Հովհաննես Թումանյանն ու Զորավար Անդրանիկը

Հայ ժողովրդի երկու տարբեր եւ շատ նման որդիներ։
Մեկն իր ժողովրդին ծառայում էր իր սրով ու խիզախությամբ, հայտնի էր որպես հայդուկային ազատագրական պայքարի ղեկավար, մյուսը իր խոսքի ուժով, իր ահեղ գրչով։ Երկուսն էլ նույն առաքելությունն էին կատարում՝ փրկում էին իրենց անպաշտպան ժողովրդին ստրկացումից ու բռնությունից։ Երկուսն էլ սիրված էին ժողովրդից, որը գնում էր նրանց հետեւից եւ նրանց հետ կապում իր փրկությունը։
Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1904թ. դեկտեմբերին Թիֆլիսում, Հովհաննես Թումանյանի հյուրընկալ օջախում՝ Սեւքարեցի Սաքոյի միջոցով։ Առաջին իսկ հանդիպումից նրանք սիրեցին ու հասկացան իրար, եւ մինչեւ իրենց կյանքի վերջը պահպանեցին այդ սերը։ Նրանք լրացնում էին իրար, հաճախ քննարկելով հայ ժողովրդի կյանքի ճակատագրական հարցերը։
Հովհաննես Թումանյանի հետ իր առաջին հանդիպման մասին Անդրանիկը 1904 թվականին գրել է. «Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք։ Մեկ նայվածք մը բավ էր հասկանալու եւ ճանաչելու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը։ Մագնիսական ուժ մը քաշած, կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու ու հարգելու»։
«Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջեւ»,–հիշում է Նվարդ Թումանյանը։
Անդրանիկը գիտեր եւ սիրում էր ստիպել արտասանել իր սիրած բանաստեղծի գործերը, անգիր գիտեր «Սասունցի Դավիթը», «Անուշը», «Մի կաթիլ մեղրը», ծիծաղում էր՝ կարդալով «Քաջ Նազարը», իսկ «Շունն ու կատուն» համարում էր ամենից լավ բանաստեղծությունը, առանց որի դժվար է պատկերացնել մանկական գրականությունը։ Գիտեր ժողովրդական շատ առակներ, առածներ, հեքիաթներ։
«Անդրանիկը հետաքրքիր զրույց անող էր եւ լավ պատմող,–գրում է Նվարդ Թումանյանը։–Հայրիկը շատ բարձր էր գնահատում նրա այդ ձիրքը, սիրում էր նրան լսել, հետը զրույց անել»։
Անդրանիկի պատմածները հաճախ նյութ էին դառնում Թումանյանի գրվածքների համար։ Մի անգամ Անդրանիկը պատմեց մրջյունի ու մոծակի առակի Սասունի տարբերակը։ Թումանյանն այն գրի առավ, մշակեց ու վերնագրեց «Մոծակն ու մրջյունը» եւ տպագրեց «Գործ» ամսագրում։
Թումանյանին դուր էր գալիս եւ այն, որ Անդրանիկը լավ էր ճանաչում Հայաստանը, շատ էր ճանապարհորդում թե՛ ոտքով, թե՛ ձիով։ «Ափիս նման գիտեմ մեր երկիրը»,–ասում էր Անդրանիկը։
Ըստ Թումանյանի դուստրերի՝ Աշխենի եւ Սեդայի հիշողությունների, Անդրանիկին հաճախ էին խնդրում դրվագներ պատմել թուրք զավթիչների դեմ մղած մարտերից։ Սովորաբար բոլորը տեղավորվում էին Թումանյանի վերնահարկում (Անդրանիկը սուրճ էր խնդրում պարտադիր մեծ գավաթով) եւ խանդավառված ու գրավիչ սկսում էր իր պատմությունը։ Այդ հանդիպումների մասին Թումանյանի տանը միշտ սիրով ու ջերմությամբ էին հիշում։ Մի հանդիպման ժամանակ Անդրանիկը պատմեց, թե ինչպես զինված թուրքերը շրջապատել էին իրեն։ «Թուրս քաշեցի» եւ ամենահետաքրքիր տեղում ընդհատում է պատմությունը։ Թումանյանը, որ կլանված լսում էր, չի համբերում. «Խփի՛ր, խփի՛ր»։ Այսպես Անդրանիկը բոլորին դարձնում էր մասնակից իր պատմություններին։
«Հաճախ մինչեւ ուշ գիշեր նստած զրույց էին անում, շատ հարցերում նրանց տեսակետները համընկնում էին։ Շատ անգամ երգում էին, իսկ հունվարի 14—ին, 1917թ., Թումանյանի անվանակոչության օրը, միասին քոչարի են պարել»,— հիշում է Պահարեն (հայտնի դերասան Հայկ Պետրոսյանը)։
Հովհաննես Թումանյանի 50-ամյակին հրավիրված էր նաև Զորավար Անդրանիկը: Վերջինիս կենացի ժամանակ սեղանի շուրջը Թումանյանն առաջարկեց խմել Անդրանիկի կենացը։ Այդ երեկոյի մասին հիշում է Վահան Թոթովենցը՝ Անդրանիկի թիկնապահը։
«Սրանից 20 տարի առաջ հայ ժողովուրդի կյանքում կար երկու նշանավոր բան,–ասաց Թումանյանը,– ,Խրիմյան Հայրիկը ,եւ իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՝ իմ «Շունն ու կատուն» եւ Անդրանիկը»։
Այդ լսելով՝ Անդրանիկը ծիծաղեց եւ պատասխանեց Թումանյանին. «Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը»։ Բոլորը ծիծաղեցին։
Տատիկը պատմում էր, որ 1904թ. դեկտեմբերին Թումանյանները սպասում էին իններորդ երեխային։ Անդրանիկը խնդրեց, որ եթե աղջիկ ծնվի, անունը դնեն Հայկանուշ (իր քրոջ անունը), եթե տղա՝ Հայկ։ Թումանյանը չմերժեց Անդրանիկին, եւ իններորդ զավակի անունը դրեցին Հայկանուշ եւ Սեդա, այդպես է ծննդյան վկայականում, որը մեզ մոտ է գտնվում։
Թումանյանը եւ Անդրանիկը հավասար չափով սիրում ու հարգում էին օտար ժողովուրդների պատմությունն ու մշակույթը՝ լիներ դա քուրդ, վրացի, թե բուլղար ժողովուրդ։
Թումանյանը հասկանում էր, որ հայ ժողովրդի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ նա պետք է կապ ունենա բոլոր ժողովուրդների հետ, դա անհրաժեշտ է հայ ժողովրդին։ Այդպես էր մտածում եւ Անդրանիկը. «Երբ իրիկունը գլխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեցեք ձեր ազգի մասին։ Այնուհետեւ մտածեցեք ձեր հարեւանի մասին, հայ լինի նա, թուրք լինի, ռուս լինի, ով կուզե լինի, եւ բարի մտածեցեք»։

