Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Իջնում էին խոհուն, խոնարհ
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին…
Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով՝
Կրտսեր ու ավագ:
Նստում էին և սպասում,
Մինչև պապը գար,
Մինչև բակում Ծաղիկ եզան
Զանգը ծլնգար:
Պապը գալիս, սուփրի գլխին
Նստում էր շուքով,
Եվ լցվում էր տունը դաշտի
Բույր ու շշուկով…
Ու երբ տատս ձեռքն էր առնում
Շերեփը իր հին,
Գդալները բնազդաբար
Աղմկում էին:
Թանապուրի տաք գոլորշին
Գերանին առնում,
Եվ սյունն ի վար գլոր-գլոր
Ուլունք էր դառնում:
Վայելում էր տաք թանապուր,
Լավաշ ու սամիթ
Աշխատավոր մի գերդաստան՝
Պարզ ու միամիտ:
Հիմա այդ մեծ գերդաստանից
Ոչ մեկը չկա…
Ես եմ մնում լոկ իբրև հուշ
Եվ իբրև վկա:
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի..
Комментарии
Отправить комментарий