Հովհաննես Շիրազ -«ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ»-
« Հայոց Դանթեականը» ___Հայ Մեծ բանաստեղծ
Շիրազը ավելի քան չորս տասնամյակ ստեղծել և վերամշակել է իր կյանքի ամենից թանկ ժառանգությունը՝ « Հայոց Դանթեականը»։ Շիրազի աստվածատուր քանքարի համապարփակ դրսևորման առումով այս գիրքը նրա՝ ազգային մեծ բանաստեղծ լինելու հավաստում է, նրա հավատամքի ամփոփագիրը։
(հատված)
ՆԱԽԵՐԳԱՆՔ
ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ
Հայաստանի ամեն մի լեռ
Մի քարացած հայ է անմեռ:
Ամեն մի լեռ` մի ճգնավոր,
Մի իշխան է մի թագավոր
Առնոս լեռը` հովիվ է քաջ`
Բլուրների հոտն իր առաջ:
Անդոկ լեռը` հայ մարգարե`
Սիրտը` կրակ, դեմքը քարե:
Աչքն աղոթող` ծովն է Վանա`
Նարեկացին սարն է Սասնա:
Վարագա լեռն` արծվի պես
Քարացել է` Հայրիկն է տես:
Աշնակ սարն էլ, աշնակցիներ,
Ձեզ Մուշ կանչող Իշխանն է ձեր:
Վիհ - Շարան է Արագածը,
Որ տենչում է Կարսա հացը:
Արարատը Հայկն է վիմված`
Երևանվող հույսի դիմաց,
Վար կնայե` մեկ Երևան,
Հազար ու մեկ` դեպ Մուշ ու Վան:
Ազնանց Փոքր Մհերն էլ Սիս`
Ժայռի մեջ է, վայ աչքերիս:
Տավրոս լեռը` զիմ Կիլիկիան`
Ինքն էլ հայոց վերջին արքան:
Ազգ իմ Գրգուռ, Նեմրութն էլ քո,
Ծովասարն էլ` ամպի ներքո`
Վարշամակված հայոց վշտով,
Հոնքը կիտել վեհ ու վրդով`
Ատրուշանի կրակն ընկած`
Շնչում, ինչպես Թոնդրակն հանգած,
Խուլ ծխում են` ելք են փնտրում,
Մթնաքողը պահ մի պատռում,
Այրվում, նայում Արարատին`
Հուր են ուզում ժայթքել չորս դին
Անդ շղթայված լեռներս վեհ,
Իմ աշխարհը, որ երբևէ
Գահ չի դառնա ժանտ ոսոխին`
Աստված կիջնի դեռ մեր հողին,
Միշտ չենք մնա
Ասպատակված,-
Մի պարծենա,
Անզգամված...
Հայոց լեզուն` թուրն է հայոց,
Թուր կեծակին` ընդդեմ վայոց
Հայաստանի ամեն մի լեռ`
Վաղն հրաբուխ է մի անմեռ...
Ով անմեղաց մեջ անթեղված հայոց անբույժ վերք ու վիշտ,
Ո՞վ չի երազել մոռանալ ձեզ միշտ,-
Բայց ոչ այս անգամ դուրս եմ կանչում ձեզ
Բոլոր խորշերից քուն ու մոռացման,
Թեկուզ ինձ խոցեք չար երազի պես,-
Բայց, ելեք` ձեզ եմ կանչում այս անգամ:
Սպին իր վերքը մտքից չի հանի,
Ձեզ չի մոռանա իմ ազգը, սակայն`
Թեկուզ մի սիրտ էլ մոռացած լինի`
Զարթեք, դառն հուշեր, պետք եք այս անգամ...
