Ապարանի Սուրբ Խաչ եռանավ եկեղեցի

Ապարանի Սուրբ Խաչ եռանավ եկեղեցի
Քասախի եկեղեցու գաղտնիքը. ի՞նչ են թաքցնում ապարանցիները մյուսներից
Հայաստանի ամենահին տաճարներից մեկը` «Քասախի բազիլիկ»-ը, գտնվում է Ապարանում (հին Քասախ)։ Կառուցվել է IV դարում ու իր երկար պատմության ընթացքում գրեթե երբեք դռները չի փակել հավատացյալների առաջ;
Եկեղեցու տարածքը բավականին փոքր է, բայց խնամված է ու հարմարավետ։ Մի կողմում քարե սալիկներ են շարված, որոնց մեջ հարյուրավոր տարիների պատմություն է ամփոփված։
Պատմական Այրարատ նահանգի պատմական Նիգ գավառում Գնթունյաց իշխանները կառուցել են վաղ քրիստոնեական դարաշրջանի երկու բարձրարժեք կոթողներ՝ ի վկայություն իրենց բարեպաշտության և շինարարական մեծագործության։
Ապարանը իշխանական Գնթունի տոհմի նստավայրն էր;
Գնթունի իշխանական տոհմին բազում կառույցներ են վերագրում, բայց եկեղեցիների ճարտարապետությունն առանձնանում է, նրանց կառուցած բազիլիկները վաղ քրիստոնեական շրջանի են, այսինքն` IV դարի։ Քասախի բազիլիկից բացի, մեկն էլ կա նախկին Զովունիում, որտեղ հիմա Ապարանի ջրամբարն է. խոսքը Սուրբ Պողոս-Պետրոսի մասին է(5-րդ դար, ներկայիս Ապարանի ջրամբարի տարածքում)։ Տարին երեք-չորս ամիս ջրի տակ է մնում, հետո ջրի հանդարտվելուց հետո կրկին հայտնվում է։ Բայց մի հետաքրքիր փաստ կա. որքան էլ ջուրը վարարում է, եկեղեցու խաչը երբեք չի փակվում։
Բազիլիկի արտաքին տեսքն ընդհանուր առմամբ անսովոր է, բայց Գնթունիների ճարտարապետության մեջ` շատ տարածված։ Քասախի եկեղեցին կոչվում է նաև Սուրբ Խաչ, ընդ որում` անվանումը պատահական չէ, եկեղեցու հիմքում Քրիստոսի Խաչի տաշեղն է թաղված։
Տաճարի գլխավոր մուտքի վերևում գեղեցիկ հարթաքանդակ կա։Գնթունիների իշխանական զինանշանն է` ցատկելու պատրաստ երկու եղնիկ, մեջտեղում` հավասարաթև խաչ, պատկերված է նաև խաղողի վազ ու ուռենի, որը կենաց ծառն է խորհրդանշում։
Այստեղ հայտնի հնագետներ են պեղումներ իրականացրել, նրանց թվում է եղել նաև Թորոս Թորամանյանը։ 1900-ականներին առաջին անգամ եկեղեցին ու շինության տարածքը ուսումնասիրելուց հետո նա եզրահանգեց, որ եկեղեցին կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքի վրա։ Ավելի ուշ այդ միտքը հաստատեց նրա աշակերտ Ալեքսանդր Սաղինյանը։
Պեղումների ժամանակ գտել են Անտիոք VII (որն իշխել է մ.թ.ա. 192-ց 129 թվականներին) սելևկյան արքայի տետրադրախման (մետաղադրամ)։ Դա վկայում է, որ Ապարանը շատ հին բնակավայր է, եթե այդ թվականներին հեթանոսական տաճար է կառուցվել։
Հատկանշական է, որ IV դարում բազիլիկան եզակի կառույց չի եղել. այստեղ վանական համալիր է եղել, կենտրոնը` Սուրբ Խաչ եկեղեցին։ Հենց Ապարանի բազիլիկի հոգևոր ճեմարանն է դարձել Սանահինի հայտնի Մագիստրոսի Ճեմարանի նախատիպը։ Ցավոք, այն չի պահպանվել։ Վանական համալիրը կազմված է եղել երկու միանավ բազիլիկներից, ճեմարանից ու կենտրոնական եռանավ բազիլիկից։
Ինչպե՞ս է սյան վրա հայտնվել Աստվածամոր պատկերը
Քասախի բազիլիկը Հայաստանի առաջին քրիստոնեական եկեղեցիներից է։
— Ասում են` երբ քրիստոնեությունը երկրում պաշտոնական կրոն հռչակվեց, Մայր Աթոռ Էջմիածնից հետո այս տաճարն է կառուցվել, բայց այդ փաստը հաստատված չէ։
Սուրբ Խաչ եկեղեցի մտնելիս առանձնահատուկ զգացողություն ես ունենում։ Սյուներից մեկի վրա մի փոքր ավելի մուգ ֆոնով հստակ առանձնանում էր երկար զգեստով կնոջ պատկերը, գլխավերևում` լուսապսակ։
— Սա Աստվածամոր պատկերն է։
