ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ «Երգ կռունկի մասին»
```````````````````````````````````````````````````````````
ԵՐԳ ԿՌՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ
Կռո՛ւնկ, Հայոց մոխիրը կար քո թեւերին,
Երբ չըւեցիր.
Թրջուա՜ծ էր քո աչքը Հայոց արցունքներից,
Երբ չըւեցիր.
Ասիր. “Չե՜մ գայ էլ Հայաստան. մա՛հ է այնտեղ,
Եղեռն, աւա՜ր…”
Մեր երկրի պէս աւեր բոյնդ անտէր թողիր
Ու չըւեցիր:
Ո՜ւր չըւեցիր` Հայոց վշտի անծայր բանտից
Դու դուրս չեկար.
Ամէն ջրում, ամէն հողում` վտարանդի
Հայի տեսար.
Ականջ դրիր մէկի հարցին, մէկին թողիր
Անպատասխան
Եւ աշխարհում, ինչպէս նրանք, քո բնի պէս
Բոյն չտեսար:
Ո՜ւր գնացիր` մոխիր դարձաւ բոյնդ նորից,
Թռար եկար.
Հազար հրի միջով անցար, հազար սրից
Փրկուած եկար.
Ասիր. “Թէ մահ կայ աշխարհում, լաւ է մեռնեմ
Իմ հին բնում…”
Աչքըդ յառած Արարատի սէգ կատարին`
Թռար, եկար:
Եկար, տեսար անապատում` նոր ջրանցքի
Հուն է բացուել,
Վարդ է բացուել քարի վրայ, քարը կրկին
Տուն է դարձել
Եւ նախանձից Մասիսն անգամ թեքուել է, որ
Արազն անցնէ,
Ծուխ է ելնում ամէն տնից. հաւքն իր նախկին
Բոյնն է դարձել:
Եկար մեզ մօտ, քո թեւերին պանդուխտների
Վի՜շտը բերիր.
Նրանց կարօտն հայրենիքի ու դարերի
Ի՜ղձը բերիր.
Եկար, նորոգ բոյնըդ գտար ու չըւում ես
Ափերն օտար,
Որ ազատե՜ս Սեւ զուլումից ու ձուլումից
Քո ձագերին:
Գնա՜ , կռո՜ւնկ, Հայոց արտից ծի՜լ տար կանաչ`
Պանդուխտների՛ն,
Մի նշխար ձի՜ւն` Արարատից, ջո՜ւր Սեւանայ`
Պանդուխտներին.
Ականջիդ մէջ` մեր երգն ուրախ, աչքերիդ մէջ`
Մեր լոյսը նոր`
Մի բուռ հող տար` մահից փրկող սուրբ մանանայ`
Պանդուխտներին:
Գնա՜, շրջիր երկրէ երկիր ու ե՛տ դարձիր,
Բարո՜վ դառնաս.
Կանչիր բոլոր պանդուխտներին ու ե՛տ դարձիր,
Բարով դառնաս.
Դարձիր այնպէ՛ս, որ ոչ մի տեղ, ոչ մի պանդուխտ
Քեզ չսպասի,
“Կռունկ, ուստի՞ կու գաս” չասի՛ ու չլացի՛…
Բարո՛վ դառնաս:
«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...
Եկեղեցին Հայկական Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս, Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորհուրդ, մութ ու լոյս, Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն, Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ’է ծըփուն… Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ, Ու կը շնչեմ, կը լսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ, Իր սեղանէն մխացող, գուլայ – գուլայ խունկերով, Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով… Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին Իմ պապերուս` որ հողէն զայն քար առ ար հանեցին Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ… Եկեղեցին Հայկական մեծ վարագոյր մ’ը բանուած, Որուն ետեւ, սըկիհին մէջ, կ’իջնէ ի՛նքը Աստուած, Որուն առջեւ՝ գլխահարկ կու գայ իմ ազգըս ամբողջ Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ: Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ Նաւահանգիստ մ’է խաղաղ, ցուրտ գիշերին՝ հուր ու բոց, Ու տռփակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ՝ Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ: Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի Դէպի երկինք բարձրացող գաղտ...
Комментарии
Отправить комментарий