13-րդ դարի մանրանկար՝«Կեռան թագուհու ավետարան» հայկական ձեռագիր մատյանից
Հայ թագավորական ընտանիքը՝ բացառիկ պատկերում... Ներկայացնենք 13-րդ դարի բացառիկ մի մանրանկար՝
Կիլիկիայի հայկական թագավորության արքա Լևոն Գ-ն և Կեռան թագուհին՝ իրենց 3 որդիների և 2 դստրերի հետ: Մանրանկարում պատկերված է թագավորական ընտանիքը, որը երկնային օրհնություն է ստանում՝ 7 նուռերի տեսքով:
Այս բարձրարվեստ ու իր բնույթով եզակի գործը՝ «Կեռան թագուհու ավետարան» հայկական ձեռագիր մատյանից է, որը պահվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքում: Գրվել և պատկերազարդվել է 1272 թվականին Սիսում՝ Կիլիկիո Կեռան թագուհու պատվերով։ Ձեռագիր մատյանի գրիչն է՝ Ավետիսը, սակայն մանրանկարչի՝ այսինքն ներկայացվող այս գլուխգործոցի հեղինակի անունը վերջնականապես ստուգաբանված չէ, բայց որպես հեղինակ՝ ընդունված է նշել Թորոս Ռոսլինին։
Հետաքրքիր տեղեկություն, թե ինչպես է առաջացել հայոց թագուհու՝ Կեռան անունը: 1262 թվականին՝ իշխան, հետագայում թագավոր Լևոն Գ-ն կին է ընտրում իշխան Հեթումի դուստր Աննային: 1269-ին իշխանուհի Աննան դառնում է թագուհի և իրեն դրսևորում որպես բանիմաց, բարյացակամ և առատաձեռն անձնավորություն: Պալատականներն ու ժողովուրդը մեծ սիրով ու հարգանքով են վերաբերվում Աննա թագուհուն: Կիլիկյան Հայաստանում ընդունված է եղել օգտագործել հունարենից փոխառնված «կիրիա» բառը, որը նշանակում է «տիրուհի»: Այսպես, ժողովրդի սիրուց ու հարգանքից ծնվեց «Կիրիա Աննա» (Տիրուհի Աննա) թագուհուն դիմելու ձևը, որը ժամանակի ընթացքում դարձավ կրճատ՝ Կեռան թագուհի:
---
King of Kilikia Leon III, Queen Keran and their children, Armenian miniature 1272.

Комментарии

Популярные сообщения из этого блога