Բակունցի խոսքը երգում է կոմիտասաբար և փայլում Սարյանի կտավների բոլոր գույներով

Այն, ինչ կարողացավ գրել Բակունցը գրականության մեջ ընդամենը տասը տարվա աշխատանքի ընթացքում, կազմում է հայ գրականության արձակի վառ էջը:

Գրականագետ Հ. Սալախյանի «Դասականներ և ժամանակակիցներ» գրքից Ակսել Բակունցի ծննդյան 60-ամյակի առիթով գրված «Ինչպես Կոմիտասի երգը, ինչպես Սարյանի գույները» հոդվածից մեկ հատված:

Ես հիշում եմ հիսունհինգ թվականին երևանյան ամառային երեկոներից մեկը: Մեր մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հյուրընկալ տանը, նրա ծննդյան ութսունամյակից քիչ առաջ, հավաքվել էին երիտասարդ երաժիշտներ, գրողներ, նկարիչներ, ճարտարապետներ:

Վարպետը հաճախ էր հանդիպում նրանց հետ, սիրում էր լսել նրանց բորբոքուն բանավեճերը, զարմանալի տակտով և հմտությամբ վարելով յուրաքանչյուր խոսակցություն` քաղաքականության, պատմության, գրականության, արվեստի վերաբերյալ: Խոսքը Կոմիտասի մասին էր, երբ հյուրասենյակ մտավ Մարտիրոս Սարյանը: Նկարիչը խաղաղ ձայնով ողջունեց ներկաներին, խնդրեց իր ավագ ընկերոջը չընդհատել զրույցը, մոլբերտի վրա դրեց շրջանակով կտավը և սկսեց աշխատել: Անցավ մի քիչ ժամանակ, և մենք երջանիկ ականատեսները եղանք Իսահակյանի նոր դիմանկարի ծննդյան:

Երբ «սենասը» վերջացավ, վարպետը իր մոտ հրավիրեց Մարտիրոս Սարյանին, նստեցրեց նրան իր կողքին և ասաց.

- Կոմիտասի երգերի և քո գույների մասին խոսում են ինչպես հրաշքի մասին, որն անհնարին է արտահայտել խոսքերով: Բայց մենք ունենք մի գրող, որի խոսքը երգում է կոմիտասաբար և փայլում քո կտավների բոլոր գույներով: Այդ Բակունցն է, մեր Ակսել Բակունցը:
Նյութը` Ք. Ա –ի

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...