ԶԱՆԳԵՐ , ՂՈՂԱՆՋԵՔ....




Էդգար Հովհաննիսյան. ինչպես ծնվեց «Սարդարապատ» երգը
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար.
1968 թվականն էր, երբ նշվում էր Սարդարապատի ճակատամարտի 50-ամյակը, և արդեն համարյա ավարտվել էր դրան նվիրված հուշարձան-կոթողի կառուցումը, ինձ զանգահարեց Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ասաց, որ շատ է հավանում Երևան-Էրեբունի երգը և շատ է ուզում, որ Սարդարապատ հուշարձանի զանգերի մեղեդին ես գրեմ: Այդ երգով զբաղվում էր հատուկ հանձնաժողով: Հանձնաժողովը որոշեց, որ զանգերի մեղեդին պետք է լինի զեյթունցիների քայլերգը, որ, հավանաբար, ճիշտ էր, որովհետև ավանդական մեր պատմական երգերից է. նոր մեղեդին կարող էր գոնե սկզբնական շրջանում խորթ թվալ: Այդ միտքը՝ Սարդարապատին նվիրված երաժշտություն ստեղծելը, մտավ իմ մեջ՝ շնորհիվ Ռաֆայել Իսրայելյանի:
Քանի որ մի երգ Պարույր Սևակի հետ ես գրել էի՝ «Երևան-Էրեբունի», և Պարույր Սևակին շատ մոտ էին նման գաղափարները, ես նորից դիմեցի նրան: Պարույրը, որը առաջներում միշտ հակառակ էր այն բանին, որ սկզբում ստեղծվում է երաժշտությունը, ապա հետո նրա համար բանաստեղծությունը գրվում, ասաց.
_ Գիտե՞ս. «Երևան-Էրեբունի» երգի փորձը ցույց է տալիս, որ դա սխալ չէ, արի դու սկզբից երգի երաժշտությունը գրիր, ես հետո այդ չափերով բանաստեղծությունը կստեղծեմ:
Եվ այսպես, այդ երգը ստեղծվեց:
Պետք է ասեմ, որ բանաստեղծությունը՝ երգի տեքստը, ընդունեցի հիացմունքով: Իրոք, շատ լավն էր, շատ բարձր պոեզիա էր: Հավանաբար, ժողովածուների մեջ չի մտել, որովհետև Սևակն ունի ավելի խորը, ավելի բարձրարժեք ստեղծագործություններ. չգիտեմ, բայց իր բովանդակությամբ, իր բանաստեղծական բնույթով, իր աֆորիզմով, որ կա այդ կարճ տեքստի մեջ, շատ բարձր ստեղծագործություն է:
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար:
Այդ բանաստեղծության ամեն մի տողը ուղղակի գլուխգործոց է և մարգարիտ: Պարույր Սևակի հետ ընդամենը երկու երգ գրեցինք: Մտադիր էինք մեծ կտավի ստեղծագործության վրա աշխատել, սակայն կյանքը մեզ այլ բան հրամցրեց…
1988 թ.
(Կ. Թերզյանի «Բույլ մեծաց» գրքից)
Աղբյուրը՝ Լուսինե Զաքարյան

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար,
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:
Զանգեր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից:
Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:
Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:
Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք՝ դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը,
Որ մեր հոգու պարտքը տանք:
1968թ￿
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...