Ով դուք` վկաներ հավերժավրեժ հայոց եղեռնի,
Զարթեք, որ պատժանքն այս անզույգ մեղքի կոկորդից բռնի,
Հատուցման արծիվն իր ժեռ վանդակից ի լույս սլանա,
Որպես աշխարհում իր միակ թառին` Մասիս բարձրանա,
Ելնեն ժեռ բանտից իմ Մհերն ու ձին,
Որ գեթ աղ բերեն իմ հույսի հացին:
Եվ թող այս գիրքս դասագիրք դառնա
Մանուկ մարդկության սեղանի վրա:
1
Աշխարհը շատ վշտեր ունի, բայց ում հետ համեմատեմ իմ փոքրիկ ազգի մեծ վշտերը, որ սիրտս հովանա: Թե չչորանային մնացած հայ մայրերի ու որբ մանկանց արցունքները` այժմ ջրասույզ կանեին հայոց վշտի դեմ մշտալուռ ողջ հողագունդը:
Եվ ի՞նչ մեծ ազգ կարող է իր մեծ վշտերով չափվել այս փոքրիկի մեծ վշտերի հետ, ինչ դժոխք կարող է չափվել կամ համեմատվել հայ կոտորածների արնածովի հետ, ո՞ւր ես, ով մռայլ Դանթե, դու, որ Վիրգիլիոսի հետ այցելեցիր դժոխքի կրակե և կպրե մշուշները, դու, որ տեսար աստվածային պատժով պատժվածների հավիտենական տանջանքները և սոսկացիր, ինչ կասես, թե իմը տեսնես, իմ ազգինը, հայտնվիր, հայր իմ, անիրականից իրականը տանեմ քեզ, ով այժմ դրախտի մենակյացդ, բեր գեթ աչքերդ իմ հայոց վշտի կշեռքը դարձնեմ:
Թող անցյալ վերքը դասագիրք դառնա
Մանուկ ներկայի սեղանի վրա:
2
“ Ով աստվածային դժոխքի Դանթե,
Թե թափառում ես դու դեռ դժոխքում,
Թե հիանում ես դեռ մահով, կամ թե
Քավարանն ի վեր` մեղքից ես նողկում,
Կամ թե լուսնեթև քո Բիատրիչեն
Դեպի դրախտ է քեզ առաջնորդում,
Եվ կամ նրա հետ ճախրում ես արդեն
Քո անմահության կապույտ դրախտում,-
Ուր էլ որ լինես, հորս հոգու պես,
Ուր էլ որ այժմ ճախրես դու անհոգ`
Իջիր մի վայրկյան, պաղատում եմ քեզ,
Իջիր քեզ տանեմ այնպիսի դժոխք,
Որ դու մոռանաս դժոխքը երգիդ,
Որ Աստծո ճակտին անեծք խարանես
Եվ մահից խնդրես բալասան` վերքիդ:
Բայց ներիր, վարպետ, ներիր պատանուս,
Քանզի ես պիտի քեզ առաջնորդեմ,
Քանզի այս միակ` իրավ դժոխքի
Դժնաքայլ ուղին, ավաղ, ես գիտեմ,
Քանզի երբևէ չպիտի անցնենք
Խորերկրյա ցնորք գետն Ախերոնի,
Չպիտի ոչ մի Քարոնի հայցենք,
Որ մեզ դժոխքիդ սև ափերն հանի:
Ավաղ, նա ժայթքել ու ծխում է դեռ
Երկրի երեսին` նման բաց վերքի,-
Այնտեղ, ուր անգղ – յաթաղանը կեռ
Հեղեց իմ երկրում դժոխքն իր մեղքի:
Իջիր, թե ունես դու լացող աչքեր`
Կիսելու վիշտը մի կիսված ազգի...”:
- Պաղատում էի այսպես գիշերով,
Մասիսի առջև` կարոտով նրա,
Երբ որ լուսաթև մի ամպ` հուշերով`
Անշշուկ իջավ իմ լեռան վրա,
Եվ ինքը դանդաղ հալվեց վերստին`
Իմ դեմ թողնելով Դանթեին անձայն,
Նա դափնեպսակ ուներ ճակատին,
Եվ աչքերի մեջ` ժպիտ հարցական,
Խոսքի հետքն անգամ չկար շրթունքին,
Բայց ես կարդացի հայացքն հայրական`
Երբ գրկեց գլուխս ու ապշեց լռին`
Ճերմակ տեսնելով մանուկ մազերիս...
