...Նա մեր թուրքերենի ուսուցիչն էր, և մենք, որ նախավերջին դասարանն էինք հասել, դեռ ոչ մի անգամ նրա բերանից հայերեն մի խոսք չէինք լսել։ Հարգում էինք նրան հայ լինելու համար, հպարտանում էինք նրանով, բայց չէինք սիրում։
... Մի անգամ քիչ մնաց լսեինք, թե ինչպես է նա հայերեն խոսում։ Մեզանից մեկը նույնիսկ լսեց։ Բայց միայն մեկը։ Խմբով դուրս էինք եկել Բոսֆորի ափերը գնալու։ Քայլում էինք ուրախ խոսելով։ Գարուն էր, օրը հստակ, օդը թափանցիկ։ Քաղաքն ուրախ շողշողում էր։ Հանկարծ մեզնից մեկը շշնջաց․
«Տղաք, Մեսրոպ էֆենդին Կոմիտասի, Վարուժանի ու Զոհրապի հետ կզբոսնե»։
․․․Մեր ընկերներից մեկն ասաց․
– Տեսնաս Կոմիտասի հետ ա՞լ Մեսրոպ էֆենդին թրքերեն կխոսի․․․
Որոշեցինք ետ ընկնել։
-Մեզնից մեկը թող ետևից կամացուկ մոտենա լսելու, թե ինչ լեզվով է Մեսրոպ էֆենդին խոսում։
Ետևներից անձայն, ոտքերի մատների վրա մեր ընկերը մոտեցավ նրանց, այնքան մոտեցավ, որ մեզ թվում էր, թե կպավ լայնաթիկունք Մեսրոպ էֆենդուն։ Ու մի քանի րոպե այդպես գնալով նրանց ետևից, հանկարծ շուռ եկավ ու վազեց մեր կողմը։ Ուրախացած էր, մեզ էլ ուրախ լուր պիտի բերեր։ Դեռ մեզ չմոտեցած՝ ձայն տվեց․
– Հայերեն կխոսեր, տղա՛ք, և այնպես աղվո՜ր հայերեն:
Մենք խմբվեցինք շուրջը․
– Ի՞նչ ըսավ, պատմե, ի՞նչ ըսավ
Հուզմունքից շիկնել էր մեր ընկերը։
– Ի՞նչ լսեցիր, ի՞նչ խոսքեր ըսավ:
Մի պահ հանգստանալով, որ շունչ քաշի, արագախոս մեր ընկերը հաղորդեց մեզ, որ պարզ լսել է Մեսրոպ էֆենդու խոսքերը։ Նա պարզ հայերենով ասել էր․ «Նողկանք կզգամ ես ազգային թշնամանքե։ Ազգերու համերաշխությունն իմ երազս է, և ուխտած եմ ծառայելու այդ գաղափարին ու չպիտի շեղվիմ իմ ուխտես»։
Զոհրապն ասել է․ «Կփափագիմ հաջողիս ազնիվ նպատակիդ ճանապարհին»։ Կոմիտասն ավելացրել է․ «Ճշմարիտ է Մեսրոպի գաղափարը, և ճանապարհը ճիշտ է․ իրար հարգելու համար ազգերը պիտի ճանաչեն իրար, ճանաչելու համար պիտի գիտնան միմյանց լեզուներն ու մշակույթը, Մեսրոպը ճիշտ է ասում»։
Մեր ուսուցիչը Կոմիտասի այդ խոսքի վրա ասել է․ «Քաջալերանք է ինձի համար հավանությունդ, հայր սուրբ»․․․
… Ահավոր էր այդ զգացումը։
Ահա ծանրաքայլ, գլուխը լայն կրծքին հակած, մոտեցավ ամբիոնին Մեսրոպ էֆենդին, սովորականից ավելի մռայլ։ Ամբիոնը նրա կրծքից ցածր էր։ Լուռ մոտեցավ, կրթնեց նրա վրա, որ երբեք չէր անում ու նայեց մեզ։ Նայեց խելագարի հայացքով, որից բոլորս սարսռացինք։ Եվ սկսեց խոսել։
Օ՜, զարմանք, նրա շրթունքները հայերեն բառեր էին արտասանում։
– Սիրելի հայորդիներ, անուշի՜կ զավակներս,
Այդ խոսքերը շշնջաց ու շրթունքները դողացին, աչքերը լցվեցին, կրծքով հենվեց ամբիոնին։ Վայելչատես, վսեմաշուք Մեսրոպ էֆենդին փոքրացել էր կարծես, փոքրացել ու խեղճացել էր։
Նայում էինք նրան, և թվում էր մեզ, թե սարսափը գիշատիչ թռչունի կերպարանքով սավառնում է մեր գլխավերևում։
Մեսրոպը չէր կարողանում շարունակել իր խոսքը։ Ահավոր լռություն էր տիրում դասարանում։ Թվում էր, թե բոլորս այդպես լուռ ու քարացած պիտի մնանք։
Վերջապես մեր ուսուցիչը շտկվեց, ամբողջ փառահեղ հասակով մեկ կանգնեց ամբիոնի առաջ ու շարունակեց իր կիսատ խոսքը․
– Զավակնե՜րս,– կրկնեց նա գունատված,– անողորմ է իրականությունը մեզի համար: Ազգովին նահատակվելու և պատմութենեն հեռանալու սև վտանգն է կախվեր հայոց ազգի վերա։ Զավակնե՜րս, հայորդիներ, այս գիշեր կալանքի են առնվեր Կոմիտաս, Զոհրապ, Սիամանթո, Վարուժան և բազում, բազում այլք… կեռ յաթաղանը պիտի անոնց հանճարեղ գանգերն ալ փշրե…
Փլվեց ամբիոնին, երկու ափերով աչքերը ծածկեց։ Մենք, որ ժպիտ չէինք տեսել նրա հայկական աչքերում, նրա հայերեն լացը տեսանք։ Դասարանում լսվեցին հեծկլտոցներ։ Ես հեկեկում էի ջղաձիգ ցնցումներով։
Քիչ հետո Մեսրոպ էֆենդին սթափվեց, վշտով և հուսաբեկ հայացքով նայեց մեզ։
Ու խոսեց.
– Հիմա ոչինչ չունինք մենք, զավակներս, ոչ հույս ու ապավեն, ոչ զենք ու զորություն։ Ունինք միայն հայ լեզու և հայ գիրն… Պահպանեցեք, որ չկորնչին, պահպանեցեք հայ լեզուն և հայ գիրն, եթե փրկվիք այս եղեռնեն։ Եթե իմ հիշատակս հարգել ցանկանաք, սիրեցեք և գալոց սերունդներուն ավանդեցեք հայ լեզուն ու հայ գիրն…:
– Գիտցեք միայն, զավակնե՛րս,– շարունակեց, զարմանալի հանգիստ ձայնով,– որ ձեր թուրքերենի խիստ ուսուցիչը խիստ սիրտ չուներ։ Ան կսիրեր ձեզի և բոլոր մանուկներուն, կսիրեր բոլոր ազգերու լեզուները և ամենեն ավելի՝ հայոց նվիրական լեզուն։ Գիտցեք, որ ան հայ էր ծնվեր, հայ ապրեցավ և հայ ալ պիտի մեռնի հպարտությամբ։ Իսկ դուք՝ չմոռնաք վերջին խնդիրքս՝ ապրեցուցեք հայ լեզուն ու հայ գիրն։ Մնա՛ք բարյավ…
ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ
«Երկերի ժողովածու» (հատված)
Комментарии
Отправить комментарий