ԳԱՐՈւՆ Է ԳԱԼԻՍ
Ծիլերն են դաշտում կանաչին տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս։
Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով գնում է հեռու,
Գնում է դեպի ծովը անհատակ։
Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին,
Հանգստանում է մի ոտքի վրա։
Ժպտալուց առաջ բողբոջն է լալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս։
Աղբյուրներն ուրախ իրար են կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքի բույր Է հողն արտաշնչում.
Մեղուն քանդում Է ակնամոմը թաց։
Մեղուն ուզում է դուրս գալ ու թռչել,
Խաղալ է ուզում արևի շողով,
Ուզում է իր նուրբ թևերը թրջել
Երազում տեսած ծաղկունքի ցողով։
Ողջ բնությունն է հրճվանքից լալիս,
Դռներր բացեք, գարուն է գալիս։
Ծիծառներն անցնում փարախի կողքից
Եվ պատուհանի փեղկին են դիպչում,
Իսկ գառը ներսում արևի շողքից
Խրտնել անկյունից անկյուն է թռչում։
Կանգնել է ներին փարախի դռան`
Հեռու լեռների երազն աչքերում,
Նեղվել է հովվի սիրտը անվարան`
Չորս պատերի մեջ էլ չի համբերում։
Լեռներն իրարու ողջույն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս։
Հողն է մայրության հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան ազատ լինի նա,
Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
Ոչ մի հավքի բույն թափուր չմնա։
Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
- Դռները բացեք, գարուն է գալիս...
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
1950թ.

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...