ՍԻՐՏ ԻՄ

Սիրտ իմ, նորից քեզ գցել եմ կրակի մեջ:
Նորից, խե՛նթս, քեզ սնել եմ պատրանքներով,
Քեզ թեժացրել սիրո խինդ ու խայտանքներով,
Քեզ հաղորդել խոսքեր, խոհեր, խորհուրդներ մեծ,
Որ, երևի, նա չէ՜ր ասել:
Այդ ե՛ս էի միայն լսել,
Այդ ես, այդ ե՜ս էի հյուսել,
Սարդի նման՝ ինքս իմ հոգուց, իմ թևերից,
Ամենանուրբ իմ թելերից,
Իմ երազի դեռ չսպառված ծաղկեփոշուց
Ոստայն մի սուտ,
Ու քեզ առել այդ ոսկեղեն ոստայնի մեջ,
Նուրբ օրորել այդ մոլորուն օրորոցում...
Սի՛րտ իմ, ների՜ր չխրատվող քո տիրուհուն
Այս անգամ էլ:
Այս անգամ էլ քանդիր պատրանքը արբեցնող,
Մկաններդ պրկիր նորից
Ու դուրս մղիր քո խորշերից
Խուլ նվացող արյունն այս դառն ու խռոված,
Անոթներիդ մեջ խցանված կարոտն այս գաղջ
Դո՜ւրս հորդեցրու...
Եվ ա՛ռ քո մեջ օդը դրսի,
Առաջնաստեղծ մաքրությունը արշալույսի,
Ճամփաների բուժական շունչը եզակի,
Մանուկների ծիծաղն՝ հարուստ թթվածինով,
Եվ ամոքիչ կենսահյութը անանձնական երազանքի:
Նե՛րս առ, խառնի՜ր քո հյուսվածքին այս ամենը
Ու նորոգվիր.
Ու նորոգիր այս անգամ էլ
Չխրատվող քո տիրուհուն:
Ի՛մ միամիտ, ի՜մ իմաստուն...
Комментарии
Отправить комментарий