ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ Ազատամարտի ՓՐԿԻՉ ԴՐՈՇԸ
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Մուսա լեռան Ազատամարտի Փրկիչ դրոշը: 1915թ. Մուսա լեռան 40-օրյա հերոսամարտի վճռական օրերին, հույս ունենալով ստանալ դաշնակիցների օգնությունը ծովից՝ լեռան ծովահայաց կողմում հայերը բարձրացրել էին սավաններից պատրաստված 2 մեծ դրոշներ: Մեկը՝ ասեղնագործված կարմիր խաչով, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են» անգլերեն գրությամբ: Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար նրանց շուրջը գիշերները մշտապես վառվել են խարույկներ: Մարտանավ նկատելու դեպքում՝ Մովսես Գրքյանի ծովափին հերթապահող ժամապահ-լողորդների խումբը պետք է արագ լողալով նավ հասցներ թիթեղյա տուփի մեջ կաղապարված և անգլերեն գրված օգնության հասնելու դիմումը: Սակայն երկար ժամանակ հորիզոնում ռազմանավ չի հայտնվում, իսկ թուրքերը պարբերաբար դիմում են հայերին՝ անձնատուր լինելու վերջնագրերով:
Վերջապես սեպտեմբերի 5-ի առավոտյան երևաց ֆրանսիական «Գիշեն» հածանավը, որից նկատել էին կարմիր խաչով դրոշը: Նավից մակույկ ուղարկվեց ափ, որը վերցրեց 5 հայ ժամապահներին (նկարում՝ Մովսես Գրքյանը աջից): Տեղեկանալով իրավիճակին՝ հածանավից հրետակոծվեցին թուրքական դիրքերը: Ֆրանսիացիները հեռացան՝ հայերին օգնություն հասցնելու խոստումով: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարը հայերից պահանջում է անձնատուր լինել, իսկ չենթարկվելու դեպքում սպառնում անցնել հարձակման և ոչ մեկի չխնայել: Սկսվում է նոր, արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցնում են հակահարձակման և ջախջախիչ հարված հասցնում թուրքական առաջապահ դիրքերին, որից հետո թուրքական զինվորները խուճապահար նահանջել են:
Սեպտեմբերի 10-ին 2 ֆրանսիական մարտանավեր կրկին մոտենում ու սկսում են գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվում է, որ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է նրանց տեղափոխել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13–15-ը հերոս պաշտպանները (4058 մարդ) փոխադրվում են ֆրանսիական և անգլիական նավեր ու շարժվում դեպի Պորտ Սաիդ՝ իրենց հետ տանելով նաև Ազատամարտի Փրկիչ դրոշը: Նկարներում՝ Մուսա լեռան հերոսամարտի դրոշը Պորտ Սաիդում (1915թ. սեպտեմբեր) և նույն դրոշը արդեն մեր օրերում՝ Այնճարի (Լիբանան) ազգագրական թանգարանում:
+Նյութը---Ռուբեն Շուխյանի բլոգ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...