ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ. ավանդույթներ և ծեսեր
«Խնամախոսություն» — Հարսնացու սովորաբար ընտրում էին իրենց տարածաշրջանից կամ հարևան գյուղից: Այդ առումով արժե մեջբերել հին հայկական մի ասացվածք. «Ավելի լավ է աղջկան տալ տեղացի հովվին, քան օտար թագավորին»: Ըստ ավանդույթի`​ եթե որևէ ընտանիք ցանկանում էր ամուսնացնել իր տղային, նրանք իրենց ազգի մեծերի մամեների միջոցով լուր էին ուղարկում այդ ընտանիքին: Հաճախ, երբ աղջկա ընտանիքը մերժում էր, աղջկա տուն գնում էր գյուղապետը կամ քյոխվան: Սովորաբար խնամախոսությունն արվում էր հետևյալ խոսքերով. «Տանը լավ սերմ ունենք, ուզում ենք՝ ձեր տնից մի բուռ հող տանենք, ցանենք: «Լսել ենք, որ այստեղ մի կարմիր խնձոր կա: Կուզենք տանենք մեր տղային, որ հոտ քաշի: Թե հոժար եք՝ նստենք, թե չէ` մենք գնացինք»: « Եկել ենք՝ մեր հացի համար ձեր տնից աղ տանենք»: Աղջկա ծնողները, բնականաբար, սկզբում մերժում էին՝ բերելով բազում պատճառաբանություններ: Երբ խնամախոսները վերջնական համաձայնության էին գալիս հարսի ծնողների հետ, հայրերը հաց կամ լավաշ էին կիսում: Սկզբում ուտում էին հայրերը, ապա հացը կիսում էին նաև խնամախոսության մյուս մասնակիցներն ու հարսի տնեցիները:
Կար նաև այս ավանդույթը. խնամախոսության ժամանակ, եթե տղայի կողմը ջուր էր ուզում, և այն բերում էր աղջիկը, ապա նշանակում էր, որ համաձայն են:
«Խոսքկապը» համաձայնությունը ստանալուց հետո էր լինում:
«Նշանադրություն»: Այդ օրը փեսայի հարազատները նվագախմբով ու նվերներով, զարդարված սկուտեղներով կամ զամբյուղներով (խոնչաներով) գալիս են աղջկա տուն։ Հարսը հարդարվում է ընկերուհիների օգնությամբ՝ մի մեկուսացված սենյակում։ Նշանադրման հանդեսը սկսվում է, երբ քավորի կամ սեղանապետի առաջնորդությամբ հարսնացուին ընկերուհիները բերում և նստեցնում են փեսայի մոտ՝ ամենապատվավոր տեղում։ Թամադայի օրվա խորհուրդը ներկայացնող կենացներից հետո փեսացուն իր ձեռքով նշանի մատանին հագցնում է հարսնացուի մատին։ Նշանակվում է հարսանիքի օրը:
«Հալավօրհներքի» ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները:
«Բոյչափեքի» ծեսը: Հարսնացուի հարսանեկան շորերը , քողը, կարմիր ոտնամանները փեսացուի կողմն էր պատրաստում ու տանում, ուստի հարսանիքին նախորդող օրերից մեկի ընթացքում տղայի տանն էին հավաքվում նրա բարեկամ կանայք և կատարում էին
«Շորձևքի»-ի ավանդույթը` հարսի շորը ձևելու արարողություն, երբ կանայք հարսանեկան զգեստը ձևելիս կտորից մի փոքր հատված կտրում էին և աղջիկներից յուրաքանչյուրին տալիս ինչ-որ մաս կարելու առաջադրանք:
«Ազբանստում»: Հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով որոշվում էր ազապբաշին` մակարապետը: Իսկ այժմ փեսան պարզապես ընտրում է հարսանիքի մակարապետին:
«Հինա—տանենք»: Ազապները և ազապբաշին ընտրելուց կամ նշանակելուց հետո տեղի էր ունենում հինա-տանենքը, որը խորհուրդներով լի և բավականին գեղեցիկ ծես էր: Ապա ընկերուհիները հինա էին դնում հարսի մատներին:
«Փեսացուի շնորհօրհնեք»-ը փեսայի սափրման և թագադրման՝ բավականին գունեղ ծեսն է: Դա ևս արվում էր նվագածուների մասնակցությամբ: Տղայի բարեկամ աղջիկները երգում էին փեսա-թագավորին գովերգող երգեր: Վարսավիրը սափրելու հետ երգում էր փեսա-թագավորի գովքը: Նա նաև հանդերձավորում էր փեսային` ամեն գործողության համար առանձին ընծա վերցնելով քավորից: Ապա քավորը փեսային ու ազապներին բաղնիք էր ուղեկցում, ուր փեսային լողացնում էին ծիսական կարգով: Իսկ հարսին հանրային բաղնիքում լողացնում էին փեսայի տոհմի տարեց կանայք:
