Այս գավառը տարածքով համապատասխանում է այժմյան Երզնկայի դաշտին:
Անտիկ պատմագիրների մոտ Եկեղյաց գավառը հիշատակված է Եկելեսենե կամ Ակիլիսենե անունով: Հնագույն այդ ժամանակներում գավառի տարածքն անհամեմատ ավելի մեծ էր. այն, բացի բուն Եկեղյաց գավառից, իր մեջ ընդգրկում էր նաև Դարանաղի, Մանանաղի և Դերջան գավառները:
Գավառի մի զգալի մասը պատկանում էր նախաքրիստոնեական տաճարներին: Գավառի պատմական նշանավոր վայրերն են Երիզան ( Երեզ) և Թիլը:
ԵՐԻԶԱ- Համապասխանում է այժմյան Երզնկա քաղաքին: Մինչև 11-12րդ դարերը եղել է ավան, իսկ դրանից հետո, իր նպաստավոր դիրքի շնորհիվ, վեր է ածվել քաղաքի:
Երիզան հնագույն ժամանակաշրջանում Հայաստանի հավատամքային խոշորագույն կենտրոններից էր:
Այստեղ էր գտնվում մայրության և պտղաբերության Անահիտ դիցամորը նվիրված գլխավոր տաճարը, որի պատճառով գավառը նաև կոչվում էր Անահտական: Տաճարում դրված էր Անահիտի ոսկեձույլ արձանը: Մ.թ.ա. առաջին դարում հռոմեական զորավար Անտիոնոսը դեպի Հայաստան կատարած իր արշավանքի ընթացքում (մ.թ.ա. 34թ) կողոպտում է Անահիտի տաճարը: Նրա կողոպուտի մեջ էր նաև Անահիտ աստվածուհու ոսկեձույլ արձանը:
Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունվելուց հետո, բազմաթիվ այլ տաճարների հետ միասին, ավերվեց նաև Երիզայում գտնվող Անահիտի տաճարը: Նրա փոխարեն այստեղ կառուցվեցին քրիստոնեական եկեղեցիներ, որոնք սեփականացրին տաճարապատկան հողերը, գույքը և գանձերը:
Մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում, Հայաստանում տնտեսության անկման հետ միասին, ավելի արագ կերպով անկում է ապրում և քաղաքային կյանքը:
Սակայն նույն ժամանակաշրջանում, գրեթե միայն տարանցիկ առևտրի հետ կապված լինելու շնորհիվ, որոշ քաղաքներ բավականաչափ առաջադիմում են: Այդ քաղաքների շարքում էր նաև Երզնկան: Չնայած այն բանին, որ Երզնկան 13րդ դարի առաջին կեսում երկու անգամ խիստ ավերվել է (1224թ և 1242թ), այնուամենայնիվ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Լենկթեմուրի արշավանքներին նախորդող շրջանում նա դարձել էր բավական հարուստ և բարեկարգ քաղաք: Այստեղ զարգացել էին առևտուրը (գլխավորապես տարանցիկ) և արհետները: Երզնկան հայտնի էր բամբակյա գործվածքներով: Բնակչության թիվը հասնում էր մի քանի հազարի, որի գերակշիռ մասը կազմում էին հայերը: Երզնկայի մասին Մարկո Պոլոն խոսում է մեծ գովեստով:
Լենկթեմուրը իր 1394-1395թթ արշավանքների ընթացքում գրավում և ավերում է նաև Երզնկան:
Երզնկան խիստ սեյսմիկ շրջան է: Այստեղ տեղի են ունեցել աղետաբեր մի շարք երկրաշարժեր:
ԹԻԼ
Մեր մատենագիրներից ոմանք կոչում են գյուղ, իսկ ոմանք ավան: Նախաքրիստոնեական շրջանում այստեղ էր գտնվում Նանե դիցուհու տաճարը: Նանեն համարվում էր ընտանիքի հովանավորը(նաև ռազմի դիցուհի): Նանեի տաճարն ավերվեց Երիզայի Անահիտի տաճարի հետ միաժամանակ: Նրա տեղում կառուցվեց եկեղեցի, որը հիմնահատակ ավերվել է 7֊րդ դարում: Խորենացու հիշատակության համաձայն, այստեղ է թաղված Պապ թագավորը (370-374թթ):

Նկարիչ՝ Ռուբիկ Քոչարյան ( ԱՄՆ, ՆՌԱՆ ՊԱՐ, ԱՆԱՀԻՏԻ ՏՈՆԸ)

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...