Քոչարն ու Կուրբեյի արժեքավոր կտավը 
Հետաքրքիր ճակատագիր ունի ֆրանսիացի հայտնի նկարիչ Գյուստավ Կուրբեի «Կանացի դիմանկար» կտավը, որի բացահայտումը կապված է հայտնի քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի հետ: 
1930թ. գտնվելով Փարիզում Քոչարը որոշում է գնալ Լուվրի թանգարան` մասնավորապես ուսումնասիրելու Վաղ Վերածննդի իտալացի նկարիչ Անդրեա Մանտենյայի «Խաչելություն» կտավը: 
Սեն Ժերմենի պուրակի մոտ ոչինչով աչքի չընկնող մի բուկինիստական խանութում այդ առավոտ գրքերը կապոցներով դուրս էին բերել ուղղակի մայթի վրա: Քոչարը խանութի մոտով անցնելիս նկատում է, որ բացի գրքերից այնտեղ կային նաև ինչ-որ հին գրասենյակային իրեր,հին շրջանակներ և նկարներ: Նրան գրավում է մի նկար: Անմիջապես մտնում է խանութ ու պարզում, որ խանութի տերը մահացել է, և աղջիկները վաճառում են խանութի իրերը:
Քոչարը վերցնում է նկարը, որն իրեն այդքան հմայել էր և սկսում է ուսումնասիրել: Նկարը շատ էր սևացած, ծածկված էր անպետք լաքի հաստ շերտով, նույնիսկ ստորագրությունն աննշմար էր… բայց դիմանկարի ճակատի ու քթի կառուցվածքից, աչքերի խոր ու հմայիչ արտահայտությունից ակնհայտ էր մեծ վարպետի ձեռքը…
Քոչարը գնում է այդ գործը և Լուվրի փոխարեն շտապում տուն: Որքան կարողանում է, մեծ զգուշությամբ մաքրում է նկարի վրայի կեղտը. աստիճանաբար երևում է սքանչելի վարպետությամբ արված կանացի դեմքը՝ ստորագրված… «Կուրբե»:
Առանց ժամանակ կորցնելու` գնում է իր մեծ բարեկամ, խոշորագույն քննադատ Վալդեմար Ժորժի տուն: Ցույց է տալիս նկարը և քննադատը հիացմունք է ապրում: Քոչարին անմիջապես ուղարկում է Շառլ Լեժեի մոտ, որը երկու խոշոր հատորներ էր գրել Կուրբեի մասին: Լեժեն, նույնիսկ նամակ-հանձնարարականը ընթերցելուց հետո, դժկամությամբ է համաձայնում ուսումնասիրել նկարը, որովհետև, ինչպես ինքը վերջում բացատրում է, շատ «կուրբեներ» են բերում, բայց բոլորն էլ` կեղծ: Քոչարը շատ է զարմանում, որ Լեժեն նկարի վրա թեթևակի նայելուց հետո, անմիջապես սկսում է զննել նկարը հակառակ կողմից: Քիչ հետո նա հայտարարում է, որ նկարը Գյուստավ Կուրբեի գործն է: Նկատելով Քոչարի զարմանքը` Լեժեն բացատրում է. «Կուրբեի նկարների կտավներն առանձնահատուկ են. նկարչի մայրը և քույրը հին սավաններից էին պատրաստում դրանք»: Քոչարի նկարը ճիշտ այդպիսի կտավի վրա էր նկարված: Հետո մի անգամ ևս ստուգում է ստորագրությունը, նկարի գրունտը, ֆակտուրան և այլն:
Տալիս է նաև գրավոր մասնագիտական եզրահանգում. «Նկարը Գյուստավ Կուրբեյի գործն է, որը, ամենայն հավանականությամբ, պատկերում է Ժորժ Սանդի ռոմաններից մեկի հերոսուհուն»:
Տարիներ անց Երվանդ Քոչարը այդ կտավը նվիրաբերում է Հայաստանի Ազգային պատկերասրահին: Այն այժմ ցուցադրվում է թանգարանի Արևմտաեվրոպական արվեստի բաժնում:
Աղբյուրը՝ «Ազատամարտ», Բեյրութ, 14.09.1964թ.


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...