- Օ, գնանք, հայր իմ, բանամ քո առջև
Ճերմակ մազերիս գաղտնիքները սև...
3
Ազգերի ծովում` իմ Հայաստանը մի լեռնակղզի`
Ադամանդակուռ իր Արարատով` գահը Կովկասի:
Յոթը ազգերի դարերով չռված աչքերը վրան`
Ինչպես Մհերին` ժայռի մեջ առան` սեղմեցին նրան,
Բայց ամենամեծ սեղմողը դարեր
Սելջուկի զարմն է, որ սեղմում է դեռ...
Ինչպես քաջ հովվին իր հոտից խլես`
Անտերունչ թողնես ողջ հոտը նրա,
Խեղդես գամփռներն, հույսը խարխլես,
Բաց թողնես գայլիդ գառների վրա,
Այդպես բորենին արծվին վանդակեց,
Զատեց հայ ազգից ուժը պարմանի,
Զենքի հասակի հայ ուժն հավաքեց`
Լուծեց զորքի մեջ իր յաթաղանի,
Չթողեց հայոց ոչ մի զենքի հույս.
“ Ոչ մի հայ կտրիճ թուրք բանակից դուրս,
Ես հայությանն էլ հայր եմ` հովանի,
Մահմեդի քույրն է Մարիամը ձեր կույս,
Հայի քիթն անգամ էլ չի արյունի,
Գահընկեց արինք մենք վայ Համիդին,
Որ էլ վայ չգա հայ Արարատին...
Վկա` հուռիաթը. էլ ի՞նչ հայոց զորք...
Անցուկ - -մոռացուկ է Համիդն անողոք,
Մի երկրում երկու բանակ չի լինի,
Մեկը մյուսի աչքը կհանի...
Տեսաք ի՞նչ արին մեզ Զեյթունն ու Վան,
Հայ մի հայդուկն էլ ահն է մեր վաղվան,
Անդրանիկն հապա, Սմբատը` բազեն,
Բազե են հայոց կանայք էլ անզեն,
Մի շեղբն էլ մահ է, էլ ուր մնաց թուր,
Թուր է ֆիդային, երբ ունի շամփուր...
Հայոց ոչ մի թուր կամ շամփուր տանը”,-
Հրաման հանեց այս նոր սուլթանը”:
Գիտեր, որ քիչ ենք, բայց հայ ենք, գիտեր,
Ու զատեց, ինչպես ցուլերին` հոտից,
Ցրեց հայ զորքը` մեզ թողեց անտեր,
Ողջ հոտը կտրեց հույսի արոտից...
Եվ ինչպես Արաքսն` իր Կասպից ծովում`
Կորավ հայ զորքը օսման զորքի մեջ,
Ինչպես ծովասույզ արվող նավը խեղճ,
Անզեն մնացին հայոց յոթն հեռվում
Մանուկ ամբոխներն իմ Հայաստանի,
Անպաշտպան ինչպես կղզյակը ծովում,
Անպարիսպ որպես քանդված մի Անի,-
Այսպես սկսվեց հայ միջնաբերդում
Աշխարհում անզույգ եղեռն հայասուգ`
Մուշում, Բաղեշում. Տիգրանակերտում,
Վանում, Տարոնում, Վասպուրականում,
Գառներ մնացին առյուծի բերնում,
Երախի առաջ վագրի զինավառ`,
Մնացին միայն կույսերը մեր գառ,
Մնացին միայն հարսները ծոցվոր`
Արևից զատված` լուսինը ոնց որ,
Մնացին միայն եղնիկներն անհույս`
Անզոր մնացին ինչպես վանքի կույս,
Մնացին թուրքին զինվոր գնացած
Հայ զորքի մայրերն` անզոր մնացած,
Մնացին քույրերն այն Դավիթների,
Որ թակարդն ընկան, մնացին գերի,
Թոռն ու ծոռները մեր նորաթոթով,
Անթիվ քույրերը` եղբոր կարոտով,
Կարոտով իրենց գողացված զորքի,
Զորք, որ զոհ դառավ գաղտնի դժոխքի,
Մնաց ազգն, ինչպես կուսանոցն անտեր,
Որ ավաղ, միայն աղոթել գիտեր, -
Ու դարձավ այսպես անամրոց, անզորք,
Մանուկ Հայաստանն` հսկա մի օրոցք,
- Եվ համաշխարհի առաջին սևքող պատերազմը սև
Թուրքի սև գործը կրակե քողով ծածկեց իր ետև`
Իթթիհատն ասավ.
