ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Լենինյան հեղաշրջումից հետո ռուսները հեռացան Արևմտյան Հայաստանից ու Այսրկովկասից և ճակատի պաշտպանության գործը բաժին հասավ հայկական ուժերին, որոնք թեև նոր էին կազմավորվում, բայց ռուսների թողած զենքի, զինամթերքի ու սննդամթերքի պահեստներն ահռելի առավելություն էին տալիս պարտված թուրքերի նկատմամբ: 1918 թ. փետրվարին, նախքան թուրքերի վախվորած առաջխաղացումը, Կարինում կատարյալ քաոս էր տիրում: Կային անհամար իշխանություններ, զինված խմբեր ու «հրամանատարներ», որոնցից էր Տիգրան Աղամալյանը՝ Հայ զինվորական միության նախագահը, որն իր հրամանատարության տակ ուներ 4.600 զինվոր և վերահսկում էր զինվորական պահեստները:

Աղամալյանն իր օգնականների հետ զբաղված էր պահեստներում ամբարված զենք-զինամթերքի ու սննդամթերքի թալանով: Ընդ որում դրանք կառքերով տանում ու վաճառում էին ոչ միայն Թիֆլիսի շուկաներում, այլեւ Կարնո պարիսպներից ոչ հեռու գտնվող թուրքերին: Էրզրումում շատերն էին խոսում, որ 75 արկղ մոսին հրացան՝ վաթսուն հազար փամփուշտներով, Աղամալյանի մարդիկ բացահայտ ծախել են օսմանցուն: Ամիրխանյան ազգանունով մեկը վկայում էր, որ անձամբ է լսել Կարինը 20.000 օսմանյան ոսկու դիմաց Վեհիբ փաշային հանձնելու Աղամալյանի պայմանավորվածության մասին։ Գեներալ Օդիշելիձեի հետ համագործակցելով և ռուսների թողած պահեստները թալանելով` նա մեծ հարստություն էր դիզել: Միայն Կարնո պահեստներից հայատյաց գեներալին բաժին էր հասել հինգ միլիոն ռուբլի: Ի դեպ, այս Օդիշելիձեն թրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշայի աներձագն էր:

Երբ զորավար Անդրանիկն եկավ Կարին՝ փորձեց իր ձեռքում կենտրոնացնել ամբողջ իշխանությունը, բայց Հակոբ Զավրիևն ու զինվորական կոմիսար հորջորջված Տիգրան Աղամալյանն արգելք հանդիսացան նրա գործողություններին: Անդրանիկը բացահայտեց մեծ լրտեսական ցանց, որը հեռախոսային կապ էր հաստատել թուրք հրամանատարության հետ, և հրամայեց կտրտել բոլոր հեռախոսային գծերը: Տիգրան Աղամալյանին հաջողվեց Վեհիբ փաշայի գործակալ բաքվեցի Սեյիդովին փախցնել Թիֆլիս: Շուտով, իր հետ վերցնելով այն ժամանակվա համար մի մեծ գումար՝ հարյուր հազար ռուբլի (հիսուն հազար դոլար) «ազգային կարիքների համար», Աղամալյանը նույնպես բռնեց Թիֆլիսի ճամփան: Տեղ հասնելուն պես նա հայտարարեց, որ ճանապարհին կառքից փողն ընկել ու կորել է: Շուտով կորան նաև նրա հետքերը...

ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
Տեսարան Կարինից (Էրզրում), 1898 թ.

Комментарии

Популярные сообщения из этого блога