ԱՌԻՒԾԱԾԻՆ ՄԱՅՐԵՐ

Մայրերի ափի մէջ պիտ փնտռել ազգերի ճակատագիրը

Մօր ազդեցութիւնը - որպէս դաստիարակչուհին եւ հոգեւորիչը մարտնչող սերունդների - նրա հրաշագործ ազդեցութիւնը այն ժողովուրդների համար, ինչպիսին է մերը, կը մնայ միակ լծակը, որ պիտ բարձրացնի եւ մեր ազգային դատը, որի ծանրութիւնը այսօր սարսափեցնում է միայն անհայրենասէրներին:

Բնութիւնը - ասւած է - կնոջ ձեռքով կը գրի տղամարդկանց սրտի մէջ: Ահա թէ ինչո՛ւ հայ կինը պիտ դառնայ հայրենապաշտութեան տաճարի Վեստեան Կոյսը, նշանակւած՝ անշէջ պահելու նրա սրբազան կրակը:

Հայուհին, որին կարելի է ճանաչել հազարաւոր օտարուհիների մէջ այն կնիքով, որ նրա ճակտին դրել է ձիգ դարերի տառապանքը, որ կարող է փոխարինել խաչափայտի առջեւ իր աստւածանման որդու վէրքերը սգացող Տիրամօրը - հայ կինը աւելի հերոսուհի, քան թախծութեան մայր պիտ լինի: Նրա շրթունքներից պիտի չպակասեն ժանդարկեան բառերը՝ ուղղւած մեր սերունդներին. «Եթէ յոգնած էք, դադար առէք, բայց մի' լքէք կռւադաշտը, մի՜ դասալքէ՚ք»:
Նա միայն պիտի չողբայ վէրքերն իր Հայրենիքի, այլ եւ մեր սերունդներին անսահման սէր ու պաշտամունք պիտ ներշնչի դէպ այդ վէրքերը:
Նա աւելի պիտ սիրի եւ հպարտանայ, քան կարեկցի: Նրա հայրենասիրութիւնը եւս - աստւածային կրակ, բոց ու ջերմութիւն - պիտ արթնացնի թմրած առիւծը իր ժողովրդի մէջ, պիտ բարձրացնի մեր առօրեայ կեանքի թափը, պիտ քաղցրացնի ու հեշտացնի անձնազոհութիւնը: Ոգիացած հայրենասիրութիւն, որից ժողովուրդները ստեղծում են մի հրաշագործ ոյժ, անհրաժեշտ՝ Հայրենիքների անկախութեան ու հզօրութեան համար:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...