“Բաղձալին հասավ.
Սա մեզ Էրմանուց պրծում կբերի`
Հուր փարդի ետև էլ չենք համբերի,
Այժմ մեզ հսկող ամեն պետություն
Լոկ ինքն իր համար կմնա արթուն,
Սոսկ ինքը իրեն փրկել կջանա:
Ո՞ւմ դարդն է կտրել, որ ի՞նչ իմանա,
Թե ո՞ւմ ենք ջնջում բոց փարդի ետև,
Հիսո՞ւս ենք թաղում, թե՞ հայ սերմը սև:
Մեծն Թուրանի ճամփեն կբանանք`
Թե վերջին հայոց վերջին վերջը տանք:
Վաղը պատանք է հայ հողն` հայ գլխին”:-
Եվ հրամայեց յուր խաբվող խալխին
Հանել` զինելով բանտվածոց անգամ.
“Մեզ զինվորյալ է կուռ մանչն էլ զարկան...”:
Եվ հայ ապրիլի քսան և չորսին
Վագրը ճանկն առավ իր եղնիկ որսին:
Ու խոլ հայտնվեց երկրում կողոպտված
Այն, որ դարերով գաղտնի էր կոփված`
“Հայաստանն` առանց հայի... Օն, ի զեն...”:
Ու կեսգիշերով երկրում ամայի,
Երբ խոր քնած էր Հայաստանն անզեն,
Ինչպես թևերը կտրված բազեն,
Երբ խոր քնած էր ծերուկն հայության,
Երբ խոր քնած էր մաուկն հայության,
Երբ մոր ստինքում կաթն էլ էր քնած`
Զորքն ... օրոցքի դեմ գրոհի գնաց...
..................................................................
Օ, Դանթե, և ի՞նչ կսոսկար ոգիդ,
Թե որ տեսնեիր հեղեղումը ժանտ,
Կարծես դժոխքըդ` գույժով դժոխքիդ`
Օրոցքիս բախվեց խուժով մահաշանթ...
Շշմեց Հայաստանն այնպես, որ իր հեք
Դարերում այսպես չէր շշմել երբեք, -
Կարծես հեքիաթի վիշապներն էին
Վայրի վիհերից խելագար խուժում
Դեպի գյուղերս, քաղաքներս հին,
Որ նիրհում էին ոսկե մշուշում,
Մորս աչքերի նման միշտ լացած
Հայոց աշխարհը խուժեցին հանկարծ`
Հանկարծ, օ, հանկարծ, ադամամութին, -
Երկրաշարժ թվաց և Արարատին...
Ինչպես ոհմակը վագրենազրահ
Խուժե եղնիկի ձագերի վրա`
Մորը հոշոտե, ձագերին ուտե, -
Ձագերին ուտե, մորը հոշոտե, -
Այդպես գորշ գայլը հազարաոհմակ
Խուժեց փարախներն հայոց դառնակյանք,
Խուժեց, խժըռեց ծերին ու մանկան`
Պես – պես ձևերով ցեղասպանության,-
(Ուր մարդու գործից գայլն էլ է նողկում...):
Ախ, գնանք, հայր իմ, որ աչքով տեսնես
Ինչ որ չես տեսել Աստծո դժոխքում,
Մարդկային վշտի ձևերը պես – պես,
Զարհուրատեսիլ ու քստմնամեծ...
