ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ, ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵՐ, ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ...



Պարոյր Սեւակ -ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ
(հատուածներ)
Երկնքից առկախ մի լեռնակղզի՝
Հայաստան աշխարհ:
Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում՝
երկու զանգ հսկայ եւ անձեռագործ:
Եվ այնքա՜ն հսկայ, այնքա՜ն վիթխարի,
որ չէին կարող որեւէ կեռից ոչ մի կերպ կախուել,
ուստի պարզապէս կործուած են հողին:
Անունն՝ ԱՐԱՐԱՏ
կամ
ՍԻՍ ու ՄԱՍԻՍ:
Եւ ե´ս չեմ, ոչ էլ դուք եք ղօղանջում.
Սիսն ու Մասիսն են ղօղանջում անվե´րջ-անդադա´ր-անդո´ւլ:
Գողթան երգերի չափ ու կշռոյթով,
բամբ բամբիռների նուագակցութեամբ,
շարականների ելեւէջումով պատարագատու՝
Սիսն ու Մասիսն են ղօղանջում անվե´րջ-անդադա´ր-անդո´ւլ.
ով ունի ականջ,
բլթակ հաւատոյ՝
նա լսում է միշտ,
լսում է նրանց զանգը երկնաչու,
որ թարգմանւում է լոկ երկու բառով՝
ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ…
Մեր… հայրենի՜քը մեզնից դատարկուեց:
Բայց… ո՛չ մի վայրկեան, ո՛չ մի ակնթարթ,
Մենք չե՜նք դատարկուել մեր հայրենիքից:
Մե՜նք սպանուեցինք մեր հայրենիքում,
Բայց հայրենիքը մեր մէջ չսպանուե՜ց,
Ո՜չ, նա ապրում է կրկնակի՜ կեանքով:
Իսկ ով չսպանուեց, փրկուեց պատահմամբ,
Նա աքսորուած է իր հայրենիքի՜ց…
Բայց սպառվում է մինչև իսկ սրբի համբերությունը,
ինչպես հոտում է մինչևիսկ ջուրը՝ արգելակումով:
Մենք հաջորդներն ենք Սուրբ Նահատակաց,
սակայն բնավ էլ սուրբ չենք ինքներըս,
մա՜րդ ենք հասարակ
և... հավատում ենք, որ պիտի դառնա
մեր յուրաքանչյուր խլյակը՝ այլակ միատեղումի,
և յուրաքանչյուր փշուրը՝ պաշար մոտալուտ վաղվա,
մնացորդն՝ աճորդ,
մասունքը՝ մսուրք,
սփյուռքը՝ ապառք,
նշխարը՝ աշխարհ...
Եվ այս ասում եք ո՛չ դուք, ո՛չ նրանք,
այլ ե՜ս եմ ասում,
ես՝ Սիս-Մասիսըս,
անդո՛ւլ-անդադա՛ր-անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով:
Գողթան երգերի չափով այլազան,
բամբ բամբիռների հնչումով պես-պես,
ամենատարբեր ելևէջումով շարականների
Սիսն ու Մասիսն են զրնգում անվե՛րջ-անդադա՜ր-անդո՜ւլ.
ով ականջ ունի,
բլթակ հավատո՝
նա պիտի՛ զգա
իմ եռաղողանջ զանգի ասմունքը,
իմ եռաբանյա ասքի ղողանջը,
իմ եռամատնյա խաչակնքումի շնչող ստվերը.
ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ…
ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵՐ…
ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ…
ԿՈՉԵՄ ՎԵՐԱՊՐԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԻՄ, ՔԵԶ…
Պարոյր Սեւակ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...