Աստված խոսում է լույսի լեզվով🙌🏻


«Հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք» (Հովհ. ԺԲ:36)
Շքեղ են ամառվա առավոտները. լույսը բացվելուն պես թեթև զով է իջնում երկրի վրա: Բաց լուսամուտներից խաղաղությունը ներս է հորդում՝ թռչունների ձայների հետ: Լուսաբացի թռչուններն Աստծո օրհնությունն են իջեցնում ներքև, լուր են բերում երկնքից. օր է սկսվում: Եվ մենք, որ փակել էինք մեր աչքերը, հավատալով այգաբացի ու նոր օրվա գալստյանն, արթնանում ենք: Այսպես՝ լույսի հանդեպ վստահությունն ու հավատը մեր կյանքի հիմքն է: Եթե մենք նույնիսկ մի պահ կասկածեինք, որ լույսը չի բացվելու, չէինք կարողանա քնել, խաղաղվել, հանգիստ առնել…
Մեր կյանքում նույնպես լույսն ու մութը հաջորդում են իրար: Խավարի մեջ ենք մենք սովորում սպասել, հուսալ, հավատալ, չնահանջել, սովորում ենք ինքներս լույս լինել: Խավարն անհրաժեշտ է, այն ուսուցիչ է: Ե՞րբ ենք մենք ամենաշատը կարիք ունենում երկխոսելու Աստծո հետ, լսելու Նրան… Երբ ոչինչ չենք տեսնում, երբ ամեն բան խառնվում է, երբ մեր շուրջը խավար է տիրում: Մենք սկսում ենք փնտրել Աստծուն: Ի՞նչ լեզվով է խոսում Աստված: Որտե՞ղ է հնարավոր գտնել Նրան, հասկանալ Նրան, լսել Նրան… Աստված խոսում է լույսի լեզվով, և դա ամենագեղեցիկ ու կատարյալ լեզուն է: Նայեք ձեր շուրջը, նայեք բնությանը, հետևեք կյանքին ու կտեսնենք, որ Աստված իսկապես խոսում է լույսի լեզվով, և նրա հետ երկխոսելու միակ ուղին լույս լինելն է, լույս կերտելը: Լույսն արագահաս է, կենարար, ստեղծարար, կարևոր ու անհրաժեշտ: Այն ամենուր է: Բայց եթե մենք չենք կրում այն մեր ներսում, չունենք դրա աղբյուրը մեր մեջ, չենք կարող ներդաշնակվել կյանքին, չենք կարող երկխոսել Աստծո հետ: Որովհետև Աստված իր լույսը բաշխում է ամեն օր, և կարիք կա, որ մենք էլ մերը տանք, մերը բերենք օրվա մեջ, սփռենք այն մեզ շրջապատողների վրա, ողողենք մեր լույսով ամենը:
Մեզ տրված յուաքանչյուր օրը լույս գտնելու հնարավորություն է: Ծագող արևի առաջին իսկ շողը դեռևս քնած երկնքի մեջ Աստծո հաղորդագրությունն է, որը մղում է մեզ լույսի փնտրտուքին, լույսի կերտմանը: Ե՞րբ է սկսում մեզնից լույս ճառագել: Երբ ճանաչում ենք ինքներս մեզ, մեր շնորհները և ապրում ենք մեր կյանքը՝ Աստծո հետ երկխոսելով: Սա ամեն օրվա գործընթաց է, ամեն օրվա ընտրություն: Ճանապարհ, որտեղ կարող են լինել սայթաքումներ, սխալներ, հուսահատություն... բայց այս ամենում ևս Աստված մեզ հետ է: Որովհետև լույսը միշտ հաջորդում է մութին: Ամեն անգամ, երբ ընտրում ենք բարին, ընտրում ենք սովորեցնելը՝ ծաղրելու և վիրավորելու փոխարեն, ընտրում ենք ներելը՝ վրեժխնդրության փոխարեն, ընտրում ենք սիրելը՝ դատապարտելու փոխարեն, ընտրում ենք ծաղկեցնելը՝ սպանելու փոխարեն, ընտրում ենք ճշմարտությունը՝ խաբկանքի փոխարեն, մենք շատացնում ենք լույսը մեր մեջ ու սկսում ենք ճառագել այն:
Ինչու՞ են մարդիկ խաղաղության ապրումն ունենում եկեղեցում մոմ վառելիս: Որովհետև սա խորհրդանշական գործողություն է: Մոմ վառելով մենք շատացնում ենք աշխարհի լույսը, մենք ընտրում ենք լույսը: Եվ սա մեզ հանգստություն է բերում: Եվ կարելի է պատկերացնել՝ ինչ է զգում այն մարդը, որ լույսը շատացնում է նաև իր մեջ ու իր շուրջը: Լույս կարելի է բերել խոսքով, գործողությամբ, արարումով, բարությամբ, օգնության ձեռքով, անշահախնդիր լավությամբ: Այսպես է կատարվում համագործակցությունն Աստծո հետ:
Կյանքը լույսի տոն է, հրավառություն, նվեր ու ընտրություն: Քրիստոս ասում է՝ Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը:
Ինչպե՞ս կարող ենք գնալ Քրիստոսի հետևից և ընդունել կյանքի լույսը: Ապրելով այնպես, ինչպես Նա էր ապրում, քայլելով այն ճանապարհով, որով Նա էր անցնում՝ խաղաղության, նորոգումի, ապաքինման, իմաստության, ժպիտի և արցունքների, ներողամտության և սիրո ճանապարհով:
Քրիստոս Աստծո լույսն էր բերել, Աստծո լեզուն էր բերել աշխարհ: Եվ շարունակում է բերել ամեն օր: Ամեն օր, ամեն լուսաբացի հետ, Նա թակում է հենց քո դուռը: Լսու՞մ ես արդյոք, լույսի ձայնը, լույսի թակոցը: Բացու՞մ ես քո դուռը լույսի առաջ…
Ա. Պողոսյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...