Կտեսնես, որ քո դժոխքն էլ չուներ,
Անմեղ դժոխքն էլ քո աստվածաստեղծ,
Որ տանջարանն է լոկ մեղավորաց,
Մինչ այստեղ` վերջն է մի ազգ - անմեղաց,
Ինչպես յոթնաթև մարդկության հավքից
Շքեղ մեկ թևը պոկես երկնքից:
4
“Հայտնվեք և դուք, ով հայ անմահներ,
Իջեք, թե իրավ անմահ է ոգին,
Դու, արև Մաշտոց, գեթ ստվերդ բեր,
Քո ուրվականն էլ մահ է մողոքին,
Հայտնվիր և դու, մեծ Նարեկացի,
Ով աստվածապեղ, մռնչա և դու,
Դու, որ բուրվառն ես մեծ առեղծվածի,
Որ կշռում էիր մեղքերը մարդու,-
Աստծո պես էիր Աստծո հետ խոսում, -
Իջիր, որ ազգիդ վիշտն էլ կշռես
Կոտորածների լաբիրինթոսում,
Մեղքից զարհուրած` ոխտ բուրվառես,
Ահեղ դատաստանն աշխարհ բերելով,
Ուր մեղքն անպատիժ ու դեռ վիշտն է ծով:
Հայտնվիր, որ գեթ ինքդ աշխարհ գաս,
Լուռ Աստըծո տեղ ինքդ մռնչաս...”: -
Լուռ պաղատեցի ես վերջին անգամ
Մասիսի առջև իմ պառնասալեռ,
Եվ իսկույն իջան մեր աստվածազարմ
Հայոց մեծերի ոգիներն անմեռ`
Վաթսուն անմահներն իմ Հայաստանի:
Եվ Դանթեն շիկնեց` ինչպես պատանի,
Երբ Նարեկացին ասաց. “Իմ որդյակ,
Դժոխքն այնտեղ է, ուր պիտի գնանք,
Ուր այս մանուկը մեզ կառաջնորդե,
Ուր աչքեդ պիտի Հորդանանն հորդե`
Մինչ մայր Արաքսս ցամաքեց լալուց`
Շղթայվածի մոտ շղթայված գալուց...”:
“Դու էլ հայտնվիր,- ձայնեցի,- սուրբ խեղ,
Որպես մեծ վկան կեսուկենդանի,
Քանզի աճյունվեց միտքդ հանճարեղ,
Լոկ սիրտդ փրկվեց, ով մեծսրտանի,
Զոհեցիր միտքդ սրտով արնաքամ,
Ախ, վայ թե զոհվի սիրտդ այս անգամ,
Թե այս էլ տեսնես` ինչ պիտի տեսնենք,
Երբ յոթնադժոխք Դեր Զորներն հասնեք,
Օ, հայր Կոմիտաս, գեթ սրտով էլ եկ`
Դատելու հայոց կորուստն անեզերք...”, -
Բայց չհայտնվեց` թեկուզ լեզվակը պոկած զանգս նուրբ,
Ախ, միթևանի մնացած սոխակն իմ ամենասուրբ:
Եվ ճամփա ընկանք մենք ոգելռին
Դեպի եղեռնը` ազգի յոթն ածու, -
Եվ լոկ ասղերը մեզ ճամփու դրին`
Որպես աչքերը հայոց Աստծու:
Տեսանք հայ մի կին՝ վշտով իմաստուն՝
Հայոց ոգին էր ցույց տալիս որդուն՝
Ավազի վրա գրելով գրերն հայոց սուրբ ոգով,
Գրում էր այբբենն ու որդուն այսպես ասում շշուկով.
– Այբ-բեն-գիմ-դա- ե՜, ձա՛գս, լավ նայե, որ թուրքը վայե,
Որ լավ սովորես՝ մոր պես քեզ պիտի Աստված փայփայե. –
Ասում, գրում էր մայրը հայ գրերն ավազի վրա,
Բայց քամին գալիս՝ ջնջում էր հայոց գրերն հնօրյա,
Ինչպես յաթաղանն ինքն էր ջնջելով արել տեղահան,
Անապատ քշել հայոց ողջ ազգին անզորք, անվահան,
Ջնջում էր քամին, բայց ջնջածները գրում էր տղան՝
Գրում էր նորից աստվածապարգև գրերը բոլոր,
Բայց քամին էլի թուր – սամումի պես գալիս էր խոլոր,
Խուժում, ջնջում էր, բայց նորեն գրում, գրում էր տղան
Հայոց ազգապահ գրերն անխորտակ, թրերն արմաղան,
Որ չմոռանար՝ անապատում էլ՝ հայրենին խլված,
Գրում էր մայրը՝ հույսը անխորտակ, բայց և խարխլված:
Նորից էր գրում, նորից էր ջնջում քամին խելահեղ. –
Ահա՛ ձեզ, մարդի՛կ, հայոց պատմությունն ամենաշքեղ.
