Ճանաչենք մեր երկրի ամեն մի մասնիկ🇦🇲
Սպիտակավոր (Սբ. Աստվածածին) եկեղեցու բակում է թաղված Գարեգին Նժդեհը:💗🙏🏻

Սպիտակավոր Եկեղեցի
Սպիտակավոր վանքը (1318- 1321) ներառում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, գավիթը և զանգակատունը:

Սպիտակ սրբատաշ ֆելզիտ քարով է կառուցված վանքը, ինչի համար էլ ստացել է Սպիտակավոր անունը: Հիշատակվում է նաև Ծաղկավանք անունով: Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի աշխարհիկ և հոգևոր թեմաներով պատկերաքանդակներ: Մուտքի ճակատակալ քարին քանդակված է Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին:

Ըստ պատերին պահպանված արձանագրությունների` համալիրի միակ Սբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Էաչի Պռոշյան իշխանը, որի մահվանից հետո (1318 թ.) շինարարությունն ավարտել է նրա որդին` Ամիր Հասան Երկրորդը` 1321 թ.։ Ամիր Հասանի քանդակն այժմ Էրմիտաժում է պահվում: Այս քանդակները համարվում են հայկական միջնադարյան քանդակագործական արվեստի լավագույներից: Վանքի գավիթը կառուցվել է 1321-1330 թվականներին, իսկ եռահարկ զանգակատունը՝ 1330-ին: Սպիտակավորի շրջակայքում պահպանվել են ուշ շրջանի պարսպապատերի, վանական խցերի և գերեզմանոցի մնացորդներ :

Սպիտակավոր Սբ Աստվածածինը Վայոց ձորի կարևոր մշակութային, կրթական և հոգևոր կենտրոններից է եղել` պատմության ընթացքում դիմակայելով 15-րդ դ. թուրքմենական Կարա-Կոյունլու և Ակ-Կոյունլու ցեղերի ասպատակություններին, որոնք, մոնղոլական տիրապետության անկումից հետո, թալանում ու ավերում էին շրջանը։ Գլաձորի համալսարանի գործունեության դադարելուց հետո (1340-ական թթ.) Սպիտակավորը դառնում է Պռոշյանների կրթամշակութային կենտրոնը:
Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքն ունեցել է գրչության կենտրոն, որը ծաղկում է ապրել XV դարում՝ մատենագիր Ավագտերի վանահայրության տարիներին, ով ստեղծել է հայ գրչության իր դպրոցը:Վանահայր վարդապետ Ավագտերի օրոք. մեզ են հասել վերջինիս կողմից ընդօրինակված ձեռագրերից /15-րդ դ. 2-րդ կես/։
1482-ին ընդօրինակած Ավետարանի հիշատակարանում գրիչ Աբրահամը նշել է, որ ինքը գրչության արվեստը, կազմարարությունը, ձեռագրերը ոսկով զարդարելու մասնագիտությունը սովորել է Ավագտերից: Միջինասիական զորապետ, ամիրա Լենկթեմուրի արշավանքների ժամանակ վանքը թալանվել է, գավիթն՝ ավերվել, քանդվել են պարսպապատերը և այրվել տնտեսական նշանակության կառույցները,դրանցից ոչ մեկը երբևէ չի վերակառուցվել /թեև վանքը գործել է մինչև 1604 թ. Շահ-Աբբասի կողմից հայերի բռնագաղթը/։
Եկեղեցին ամբողջությամբ վերականգնվել է 2007-2009 թվականներին:

Վանական համալիրի մոտակա բարձունքի գագաթին պահպանվել են Բոլորաբերդ (Պռոշաբերդ) ամրոցի ավերակները։ Տարածքում պահպանվել են հավանաբար նախաքրիստոնեական սրբավայրի տեղում կառուցված փոքրաչափ բազիլիկի հետքեր։

1987 թվականին Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում են ամփոփվել հայ ականավոր զորավար, գաղափարախոս և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նժդեհը փորձում էր խորհրդային և թուրքական ուժերից ազատագրել Հայաստանը: Սակայն նա ձերբակալվում է Մոսկվայում և հայտարարվում դավաճան։ Գարեգին Նժդեհը վախճանվել է խորհրդային բանտում։ Նրա աճյունը գաղտնի են տեղափոխվել Հայաստան և ամփոփել են վանքի բակում։

Комментарии

Популярные сообщения из этого блога