Ես իմ անուշ Հայաստանի
«Դա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է»
«Ինչի՞ հետ համեմատես «Ես իմ անուշը…»
Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ վեպ՝ նույնպես… Որովհետև իրենց ծավալով ու մոնումենտալությամբ հանդերձ՝ դրանք կյանքը պատկերում են ինչ-որ մասշտաբներով:
«Ես իմ անուշը», ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաս- ՈՒրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է, մեր տառապանքների և փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, մեր դրամատիկ ճակատագրի և անմեռ մնալու ձգտման գեղարվեստական խտացումն է ու բյուրեղացումը: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաստված լինել»:
Մարտիրոս Սարյան
Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...