«Այնպիսի մարդիկ, ինչպիսին Անդրանիկն է,–գրել է Թումանյանը,–ժողովրդի մեջ վստահություն եւ ուժ են ներշնչում, այդպիսի պաշտպաններ պետք են ամեն մի ժողովրդի։ Նրանք ցավում են ժողովրդի բարօրության եւ գոյության համար»։
Անդրանիկն էլ հիշում էր, թե ինչպես 1915 թվականի հուլիսի 18—ին՝ մեծ գաղթի ժամանակ, Թումանյանն իր դստեր՝ Նվարդի հետ եկավ Էջմիածին, որպեսզի օգնեն փախստականներին, սովյալներին։
Իր հուշերի մեջ Անդրանիկը գրում էր 1915թ. կոտորածի մասին, Թումանյանի մասին, որ նա կարող էր շատ հանգիստ կյանք ունենալ եւ «կեղծ բառերով ու փուչ արցունքներով… հայրենիքի վիշտը երգել թուղթի վրա, կրնար ամառանոցներու ու հանքային ջուրերու հեշտանքը վայելել։ Կրնար հարստանար ու փառքերու տիրանար, բայց նա,–շարունակում է Անդրանիկը,–այս բոլորը արհամարհեց իր ցեղին բեկորներու համար ու տքնեցավ անոնց ցավն ու վիշտը բաժանելով»։
Թումանյանը եւ Անդրանիկը շատ անգամներ են հանդիպել, խոսել հայ ժողովրդի ճակատագրի, հայ մարդու բախտի մասին, ամեն մեկն իր ուժերի կարողությամբ օգնել եւ ծառայել է իր հայրենիքին 1917 թվականի գարնանը Ա

Комментарии

Популярные сообщения из этого блога