ՄՇՈ ԴԱՇՏԷն Մշո դաշտ կըսին, հին քարի գեղ է Էն Մշո ջուր կըսին, հիվընդի դեղ էՄշո դաշտ
Պետք է տեսնել այդ դաշտը,ուսումնասիրել այդ դրախտանման տարածությունը, բնակիչներին, արգավանդ արդյունքը, ծծել սքանչելի օդը, խմել անուշահամ ջուրը, աչքի առջև միշտ այստեղ բնակվող ժողովրդի առողջ , պարթև հասակը, լայն թիկունքը, արևակեզ, սակայն հրացայտ աչքերով գեր դեմքը, տեսնել նրա աշխատանքը, նրա տաժանալի կյանքը և ցավերը լսել:
Ոչ մի լեռնաշղթա չունի Մուշի սարերի պես շքեղ տեսարաններ, բնության վայրենություններ, ծաղկավետ, ջրառատ և անտառապատ գագաթներ` բաժանված ձորերով, ակոսված ծործորներով,զարդարված արծաթյա ժապավենի պես անհամար փայլփլուն վտակներով, մի կողմում ահագին գեղածիծաղ դաշտը, ետևում երբեմն մռայլ և երբեմն փրփրադեզ Վանա ծովը, միայլ կողմում բյուրակնյա այն լեռները, որոնց համար Վենետիկյան հայրերը պնդում են, թե դրածտի տեղ է եղել և որ բուսականությունը միակն է Հայաստանի մեջ:
Վրթանես Փափազյան
Մշո դաշտ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Արևելյան Եփրատի միջին հոսանքում, զբաղեցնում է Մեծ Հայքի Տարոն նահանգի մի մասը։
Մշո դաշտը ալիքավոր մակերևույթով աստիճանաձև իջվանք է Հայկական Տավրոսի համակարգում։ Երկարությունը մոտ 65 կմ է։ Գտնվում է 1200-1500 մ բարձրության վրա։ Հիմքում օլիգոցեն-միոցենի ծալքավոր կրաքարամերգելային գոյացություններ են՝ ծածկված անթրոպոգենի լճագետային և ալյուվիալ նստվածքներով։ Մշո դաշտով է հոսում Արածանին՝ ընդունելով Մեղրագետը։ Կլիման ցամաքային է, հունվարին միջին 0-ից մինչև 4 °C աստիճան է, հուլիսինը 24-26 °C։ Բնորոշ է տափաստանային բուսածածկույթով:
Մուշը կարևոր դեր է խաղացել հատկապես Արևմտյան Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքում։ Այն գտնվում է համանուն արգավանդ Մշո դաշտի հարավային մասում, Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին, Կորդուք և Ծիրանակատար ոչ բարձր լեռների փեշերին, թեք սարալանջի վրա։ Նրա հեռավորությունը Արածանիից (Արևելյան Եփրատ) մոտ 20 — 25 կմ է։ Քաղաքի հարավային կողմում ձգվող լեռնապարը և հեռու արևելքում բարձրացող Նեմրութ լեռնագագաթը մի առանձին գեղեցկություն են տալիս նրա համայնապատկերին։ Մշո դաշտում բնակվող հայերը զբաղվում էին հացահատիկների և բանջարեղենի մշակմամբ, ինչպես նաև անասնապահությամբ:
Комментарии
Отправить комментарий