- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Աշխարհը բեմ է, մարդիկ՝դերասան...
Բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները: Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․
Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․
Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:
Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:
Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:
Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողովուրդն այդպես է կամենում․․․
«Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»
Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում․․․
Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով,
անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:
― Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։
Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից։
Հովհաննես Թումանյան
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Комментарии
Отправить комментарий