Մշակույթ 🇦🇲

Հայացքը երկնքից չկտրող սուրբը, կռվից վերադարձող հաղթական զինվորը, իր ժողովրդի ցավերը և ուրախությունները երգի վերածող աշուղը, արվեստագետը՝ գեղեցիկի երկրպագու, իմաստասերը, պետական գործիչը, բարերարը, գիտության մարդը - սրանք բոլորը, իրենց միաբան և ստեղծագործ դեգերումներով, նպաստում են իրենց ժողովրդի մշակույթին: Արժեքներ՝ գիտական, գեղարվեստական, բարոյական - ահա՝ մշակույթը: Ավելի ճիշտը՝ դա արժեքների նվիրապետորեն կազմակերպված ամբողջություն է:
Սրբագրենք այն մեծ մոլորանքը, ըստ որի՝ գոյություն ունի մի ընդհանուր, միջազգային, համամարդկային մշակույթ: Միջազգային է քաղաքակրտությունը, նաև ապակրոն, և այդ է պատճառը, որ դա խեղդում է մշակույթը: Կեղծիք է նման մշակույթը, անգոյ: ճշմարիտ մշակույթը միշտ էլ կրում է տվյալ ժողովրդի անհատականության կնիքը: Ամեն ժողովուրդ՝ իբրև անկրկնելի անհատականություն, ունի իր զարգացման - իր ինքնակառուցումի և ինքնահայտնաբերումի ուրույն ճամփաները: Օտար մշակութային արժեքների իրացումը - մասնավորապես նրա արտաքին փայլի, նրա բացասական կողմերի իրացումը - տկարացնում է իրացնողի ազգային ոգին: Չկա մշակույթ առանց կրոնականության զգացումի: Ցամաքում են նրա ստեղծագործ խանդի աղբյուրները, հենց որ դա դառնում է նյութապաշտիկ: Հայը պիտի դավանի «հոգու» առաջնությունը նյութի նկատմամբ, և աշխատի, որ հայ մշակույթը ոչ թե տոնի տարին մի անգամ, այլ՝ իբրև հոգևոր արժեքների ամբողջություն՝ ապրի ամեն օր: ժողովուրդներն իրենց մշակույթի մեջ դնում են իրենց կատարելության ձգտումը:
Մարդն այն է հոգևորապես, ինչ որ է իր ստեղծած մշակույթը:
Մի այլ մոլորանք: Արդյո՞ք ամեն ժողովուրդ կուլտուրական է, քանզի լեզու և գրականություն ունի: Ոչ, իհարկե: ճշմարտապես կուլտուրական կոչվելու համար բավական չեն գրողն ու գիրքը, գիտնականն ու գիտությունը: Կասկածելի է այն մշակույթը, որի ստեղծողի հոգևոր կյանքում ավելի փուշ ու տատասկ են աճում, քան՝ բարության ծաղիկներ: Բնավ կուլտուրական չէ՝ ներքին իրերակերությամբ բռնված ժողովուրդը: Մշակույթը ենթադրում է սրտի ջերմություն, մարդկայնություն, խղճմտանքի արթնություն, մտածումի և հարաբերությունների ազնվություն, նպատակների վսեմություն - արժեքներ, որոնց պակասի պատճառով այսօրվա հայ կյանքը վերածված է դժոխքի: Մինչև որ մեր զույգ սրբերին՝ Սահակ-Մեսրոպին չմիանա մտածումի, ապրումի և գործի ազնվությունը՝ պիտի չկարողանամ առանց
ամոթախառն ցավի մեզ կուլտուրական անվանել:

Գարեգին Նժդեհ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...