Լուսավոր ու երջանիկ օրերի այս պատկեր-լուսանկարը հղում եմ բոլորիդ...ընկերներ,հարազատներ,սիրելի-սիրելի՜... ու էլի՛ սիրելի-կարոտյալ մարդիկ...
Թող Աստծո հզոր աջը պահապան լինի բոլորիդ,յուրաքանչյուրիդ անհատապես...
Այնքան երջանիկ եղեք,որքան հնարավոր է...ու ես էի ,սրանից էլ առաջ...Հետոն էլ դեռ գալու է...
ՄՈՄԻԿ
Գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը Գլաձորի մանրանկարչության դպրոցի XIII դարի վերջի և XIV դարի 1-ին կեսի նշանավոր ներկայացուցիչներից է:
Մոմիկը (Մոմիկ Վարդպետ) ստեղծագործել է հիմնականում Վայոց ձորի Աղբերց վանքում, Նորավանքում, հավանաբար՝ նաև Կիլիկիայում: Աշակերտել է Հովասափ քահանային, սովորել Գլաձորի համալսարանում:
Եղել է Օրբելյան իշխանական տան քարտուղարը, գլխավոր նկարիչը, ճարտարապետն ու քանդակագործը: Մոմիկի պատվիրատուներն էին Սյունաց մետրոպոլիտներ Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Օրբելը, Ստեփանոս Տարսայիճը, Օրբելյան մեծ իշխան Բուրթելը և իշխանուհի Թամթա խաթունը:
Մոմիկի անունն առաջին անգամ հիշատակվում է 1283 թ-ի մի ձեռագրում (ծաղկել է խորանները): 1292 թ-ին ընդօրինակել և նկարազարդել է Նորավանքի Ավետարանը (Մատենադարան, ձեռագիր դ 2848), որտեղ պատկերել է 3 ավետարանիչներին և Պրոքորոնին: Վաղ շրջանի նրա ստեղծագործությունը վկայում է, որ Մոմիկը ծանոթ էր արևմտյան պատկերագրության առանձնահատկություններին. մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, գունային ներդաշնակությամբ, դիմանկարների արտահայտչականությամբ և զարդանկարի հստակությամբ: Նրա լավագույն գործը 1302 թ-ի Ավետարանն է («Պատերազմի Ավետարան», Մատենադարան, ձեռագիր դ 6792): Անսովոր փոքր չափերով (12 x 8,5 սմ, էջում՝ 17 կերպար) ձեռագրում Մոմիկը վարպետությամբ զետեղել է Ավետարանի 12 տերունական պատկերաշարի հիմնական տեսարանները, Հակոբ և Պողոս առաքյալների պատկերները, զարդագրեր, անվանաթերթեր և այլն: Ենթադրվում է, որ մանրանկարիչը ծաղկել է նաև 1283 թ-ին ընդօրինակված «Կեռան թագուհու Ավետարանը» (Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռագիր դ 2563) և Դավիթ գրչի հիշատակարանում (1287 թ., Թեղենյաց վանք) նշված «Մոմիկի շքեղազարդ» մատյանը:
1331 թ-ի մի ձեռագրի հիշատակարանում Մոմիկը վկայում է, որ 1307 թ-ին տեսողությունը վատացել է և չի կարողացել ավարտել մետրոպոլիտ Հովհաննես Օրբելի պատվիրած Ավետարանը (գրել է միայն համաբարբառը): Ենթադրվում է, որ այդ շրջանում (17 տարի) զբաղվել է քանդակագործությամբ և ճարտարապետությամբ, ստեղծել նրբահյուս զարդաքանդակներով խաչքարեր: Լավագույններից են իշխանուհի Թամթա խաթունի պատվիրած 2 խաչքարերը (1308 թ.). մեկը պահվում է Էջմիածնի գանձատանը, մյուսը՝ վեհարանում: Մոմիկին են վերագրվում նաև Նորավանքի գլխավոր՝ Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի մուտքի ու լուսամուտի ճակատակալ քարերի քանդակները և Սբ Աստվածածին («Բուրթելաշեն», վերականգնվել է 1998 թ-ին, օծվել 1999 թ-ին) եկեղեցու բարձրաքանդակները: Մոմիկն իր քանդակներում ներառել է հայոց գրերը, ստեղծել «հայկական առաջին արաբեսկները» (բարդ նախշ՝ երկրաչափական և բուսական մոտիվների համադրմամբ, տարածված էր հատկապես արաբական երկրներում): Նրա ճարտարապետական գործերից միայն Արենիի Սբ Աստվածածին եկեղեցին (1321 թ.) է վավերացված Մոմիկի անունով: Նրան են վերագրվում Տաթևի վանքի Սբ Գրիգոր փոքր (1295 թ.) և Եղեգիսի Զորաց (1320-ական թվականներ) եկեղեցիները:
Մոմիկի մանրանկարները, քանդակագործական և ճարտարապետական գործերն առանձնանում են բացառիկ բարձր արվեստով: Օժտված լինելով աստվածաբանական հարուստ գիտելիքներով՝ նա իր հորինվածքները կառուցել է խորհրդանշական շեշտադրումներով, երբեմն՝ աննախադեպ մտահղացումներով:
Մի անգամ մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանը Նորավանքում կազմակերպել է մրցույթ՝ 40 քարգործների մասնակցությամբ՝ որոշելու համար, թե ով ավելի արագ կքանդակի մեկ մատնաչափ խաչ: Հաղթել է 16-ամյա մի պատանի՝ ապագա Մոմիկը:
– Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և՜ հաղթողի մրցանակը տանք, և՜ Մոմիկ մականունը,– ասել է Օրբելյանը:
«Մոմիկի պատկերած ֆիգուրները շարժուն են, արտահայտիչ և թեթև, բաց գունային գամմա ունեցող հագուստներով նրանք հիանալի դրսևորվում են շատ ավելի ծանր, մուգ գույներ ունեցող ճարտարապետական կառույցների ֆոնի վրա»:
Ստեփան Մնացականյան,
ճարտարապետության պատմաբան
Նորավանքի գավիթի «Աստված և հայր» քանդակը

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...