Զատկի կերակրատեսակներ



ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Ածիկ
Գարնանային անհաս ցորենը լցնել ուռենու ճյուղերից կարված զամբյուղի մեջ, դնել մութ տեղ: Երկու օրը մեկ ջրել այնքան ժամանակ, մինչ ծիլերի բարձրությունը հասնի տասը սանտիմետրի: Ծիլերն աղալով կարելի է ստանալ հյութ, վրան լցնել ալյուր, խառնել այնքան, մինչև ստացվի ծորուն զանգված: Ապա դնել կրակի վրա ու եփել` անընդհատ խառնելով:

Սամիր
Անհրաժեշտ է 1 կգ կորեկ, 7 բաժակ ջուր, աղ,1 լ կաթ, 1 սուրճի բաժակ դոշաբ, ձիթապտղի յուղ, դարչին:
Կորեկը եռացնել թույլ աղաջրում: Եփվելուց հետո քամել և լցնել տաք կաթի մեջ: Շարունակել եփել մարմանդ կրակի վրա: Թանձրանալուց հետո ավելացնել դոշաբ, ծեծած դարչին, մատուցել տաք վիճակում:

Չամիչով փլավ
2 բաժակ բրինձ
1 լավաշ
3 ճաշի դգալ յուղ
1 սուրճի բաժակ ջուր
2 բաժակ չրեր, ընկուզեղեն և չամիչ
աղ
Եռացող աղաջրի մեջ թեթևակի խաշել բրինձը (մինչև որ եռալու ժամանակ հատիկները բարձրանան ջրի երես): Դատարկել քամիչի մեջ և ողողել պաղ ջրով:
Կաթսայի մեջ հալեցնել 1 ճաշի գդալ յուղ, վրան շարել կտրատված լավաշը, այնպես, որ հատակն ամբողջությամբ ծածկվի:
Լցնել և տարածել բրինձը, յուղ դնել և աղ ցանել: Ապա կափարիչը ներսից ծածկել սրբիչով և շոգեխաշել բրինձը մարմանդ կրակով 30 րոպե:
1 ճաշի գդալ յուղով տապակել մանրացված չրերը, ավելացնել ջուր և եփել մինչև ջուրը ներծծվի:
Փլավը մատուցել` զարդարելով չրերով և կաթսայի հատակի կարմրած լավաշով:

Խաշած ձուկ բրնձի փլավով
Անհրաժեշտ է 800 գ իշխան ձուկ, 300 գ բրինձ, 50 գ կարագ, 100 գ սալորաչիր, աղ, սամիթ, չամիչ, կարմիր խնձոր:
Այս մթերքները խաշել առանձին-առանձին, միացնել իրար և մատուցել տաք վիճակում:

Կոլոլակով մածնապուր
Ապուրի համար`
1 լ մածուն
1 ձու
1 սուրճի բաժակ բրինձ
50 գ կարագ
անանուխ
աղ
Կոլոլակի խմորը`
կես կգ ծեծած միս
կես կգ մանր կորկոտ
1 ճ. գդ. պղպեղի մածուկ
քիմիոն
կարմիր և սև պղպեղ
աղ
Միջուկը`
կես կգ աղացած միս
1 սոխ
կես բաժակ աղացած ընկույզ
ձեթ
դարչին
կարմիր և սև պղպեղ
աղ
Պատրաստել միջուկը. սոխառածի վրա ավելացնել աղացած միսը, համեմել և եփել. լցնել ընկույզը և կրակն անջատել. թողնել սառչի:
Շաղախել պատյանի խմորը` խառնելով բոլոր նյութերը. երբեմն ձեռքերը թրջել սառը ջրի մեջ, ափով մի քիչ ջուր ցանել խմորի վրա և շարունակել շաղախել: Խմորը պիտի լինի փափուկ, բայց ոչ ջրոտ, այնպես, որ հարմար լինի բացելու համար: Վերցնել խմորից մի ընկույզի չափով, շաղախել, անցք բացել և մատների օգնությամբ մեծացնել փոսիկը: Լցոնել միջուկով, ապա փակել և ձվաձև դարձնել:
Մածունը հարել ձվով, եռացնել. լցնել բրինձն ու եռման ջուր և շարունակել եռացնել: Մատուցելուց 20 րոպե առաջ տաք ապուրի մեջ ավելացնել կարագը, անանուխն ու կոլոլակները: Երբ եռալուց կոլոլակները բարձրանան ապուրի երեսին, նշանակում է այն պատրաստ է:

