ԽՈՍՔ ԻՄ ՈՐԴՈՒՆ...

Լսիր, որդիս, պատգամ որպես,
Սիրող քո մոր խոսքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ,
Հայոց լեզուն հազարագանձ:
Սիրող քո մոր խոսքը սրտանց,
Այսօրվանից հանձնում եմ քեզ,
Հայոց լեզուն հազարագանձ:
Կտրել է նա հանց աստղալույս,
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ,
Սլաքի հետ Հայկյան նետի:
Երկինքները ժամանակի,
Շառաչել է խռովահույզ,
Սլաքի հետ Հայկյան նետի:
Ու Մեսրոպի Սուրբ հանճարով,
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հույս, դարձել դրոշ,
Պահել երթը մեր անաղարտ:
Դարձել է գիր ու մագաղաթ,
Դարձել է հույս, դարձել դրոշ,
Պահել երթը մեր անաղարտ:
Նրանով է մայրս ջահել
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել մեզ է հասել
Նրա կարկաչը դրավոր:
Ինձ օրորոց դրել մի օր,
Հիմա եկել մեզ է հասել
Նրա կարկաչը դրավոր:
Պահիր նրան բարձր ու վճիտ,
Արարատի Սուրբ ձյունի պես,
Պահիր նրան սրտիդ մոտիկ,
Մեր պապերի աճյունի պես:
Արարատի Սուրբ ձյունի պես,
Պահիր նրան սրտիդ մոտիկ,
Մեր պապերի աճյունի պես:
Ու տես որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո Մայր լեզուն չմոռանա'ս...
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո Մայր լեզուն չմոռանա'ս...
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱ
Комментарии
Отправить комментарий