Պ.ՍԵՎԱԿ-ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ՂՈՂԱՆՋ ՄԹԱԳՆՈՒՄԻ Ա՜խ, եթե դա էր... Գթառատ Տերը Թո՛ղ որ ազատի իր ազատելուց... -Համայն աշխարհում Այդ քանի՞ երկիր Արարատ ունի,- Ո՛վ էլ որ չասի՝ Աստվածաշունչը իր մագաղաթե դեմքը դեմ կանի Ու կասի՝ կարդա՛: Այդ քանի՞ երկիր Արարատ ունի: Իսկ Արարա՜տը... Է՜հ, անունը կա - ամանում չկա... Վարդապետ թշվա՜ռ, բայց և բախտավո՛ր. Քո մտքով անցա՞վ, որ Մասիսն, այո՛, Մեր նոր ու վերջին ոստանի առաջ, Մեր հարենաքաղց աչքերի հանդեպ, Կարծես թե դիտմամբ ու միտումնորեն Մեզ անխղճաբար պիտի գրգռի՜, Մեր փակված վերքը նորից-նոր բանա, Մագնիսի նման անվերջ ձգելով՝ Գեթ մոտիկանալ թույլ չտա բնավ... -Դե ե՜կ, Վարդապե՛տ, Ու մի՛ խենթանա... Ի՞նչ կա ավելի ծանր ու խղճալի, Քան թե կսկիծը որդեկորույս մոր: Իսկ եթե դա էլ քիչ են համարո՞ւմ Եվ սպանվածի դիակը, դիտմա՛մբ, Տնկում են թշվառ մոր աչքի առջև՝ Ո՛չ թե մի շաբաթ, Այլ ձի՜գ տարիներ... -Դե՜, եթե մայր ես, եկ մի՛ ցնորվիր... Արարատն - այսպե՛ս - դրել են ահա Երևանի դեմ... ...