Օգնի~ր ինձ, Մարիա'մ 
Բարեխոս եղիր իմ և իմ միջև 
Օգնի~ր ինձ, Մարիա'մ, 
Անաղարտ մնամ 
Այն ճահճանման աղտ-աղարտի մեջ, 
Որ դժգոհություն բառով է կոչվում:
Դժգոհությունից ես շա~տ եմ դժգոհ:
Օգնի~ր ինձ Մարիա'մ,
Եվ ասեմ` ինչո'վ.
Բարեխոս եղիր ի'մ և ի~մ միջև,
Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ:
Ես խռովել եմ նաև աշխարհից.
Ե'կ ու վերստին հաշտեցրո~ւ դու մեզ,
Թե չէ ես այսպես ապրել չե~մ կարող:
Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին
Լիացա'ծ, ժպտո'ւն ու գո~հ աչքերով`
Հաղթելով և' քաղցը, և' պապակ փափագ:
Ուզում եմ ապրել անչար ու բարի`
Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես...
Մի բու թառել է իմ զույգ աչքերին.
Թռցրո'ւ նրան:
Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել.
Կորցրո'ւ այդ ձուն:
Ճանճեր են նստած ինձ վրա
Այնպե'ս,
Ինչպես քունջութը` կաթնահունց հացին:
Ճանճը քունջո'ւթ չէ.
Հացս չի~ ուտվում:
Ճանճով է լցված իմ նե~րսը նաև,
Ինչպես վարսանդը` խաշխաշի սերմով:
Խաշխաշ չե~մ ուզում.
Կակա'չ դարձրու:
Ասում են, իբր, կապույտի վրա
Չեն նստում ճանճեր:
Լսում ես Մարիա'մ,
Ինձ ներս ու դրսից կապո~ւյտ հագցրու...
Պ. Սևակ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...