Անահիտին, այդուհանդերձ, հաջողվեց փրկել բանաստեղծի գենը՝ իրականացնել պոետի երազանքը՝ ունենալ երեխա: Վահան Տերյանն ասել է ընկերոջը. ՙԵթե երեխա ունենամ, կնստեցնեմ գրասեղանիս և այդպես կաշխատեմ: Ավաղ, Տերյանի միակ զավակը, նրա դուստր Նվարդ Տերյանը ծնվեց նրա մահից երեք ամիս անց և իր սիրելի Վահանի դստեր կյանքը պահպանելու համար Անահիտը ստիպված էր գնալ զոհողության: Որովհետև Վահան Տերյանի ընկերներ համարվող անձինք՝ Ալեքսանդր Մյասնիկյանը և Պավել Մակինցյանը, որոնք այդ ժամանակ սկսել էին թագավորել Հայաստանում, չցանկացան օգնել իրենց ընկերոջ զավակին: Նույնիսկ չթույլատրեցին, որ Անահիտը երեխային բերի Հայաստան, այլ կարգադրեցին Նվարդ Տերյանին հանձնել մանկատուն, որտեղ նա, անտարակույս, կմահանար: Չէ՞ որ, այդ ժամանակ Մոսկվայում սով էր: Իսկ Մակինցյանն ավելի ստոր քայլի գնաց՜ նա իր չեկիստ ընկերներից մեկի հետ ներկայացավ յոթամսական հղիություն ունեցող քսանամյա Անահիտին և ատրճանակի սպառնալիքի ներքո՝ պետականացման անվան տակ սեփականացրեց Անահիտի մոտ մնացած նրա ամուսնու ձեռագրերը: Եվ մինչև օրս էլ այդ ձեռագրերը թաքցված են հայ ժողովրդից: Որովհետև Պավել Մակինցյանի դուստրը հրաժարվում է ձեռագրերը հանձնել Հայաստանի արխիվներին, չնայած նրա բոլոր պահանջները կատարվել են: Մասնավորապես, առանձին գրքով հրատարակվել են Մակինցյանի աշխատությունները: Սակայն այդ կինը նմանվել է Պուշկինի հայտնի ՙպառավին՚ և այժմ ցանկանում է ընդունել տալ այն միտքը, թե եթե չլիներ Պավել Մակինցյանը՝ Տերյանի անունն այսօր մոռացված կլիներ: Մինչդեռ հակառակն է, ո՞վ այսօր կհիշեր Մակինցյանին, եթե նա չհամարվեր Տերյանի ընկերը՝ ապերախտ ընկերը, ինչպես պարզվեց պոետի մահից հետո: Մակինցյանի դուստրը նաև ցանկանում է, որ Վահան Տերյանի թանգարանի անվան տակ Երևանում ստեղծվի Պավել Մակինցյանի թանգարան:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...