ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ
Արեւմտահայ ինքնապաշտպանական կռիվների խիստ ցանկալի, անհրաժեշտ, պատվաբեր ու բացառիկ զարդապսակըՎան-Վասպուրականի 1915թ. հերոսական ինքնապաշտպանությունն էր:
Դեպքերը Վանում կտրուկ կերպով սկսում են զարգանալ 1915թ. ապրիլի սկզբներից: Վանի նորանշանակ կուսակալ Ջեւդեթ բեյը հրամայում է քաղաքի հայկական թաղամասերը` Այգեստանն ու Քաղաքամեջը զորքերով շրջապատել եւ սպառնում է հաշվեհարդար տեսնել Վանի հայության հետ, եթե նրանք շարունակեն չենթարկվել ու չկատարեն իր բոլոր հրամանները:
Ապրիլի 4-ից խզվում է կապը Այգեստանի եւ Քաղաքամեջի միջեւ:
Ապրիլի 5-ից քաղաքի արվարձաններում բնակվող հայկական ընտանիքները տեղափոխվում են Այգեստան:
Ապրիլի 5-ին ստեղծվում է Վանի հայ ինքնապաշտպանության Զինվորական մարմին, որի ղեկավարն էր հայ ժողովրդի պանծալի զավակ, ռամկավար (նախկին արմենական) Արմենակ Եկարյանը, անդամներ էին Կայծակ Առաքելը (Աբաջյան Տիգրան), Բուլղարացի Գրիգորը (երկուսն էլ դաշնակցական), որոնց մի փոքր ուշ միացան Փանոս Թերլեմեզյանը եւ Արամ Մանուկյանը:
Վանի ինքնապաշտպանությունն իրականացվել է Արամ Մանուկյանի եւ Արմենակ Եկարյանի ընդհանուր ղեկավարությամբ: Նրանք եւ իրենց զինակիցները եղան ինքնապաշտպանության հիմնական կազմակերպիչներն ու ոգեշնչողները: Նրանց օժանդակել են բոլորըՙ առանց խտրականության եւ, որ ամենակարեւորն է, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից:
Եկարյանն արդեն կոփվել էր այս գործում, երբ սկսվեց Վանի հերոսամարտն ու պատահական չէ, որ նրան միաձայն Զինվորական մարմնի ղեկավար կարգեցին:
Վանի հերոսամարտը տեւում է ապրիլի 6-ից մինչեւ մայիսի 3-ը, երբ Ջեւդեթը դիմեց փախուստի, եւ Վան մտան հայ կամավորականները:
1915 թ. Վանի ապրիլյան հերոսամարտը միակն էր արեւմտահայ ինքնապաշտպանական կռիվներից, որն իսկապես տվեց ցանկալի արդյունքը` իրական ոչնչացումից փրկվեց արեւմտահայ ժողովրդի 150 հազարից ավելի հատվածը:
Комментарии
Отправить комментарий