Մինչև 2005 թվականն այն չկար։ Մի գիշերվա մեջ է հայտնվել։ Առավոտյան քահանաներն են հայտնաբերել։
Թեև պատմությունն անհավանական է թվում, բայց հին տաճարի սյան վրա Աստվածամոր պատկերի վերաբերյալ այլ վարկածներ չկան։ Հետաքրքիր է, որ ապարանցիները ոչ բոլորին են պատմում այս մասին։
Յուրաքանչյուր կիրակի Ապարանի հավատացյալները մասնակցում են Սուրբ պատարագին։
`````````````````````````````````````````````````````````````````````````````
Սուրբ Խաչ եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։ Համարվում է, որ այն կառուցվել է 4-րդ դարի վերջերին։Եկեղեցին վերանորոգվել է 1877 թվականին։
Կառուցվել է տուֆի սև-մոխրագույն մեծ քարերով, ուղղանկյուն հատակագծով, արլ արմ առանցքով։ Արլ կողմն ունի ներսից պայտաձև, դրսից հնգանիստ աբսիդ, որ գտնվում է սրահից դուրս։ Պահպանվել են պատերը՝ ամբողջ բարձրությամբ, խորանր և հենարանների, թաղերի, կամարների ու շքամուտքերի մնացորղներր։ Ամբողջությամբ ավերված են եկեղեցու հս պատին կից դահլիճր և դրան հս-ից միացած փոքր եկեղեցին։ Մեծ սրահի 4 մուտքերից 3-ը շքամուտքեր են՝ ճարտարապետական հետաքրքրության ունեցող ձեավորմամբ։ Սրանց բարավորներր քանդակագործության բացառիկ նմուշներ են։ Լուսավորվել է արլ և արմ պատերի մեկական և հր պատի երեք գեղեցիկ ոճավորված պատուհաններից։ 1948 թ պեղումների ժամանակ բացվել են հս կից կառույցը և նրանից հս ընկած միանավ բազիլիկ եկեղեցին։ Գտնված երեք կողմերից քանդակազարդ արժեքավոր խոյակներից այժմ պահվում են Հայաստանի Պատմության պետական թանգարանում։ Հայկականի հետ գտնվել են նաև սելևկյան թագավոր Անտիոքոս 7-րդ էվերգետոսի ոսկե դրամր (տետրադրախմա), բյուզանդական ուռուցիկ ոսկեդրամներ (10-րդ դ), բյուգանդական (10-11-րդ դդ) և վրացական (Թամար թագուհու) պղնձյա դրամներ։
Քասախի բազիլիկը վերջնականապես վերականգնվել է տեղացիների ուժերով 2000-ականներին։
2002 թվականի մայիսի 5-ը նշանակալից օր է ինչպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և միջնադարյան քրիստոնեական ճարտարապետության պատմության համար, այնպես էլ Ապարանի պատմության մեջ։ Ապարանի հավատավոր ժողովուրդը ստացավ իր պապերի աղոթատունը՝ Քասախի բազիլիկ տաճարը, ավարտուն և բարեզարդված։ Մայիսի 4-ի երեկոյան Տեր Սիոն եպիսկոպոսի մուրճի հարվածներով տաճարի դռանը, դռնբացեքի արարողության սկզբից ևեթ դադարեց ամբողջ օրը տեղացած անձրևը, և Արագածի լեռան վերևում ամպերի պատռվածքից արևի ճառագայթների մի փունջ լուսավորեց ու ջերմացրեց տաճարի խոնավ պատերը։
1996 թվականի նոյեմբերից աղոթքների, շարականների, օրհներգների հնչյուններից արթնացած հնամենի քարերը երգում են բազմության հետ նեդաշնակ։
Արագած լեռան փեշերին, Քասախ գետի ակունքներում, նույնանուն ավանը 10-րդ դարից կոչվել է Ապարան, հետո առել է Բաշ հավելվածը և հաղթական մի ճակատամարտով մի կողմ է շպրտել այն՝ հասնելով 21-րդ դար իբրև քաղաք Ապարան։ Դարերի անցուդարձին անհաղորդ, ամեն տեսակ «իզմ»-երի բերած ձևափոխություններին անտարբեր, նախնական կերպարին հարազատ՝ 21-րդ դար հասավ միայն այս տաճարը՝ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին։ Միջնադարում կորցնելով իր նախնական թաղակապ ծածկերը՝ այն կրկին ծածկի տակ առնվեց 1877 թվականին։
Գնթունիները այն հիմնովին վերաշինել են 4-րդ դարի սկզբին՝ հարիր նոր՝ քրիստոնեական աշխարհընկալման, և այն հետագա դարերին, կրելով մասնակի աննշան փոփոխություններ, մեզ է հասել անաղարտ՝ իր նախնական հորինվածքով։
Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին իր անունը առել է այդտեղ պահվող Տերունական Խաչափայտի մասունքից։ Ականատեսների վկայությամբ այն գոյություն է ունեցել մինչև մեծ անաստվածության տարիները, և այժմ անհայտ է գտնվելու վայրը։ Այս աղոթատունը գործել է մինչև 20-րդ դարի 40-ական թվականները՝ չդադարելով նաև գործել բոլշևիկյան տարիներին՝ շնորհիվ Տեր Ռաֆայել քահանայի։
40-ականների վերջին այն պղծվել է, քանի որ այն օգտագործել են որպես կոլտնտեսության պահեստ, բայց 1959 թվականին վերադարձվել է բնակավայրի ծխական համայնքին՝ շնորհիվ ծխական համայնքի խորհրդի և նրա նախագահի՝ դարբին Սենո Մայիլյանի։
Պատմական Այրարատ աշխարհի պատմական Նիգ գավառի պատմական Քասախ ավանի կենտրոնից բխել է «40 աղբյուր» կոչված սառնորակ գետը։ Նույն գետի ակունքների մոտ կառուցված Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցուց 1700 տարիներ շարունակ հորդել է Սուրբ Հոգու կենարար ջուրը՝ ոռոգելով Տիրոջ անդաստանները Ավետարանի կենարար լույսով։
Տաճարի ճարտարապետություն
Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին գլխավոր կենտրոնական կառույցն է ճարտարապետական մի համալիրի, որից պահպանվել են 5-րդ դարում կառուցված եկեղեցու հիմնապատերը, ինչպես և 2 եկեղեցիների միջանկյալ տարածքում կառուցված սրահի։
Պեղումներից հայտնաբերված ճարտարապետական բեկորները վկայում են համալիրում այլ բնույթի շինությունների երբեմնի առկայությունը, որոնցից, ցավոք, ոչ մի հետք չի պահպանվել։ Համալիրը զարդարել են նաև վաղ քրիստոնեական շրջանին բնորոշ քառակող հուշասյուներ և արխաիկ խաչքարեր, որոնցից մեկը գտնվեց և վերատեղադրվեց բարեկարգման աշխատանքների ավարտական փուլում։
Տաճարի հորիզոնական առանցքի շուրջ զարգացող ծավալատարածական հորինվածքը, որ արևելքում ավարտվում է խորանի աբսիդով, եռավան բազիլիկ է, սակայն խիստ տարբեր նախորդ շրջանից հայտնի նույնատիպ շինություններից։ Քասախի բազիլիկ տաճարը իր էքստերիերի ճարտարապետությունում զուսպ է և առնական։ Հիմնական արտահայտչամիջոցը այստեղ պատերի լոկալ հարթության և բացվածքների ու առաջ եկած պորտալների համաչափական համակարգն է և լուսարվեստային խաղը։
Ողջ ճարտարապետական մտածողությունը ի սպաս է դրված աղոթքի և փառաբանության հարիր տարածության կազմակերպմանը, որը և Քասախի բազիլիկ տաճարի ճարտարապետության մեծագույն գեղագիտական արժեքն է հանդիսանում։ Այս մտածողությանը ձգտել է հարազատ մնալ վերականգնող ճարտարապետը՝ նորաստեղծ տարրերի (բեմը, սուրբ Սեղանը, Մկրտության Ավազանը) մշակման մեջ՝ ենթարկելով դրանք տաճարի գեղագիտական արտահայտչականությանը։
Ուենալով փաստացի նյութ կառույցի կղմինդրածածկ լինելու վերաբերյալ՝ տաճարը կրկին ծածկվեց կղմինդրով, որի ձևը կրկնում են 5-րդ դարից պահպանված կղմինդրի ձևերը։ Այս ամենով հանդերձ, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին Քասախի (բազիլիկ տաճարը) ոչ միայն վաղ քրիստոնեական շրջանի առաջնեկն է, այլև բարձրարժեք ճարտարապետական մի հորինվածք է՝ քարեղեն մարմնացումը Ավետարանի լույսի, սիրո ու ճշմարտության՝ զուսպ, առնական, միաժամանակ ջերմ ու մարդամոտ։ Այն իրավամբ հայ քրիստոնեական ճարտարապետության եզակի գոհարներից է և բարձրարվեստ մի հուշարձան միանավ բազիլիկների շարքում։
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
https://hy.m.wikipedia.org/…/%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2…

    Комментарии

    Популярные сообщения из этого блога