանի Վարագա Սուրբ Խաչ



Եկեղեցական ավանդության համաձայն՝ սուրբ Հռիփսիմյանց կույսերը, Դիողետիանոս (243-313թթ.) Կայսեր հալածանքներից խուսափելով, փախչում են Հայաստան: Վասպուրական աշխարհում՝ Վանի հարավ-արևելյան կողմում, Վարագա լեռան լանջերին, նրանք գտնում են իրենք առաջին ապաստարանը:
Կույսերից սուրբ Հռիփսիմեն իր պարանոցին կրում էր Քրիստոսի Խաչափայտից մի մասունք:
Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին, այն ստացել էր Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբ Տյառնեղբորից, երբ Պետրոս առաքյալի քարոզությամբ ուխտի էր գնացել Հռոմ: Եվ քանի որ Հռիփսիմեն սերում էր Կլավդիոս կայսեր տոհմից, Խաչափայտի մասունքը ժառանգաբար փոխանցվել էր նրան:
Հռիփսիմյանց կույսերը քրիստոնեական հավատքը քարոզելու համար Հայաստանում ենթարկվում են հալածանքների, ինչի պատճառով սուրբ Հռիփսիմեն Խաչափայտի մասունքը պահում է Վարագա լեռան քարայրներից մեկում:
Աստծո նախախնամությամբ Հայոց աշխարհում ավանդաբար գիտեին սուրբ նշանի՝ Վարագա լեռան վրա պահվելու մասին, սակայն գտնվելու ստույգ վայրը հայտնի չէր:
653թ. Վարագա լեռն իրենց ճգնության վայր են ընտրում Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելը: Սուրբ Նշանը գտնելու փափագով նրանք խիստ ճգնությամբ՝ տասներկու օր ծոմ պահելով, արտասվելով և ջերմեռանդ աղոթքներով, Տիրոջից խնդրում են, որ իրենց արժանացնի տեսնելու և համբուրելու փափագելի Նշանը:
Մարդասեր Աստված, Ով միշտ կատարում է Իրենից երկյուղածների կամքը, տեսիլքով նրանց հայտնում է մասունքի տեղը: Այն ճգնավորներին երևում է խաչանիշ պայծառ լույսի տեսքով, լուսեղեն տասներկու սյուների մեջտեղում, որոնցից բաժանվելով՝ բարձրանում է սուրբ Սեղանին, որի առաջ աղոթում էին ճգնավորները: Միաժամանակ խաչանիշ լույսից ձայն է լսվում. « Քրիստոս հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ՝ Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար»:
Լուսեղեն սյուները տասներկու օր երևում են Վարագա լեռան Գալիլիա կոչվող գագաթին այնպես, որ հեռավոր վայրերից ևս տեսանելի էին:
Հոգևորականներն ու աշխարհականները մեծ թափով, հայոց Ներսես Գ Տայեցի (641-661թթ.) կաթողիկոսի և Ռշտունյաց Թեոդորոս նախարարի որդու՝ Վարդ Ռշտունի սպարապետի գլխավորությամբ, գալիս են Վարագ՝ սուրբ Նշանին երկրպագելու և մեծահանդես տոնախմբություն կատարում: Ներսես Հայրապետը, ի հիշատակ Վարագա սուրբ
Խաչի երևման հրաշքի, տոն է սահմանում և տասներկու լուսե սյուների երևման վայրում եկեղեցի կառուցում, իսկ եկեղեցին, որտեղ իջել էր սուրբ Նշանը, մեծացնում է և դարձնում ավելի փառավոր: Այս առիթով գրվում է « Նշանաւ ամենայաղթ խաչիւդ Քով Քրիստոս»
շարականը և մինչև Վարագա սուրբ Խաչի տոնը սահմանվում հնգօրյա շաբաթապահք, որը ժողովրդական լեզվով կոչվում է «վանեցիների»:
Վարագա լեռան գագաթին ստորոտում հիմնվել են Վարագավանքի Վերին և Ներքին եկեղեցիները, որոնցից առավել հայտնին Ներքին Վարագավանքն է, ուր և պահպանվել է Խաչափայտի մասունքը: Այն մինչև 1026 թ. մնացել է Վարագում, իսկ երբ Սենեքերիմ Արծրունին Վասպուրականի թագավորությունը թողնում է Բյուզանդիային և տեղափոխվում Սեբաստիա, տանում է նաև սուրբ Նշանը:
Սակայն կարճ ժամանակ անց՝ 1026 թ., սրբազան մասունքը վերադարձվում է իր նախնական վայրը: 11-րդ դարում Աշոտ Դ Բագրատունին սուրբ Նշանի համար 30.000 դահեկան արժողությամբ ոսկե մասնատուփ է պատվիրում: 1237-ին այն տեղափոխվում է Նոր Վարագավանք: 1651թ., տարվում է Խոշաբ, իսկ 1655թ. դրվում Վանի Սուրբ Տիրամայր եկեղեցում, ինչի պատճառով վերջինս վերանվանվում է Սուրբ Նշան: Մաղաքիա արքեպս. Օրմանյանը (1841-1918թթ.) « Ծիսական բառարանում» վկայում է, որ իր ժամանակ Վարագա սբ. Խաչը դեռևս պահվում էր Վանի Սբ. Նշան եկեղեցում: Ցավոք, Մեծ Եղեռնից հետո սուրբ մասունքի գտնվելու վայրը հայտնի չէ:
Մասունքի հրաշագործությունների մասին բազմաթիվ հիշատակություններ են պահպանվել: Մասնավորապես, Եդեսիայում համաճարակի ժամանակ Վարագա Ս. Խաչի զորությամբ անբուժելի հիվանդությունը կասեցվել է:
Ագաթանգեղոսի վկայությամբ՝ հայոց երկնակամարում լուսեղեն սուրբ Խաչը տեսիլքով մինչ այդ հայտնվել էր սբ. Գրիգոր Լուսավորչին, Միածնի էջքի հայտնի տեսիլքի ժամանակ, նաև, ինչպես Խորենացին է վկայում, սբ. Մեսրոպ Մաշտոցի հուղարկավորության ժամանակ՝ երևալով Վաղարշապատից մինչև Օշական:
Վարագա Սուրբ Խաչը տոնվում է Խաչվերացից 15 օր հետո, այսինքն՝ սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

Комментарии

Популярные сообщения из этого блога