Մի նկարի պատմություն ≈
Հ. Այվազովսկի «Նոյը իջնում է Արարատից» (1889)
կտավ, յուղաներկ 130×215 սմ
Այս նկարն ունի իր հետաքրքիր պատմությունը:
1960թ. հայտնի արվեստաբան Շահեն Խաչատրյանը Հանրային գրադարանի վերին սրահում (ուր մի ժամանակ Մատենադարանն էր) տեսնում է այս կտավը: Արվեստաբանը զարմանք է ապրում, երբ կտավի շրջանակի վրա նկատում է Հայաստանի Ազգային պատկերասրահի թիթեղյա անվանապիտակը: Բանակցելով գրադարանի տնօրինության հետ՝ նրան հաջողվում է նկարը բերել պատկերասրահ և հենց հայկական սրահում Այվազովսկու մի շարք այլ կտավների հետ ցուցադրվում է նաև «Նոյը»:
Տարիներ անց Շահեն Խաչատրյանը պարզում է, թե ինչպես է նկարի վրա հայտնվել պատկերասրահի անվանապիտակը: Պարզվում է, որ այս կտավն առաջին անգամ ցուցադրվել է 1890թ.՝ Այվազովսկու Փարիզյան անհատական ցուցահանդեսում: Թերթերից հայտնի է, որ Այվազովսկին, վերնիսաժին ներկա հայրենակիցներին մատնացույց անելով Արարատը, ասել է. «Ահա մեր Հայաստանը»…
Այնուհետև Այվազովսկին նկարը նվիրել է Դոնի Ռոստովի արական գիմնազիային, ուր կախվել է ուսոցչանոցում: Հեղափոխության թոհուբոհի տարիներին գիմնազիայի շենքն անցել է մերթ կարմիրներին, մերթ սպիտակներին, և մեծ ծովանկարչի նկարով ծածկել են տեղահան արված դռան բացվածքը: Հենց այստեղ էլ, շատ պատահական այս կտավը տեսնում է Մարտիրոս Սարյանը և թաքուն տանում: Նա այն ժամանակ թանգարանի համար հավաքելիս է լինում կերպարվեստի գործեր և ի թիվս այլ գործերի «Նոյը» բերում է Երևան:
Այնուհետև կտավը հայտնվում է Հանրային գրադարանում: Որտեղ էլ, հավանաբար կրոնական թեմատիկայի պատճառով, արգելվում է նկարի հանրային ցուցադրությունը և այն «մեկուսացնում են»:
Այս կտավը համարվում է Հովհաննես Այվազովսկու լավագույն աշխատանքներից մեկը և այժմ այն ցուցադրվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...