«Տաշտադրեքի» ծես՝ բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը հարսանիքի հացն էին թխում:
«Նաղարազուռնայով հարսանիքը անցկացնելու թույլտվություն», երբ փեսացուի ազգականներից մեկը սգավոր էր լինում, հայրը, մայրը պարտադիր գնում էր նրանց տուն և հարսանիքը նաղարազուռնայով անցկացնելու թույլտվություն էր խնդրում:
«Եզմորթեքի» ծես :Հարսանիքին նախորդող ուրբաթ օրը տղայի տանը մորթում էին մսացու անասունը: Դա արվում է զուռնա-դհոլի ուղեկցությամբ: Ծեսը պարտադիր արվում էր արևածագին: Անասունի գլուխն ուղղվում էր դեպի արևելք և մորթվում էր: Ապա բարեկամներից մեկը սկուտեղի վրա լցնում էր զանազան մրգեր, բանջարեղեն ու տանը վաճառք-աճուրդ կազմակերպում: Գումարը տալիս էին փեսային:
Նույն օրը փեսացուն իր մի քանի ընկերների հետ գնում էր գերեզմանատուն, իրենց հին ու նոր ննջեցյալների հոգուն արքայություն բարեմաղթում և վերադառնում:
«Հարսնառ» (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն է ուղարկվում: Երբ հարսանքավորների մեծ մասը եկած էր լինում, մի ծերունի և մի խումբ երիտասարդներ, մի-մի վառած մեղրամոմ ձեռներին, դհոլ-զուռնայի և մի երկու շամլի (մոմ, ջահ բռնողներ) առաջնորդությամբ գնում էին քավորին բերելու:
Քավորը կրում էր սպիտակ, կանաչ, կարմիր գույների ժապավեններով ուսկապ: Երբ նա դհոլի դղրդոցով մտնում էր հարսանքատուն, բոլորը ոտքի էին կանգնում:
Հնում հարսանեկան թափորը չէր կարող բաղկացած չլինել «աղվեսից», որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: «Աղվեսին» թշնամաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար:
«Կոխ բռնելու» ավանդույթ՝ փեսայի ծնողների կամ ընտանիքի տարեցների միջև մենամարտ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ժամանակ, որտեղ, որպես կանոն, հաղթում է կինը:
Հարսին «մեղրը հրամցնում» էին գդալի հակառակ կողմով, որ «լեզուն կարճ լինի»:
«Հարսանեկան երգեր ու պարերգեր» — թեմաները վերաբերել են փեսային ու հարսին, նրանց ծնողներին, ընկերներին ու ընկերուհիներին, ծեսի մյուս «դերակատարներին», պարզապես հանդիսականներին, հատուկ արարողություններին. լրջությամբ են առանձնանում փեսային ու նրա ծնողներին նվիրված «Մեր թագվորն էր խաչ» և «Գացեք բերեք թագվորամեր» երգերը, խոր հնությամբ են բուրում «Վարդ, զքե չըմ սիրի»հարսին գովերգող ու մխիթարող և «Դուն հալալ մերիկ» նրա հրաժեշտի երգերը, հատկապես հետաքրքրական են ծաղկոց երգերը, որ երգում են հարսնացուի մոտիկ ընկերուհիները, պսակի նախընթաց գիշերը մինչև լույս, նրան զուգելու, զարդարելու ժամանակ։
«Հարսի կոշիկի գողություն» հարսի ազգականներից մեկն է անում , որը, իհարկե, վերադարձվում է երկար բանակցությունների արդյունքում մի կլորիկ գումար ստանալուց հետո:
«Դուռ բռնելը», երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` խոչընդոտելով քրոջ`տնից դուրս հանելը:
Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը:
«Մատանիներ» , որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նրանց միության անքակտելիության նշանն են
«Վառվող մոմեր» հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհ են:
«Թագերը» ողջախոհության նշան են, քանզի Պսակը սուրբ է:
«Գինի խմելը» նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե՛ ուրախությունները և թե՛ դառնությունները միասին պետք է կիսեն և ճաշակեն:
«Մեղրը» խորհրդանշում է կյանքի քաղցրությունը:
«Կոտրում են նաև ափսեներ», որպեսզի խափանվի չարը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...