Մայրը ցույց տալիս , գրում էր որդին մահից էլ համառ,
Գրո՜ւմ էր որդին ... թեկուզ յաթաղան – սամումն ինքը գար...
«– Չե՛ս կարող ջնջել, - մռնչաց Մեսրոպ Մաշտոցի ոգին, –
Ջնջել չե՛ս կարող, ո՛վ հողմածնունդ, վա՛յ քո Մողոքին,
Չես կարող կտրել հայոց մատները, ո՛վ թուր անիրավ,
Քանզի Աստծու տասը մատներից մեկն հայն է, իրա՛վ,
Մեծ Արարիչի հրաշք մի մատն է հայ ժողովուրդը,
Միջնամատը չէ. բայց ո՛չ ճկույթը...»:
Ո'վ աստվա'ծային դժնի դժոխքում ծիծաղած Դա'նթե,
Մի°թե չպիտի հայոց դժոխքում արցունքդ կա'թե,
Կըկաթե'...ահա սիրտդ կընճռվում`
Իմ սրտի նման, և մեջքդ է ծռվու'մ:
Տե~ս...սյուներն ահա...կախախանների...
Այս ի°նչ է... Տե'ր իմ, աստված իմ անգո'ւթ,
Կախախան ես ողջ` անտառ մի մութ.
Անհամար Հիսուս ծառերից կախված,
Հիսուսից էլ սուրբ հայերն իմ բարի,
Յաթաղանի դեմ Հիսուսից խա'բված,
Խա'չ բռնած ընդդե'մ յաթաղաննե'րի...
Անզեն Հիսուսներ` զինված զորքի դեմ,
Ահա թե, մեր բախտն ինչով էր դշխե'լ...
Մանո'ւկներ կախված` Հիսուսներ թխլիկ,
Հայրեր ու մայրեր, եղբայրներ խաչվա'ծ...
_Չե°ս ընկրկելու, ո'վ ա'րդար գալիք,
Չե°ս սփոփելու իմ սիրտը տանջված,
Ա~խ, պի'տի դատես, ո'վ մեծ դատախա'զ,
Թե մնա°լու է վրեժս երա'զ,
Դու դեռ ծիծաղես պի'տի, ո'վ դահի'ճ...
Բայց, ահա ... ան էլ կախված մի կտրի'ճ,
Լեզուն էր հանել` կախված տեղնով էլ,
Լեզո'ւն էր հանել ոսոխի վրա,
Լեզո'ւն` կրա'կե ծիծաղը նրա',
Անշեջ հրի պես, կախվածի լեզո'ւն,
Անմիտ կախողի ցե'ղին էր կիզու'մ,
Քա'նզի... կախողից` բա'րձր է կախվողը:
...Ահա, թե ինչու, թաիլաթ ոսոխը
Խոլ հրամայեց, -Վա'ր, կախախանից
Ցա'ծ բերե'ք, լեզո'ւն պոկե'ք բերանից:
Ու ցած բերեցին...լեզուն... պոկեցին...
_Բայց, Հա'յոց Լեզուն մի բերանում չէ',
Հա'յոց Մա'յր Լեզուն` Գե'տերն են Հա'յոց,
Հրազդա'նն` հա'վերժ պի'տի ղողա'նջե,
Պի'տի մը'ռնչա Մա'յր Արաքսն Հա'յոց,
Հայ Լեզո'ւն` Թո'ւրն է քաջ Անդրա'նիկի,
Որ պի'տի խոսի` նմա'ն կայածա'կի..
Комментарии
Отправить комментарий