Շնորհավոր Զատիկ…
Զատիկի ակունքները գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից: Այն գարնան զարթոնքի, բնության կենարար ուժերի տոնն է եղել` նվիրված մեռնող – հառնող բնությունը, որ մարմնավորել է Արա Գեղեցիկի պաշտամունքը:
Ինքը, Զատիկ բառը ծագում է զատել, առանձնացնել բայից: Զատիկը նաև Մայր Անահիտին նվիրված տոն էր: Այն իր մեջ կրում է բնության բեղմնավորման խորհուրդը:
Հնում Զատիկի խորհրդանիշներն էին համարվում խոհանոցի տիրուհին համարվող Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները: Պաս պապի ձեռքին 40 թել կար, ամեն մեկի ծայրից քար էր կախված: Զատիկի մոտենալու հետ քանդում էին քարերից մեկը:
Զատկի տոնական սեղանին հայերը ձվերը դնում են փոքր ափսեների մեջ աճեցրած ցորենի մեջ, որն անվանում են «ածիկ»:
Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:
Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը համայնական մատաղն էր: Համայնքի բոլոր անդամները մասնակցում էին դրամահավաքին կամ հանգանակությանը, որի արդյունքում արջառներ ու գառներ էին գնում` մատաղի համար: Զոհաբերությունը կատարվում էր շաբաթ երեկոյան եկեղեցու բակում և ողջ գիշեր տեղում եփվում էր մատաղի միսը: Մատաղի եփման արարողությունը ուղեկցվում էր զատկական խաղերով և երգերով: Մեծ բախտավորություն էր համարվում, եթե այդ գիշեր տանը տղա կծնվեր:
Комментарии
Отправить комментарий