1.Մանր գծիկներով հյուսածո խաչի և քառանկյունի շրջանակի մոտիվը կազմերի զարդարման հնագույն մոտիվներն են, որոնք սկիզբ են առնում 10֊11_րդ դդ.,հետագայում կրկնվում են տարբեր վարիանտներով, մինչև ուշ միջնադար։
Բ. Առաքելյան
2.14-րդ դարում Սյունիքում անվանի կազմարար էր համարվում Մարգարե
վարդապետը («որ կազմող էր գրոց»). 1332 թ. 45 օրվա ընթացքում նա կազմեց Գլաձորում ընդօրինակված մի շքեղ Աստվածաշունչ: Ձեռագրերի հիշատակարանները պահպանել են տասնյակ նշանավոր կազմարարների անունները։
Կազմարար կոչվել են գիրքը կարող, կապող և սովորաբար կաշվով կազմող
վարպետները, իսկ ոսկե և արծաթե կազմերը առանձին պատրաստվում էին
ոսկերիչների կողմից և հանձնվում կազմարարին, որոնք մետաղի զարդարուն
տուփը ամրացնում էին գրքի վրա, թեև պարզ երևում է, որ ոսկերիչ-կազմարներ ևս կային:
Կազմի հիմնական նյութը կաշին էր: Միջնադարյան Հայաստանում գրքի
կազմի համար արտադրվում էր հատուկ, լավ դաբաղած բարձրորակ կաշի, որը
բավականաչափ հաստ էր սովորական երեսացուից, բայց միանգամայն ողորկ
էր և սովորաբար ներկված էր լինում շագանակագույն, բաց շագանակագույն,
կարմրին տվող շագանակագույն, սակավ հանդիպում են նաև կարմիր և նռան
գույնի կազմեր:
Կազմարարները, որոնք ձեռագրերում հայտնի էին մեծ մասամբ կազմող
անունով, նախ պետք է ամուր թելերով կարեին և իրար միացնեին գրքի քառածալ, ավելի հաճախ վեցածալ կամ ութածալ պրակները: Գիրքը կարել, կպցնելը կազմարարության մեջ շատ կարևոր աշխատանք էր, այդ է պատճառը, որ
կազմողները իրենց անվանում էին նաև գրակապ, օր. Գրիգոր Գրակապ, Սիմեոն
գրակապ: Կապված գրքի յուրաքանչյուր պրակի կարի թելերը փաթաթվում
կամ հյուսվում էին գրքի մեջքի վրա հարմարեցված հաստ թելե կապերի հետ,
որոնք անցկացվելով կազմի տախտակի մեջ արվող անցքերով՝ ամուր կապվում
էին նրա հետ, իսկ կարի թելերի երկու ծայրերը հյուսվում էին գրքի մեջքի
երկու եզրերին դրված հաստ թելերի հետ, ապա նրանց ազատ մնացած ծայրերը
խրձիկով միացվում էին կազմի եզերքների մոտ, այնքան ամուր, որ միջին
մեծության գրքերի կազմերը երկար դարերի ընթացքում չեն պոկվել գրքից:
Մատենադարանի ձեռագրերի վրա մեր կատարած դիտողություններից երևում
է, որ առավելապես մեծ ու ծանր գրքերի կազմերի մեծ մասն է պոկվել և վերանորոգվել կամ բոլորովին փոխվել, մյուսները շատ դեպքերում պահպանվել
են մինչև այսօր անփոփոխ։
Կազմի կաշին թրջվում և քաշվում էր հատկապես կազմերի համար պատ -
րաստված հատուկ տախտակի վրա, որն ունենում էր 3—4 մմ (խոշոր կազմերի
վրա մինչև 5 —6 մմ ) հաստություն: Տախտակի վրա արվում էին անցքեր,
որոնց միջից անցկացնելով ամրացնում էին պրակները իրար հետ կապող հաստ
թելերը: Ներսից տախտակը պատում էին զանազան գործվածքներով, որոնք
կպցվում էին սոսինձով։ Ամենից ավելի գործածվել են կտավե գործվածքներ,
ապա մետաքսը և բամբակը։ Գրքի էջերը կազմի հետ շփվելուց և գործածության
ժամանակ վնասվելուց պաշտպանելու համար կազմի տակ, գրքի սկզբից և
վերջից, սովորաբար, դրվում էր հին մագաղաթյա ձեռագրերից վերցրած մեկական կամ երկուական թերթ պահպանակ։
Բ. Առաքելյան
Կազմերի զարդարման արվեստը միջնադարյան Հայաստանում
Комментарии
Отправить комментарий