Չրերով փլավ
2 բաժակ բրինձ
3 ճ.գդ. յուղ
1 բ. տարբեր չրեր, չամիչ և ընկուզեղեն
լավաշ աղ
Բրինձը թեթևակի խաշել եռացող աղաջրի մեջ, երբ հատիկները եռացող ջրի երեսը բարձրանան, այն դատարկել փլավքամիչի մեջ, սառը ջրով ողողել: Կաթսայի հատակին մի քիչ յուղ քսել, լավաշի կտորները տարածել և վրան լցնել կիսախաշ բրինձը: Մի քիչ աղ ցանել, տեղ-տեղ յուղ դնել, կափարիչը ծածկել սրբիչով, փակել կաթսան և մարմանդ կրակով փլավը եփել մոտավորապես 30 րոպե:
Մանրացնել չրերը և կես ճ.գդ. յուղով տապակել, ավելացնել 1 սուրճի բաժակ ջուր և շարունակել եփել: Մատուցելիս փլավի կեսը ծածկել լավաշի մանրացված քերանքով, իսկ մյուս կեսը` չրերով:

Ձուկը գինիով
1 իշխանաձուկ
1 բաժակ կարմիր գինի
50 գ կարագ
համեմ
դափնու տերև
հատիկով սև պղպեղ աղ
Կտրատել ձուկը, բոլոր բաղադրիչները լցնել վրան և եփել մարմանդ կրակի վրա, մինչև ձկան աչքերը դուրս գան: Կրակն անջատելուց 5 րոպե առաջ ավելացնել մանրացված համեմը:

Ձուկը՝ լավաշով
1 ձուկ
1 լավաշ
1 կիտրոնի հյութ
2 ճ. գդ. ձեթ
1 պճեղ սխտոր
կարմիր և սև պղպեղ
ծիթրոն աղ
Ձեթոտել և համեմել ձուկը, կիտրոնն ու սխտորը կտրատել և դնել փորի մեջ: 1 ժամ անց հանել սխտորն ու կիտրոնի շերտերը, փաթաթել լավաշով և եփել փռի մեջ միջին ջերմաստիճանով, մինչև լավաշը չորանա և կարմրի:

Պաստեղով ձվածեղ
100 գ պաստեղ
1 ճ. գդ. յուղ 2 ձու
Տաքացնել յուղը, տապակել շերտատված պաստեղը, ավելացնել հարած ձուն և եփել:

Թիրիթ
խաշած ձու
կանաչ սոխ
սև պղպեղ աղ
Մանրացնել ձուն, վրան լցնել մանրացված կանաչին և համեմել:

Էճճիկ
1 կապ սպանախ
1 կապ խառը կանաչի
1 սոխ
1 բաժակ ալյուր
3 ձու
ձեթ
կարմիր և սև պղպեղ
աղ
թացանի համար`
կես լ մածուն
2 ճ. գդ. թթվասեր
1 կապ սպանախ
1 պճեղ սխտոր
համեմի սերմ աղ
Մանրացնել սպանախը, սոխն ու կանաչին: Ավելացնել ալյուրը, ձուն և համեմունքները և խառնել: Տաք ձեթի մեջ տապակել գդալ առ գդալ: Մի կողմը եփվելուց հետո, շուռ տալ մյուս կողմը:

Քուքու
1 կապ սպանախ
1 կապ խառը կանաչի
1 սոխ
կես բաժակ ալյուր
3 ձու
ձեթ
կարմիր և սև պղպեղ աղ
Մանրացնել սպանախը , սոխն ու կանաչին: Ավելացնել ալյուրը, ձուն և համեմունքները և խառնել: Տաք ձեթի մեջ լցնել խառնուրդը և եփել մարմանդ կրակով. ապա շուռ տալ և եփել մյուս կողմը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...