Այո', բառերը հոգի ունեն
Ու ճամփորդում են ուղիղ
Դեպի մի ուրիշ հոգի: 
Ունեն երաժշտություն, 
Որ առանց դիպչելու
Կարող է շոյել, 
Եվ ունեն նաև
Այնպիսի քաղցրություն, 
Որ խառնվում է արյանդ քայլերին:
Բառով կարելի է հարբել, 
Կորսվել, գտնվել, 
Աշխարհը շուռ տալ, 
Անմահություն հիմնել:
Բայց շատ ափսոս, 
Որ նա կարող է նույնպես
Դանակի սրությամբ
Վերք բանալ քո մեջ, 
Միկրոբ լինել
Ու քեզ թունավորել
Կամ փամփուշտի պես
Արագ քեզ սպանել:
Այո', բառերը հոգի ունեն.
Մութ են սրսկում ժամերիդ
Կամ ստեղծում են սեր, 
Խաղաղություն և կյանք: 
Բայց չեմ հասկանում, 
Թե ինչու է ամեն ինչ, 
Որ ծնունդ է առնում, 
Մահանում է անպայման, 
Իսկ բառը, երբ լույս տեսնի, 
Մնում է ամրացած` 
Իբրև խորքերի հավերժ բնակիչ:
Ալիսա Կիրակոսյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...