ՄԱՅՐԵՐԻ ԱՓԻ ՄԵՋ ՊԻՏԻ ՓՆՏՐԵԼ ԱԶԳԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ: 

«Իսկ սէր եւ նւիրում դէպ Հայրենիքը, ներշնչում եւ սնուցանում է Հայրենասեր մայրը: 
Ահա թե ինչու մեր իրականութեան մէջ Մայր անունը պիտ դառնայ ու մնայ սրբազան մենաշնորհը միայն ու միայն Հայրենակրոն մայրերի, եւ ոչ թե բոլորի:Իրենց որդիներով պիտ ճանաչել եւ գնահատել կանանց: 
Հայրենիքը սկսվում է մոր կրծքից, արցունքից, սիրուց ու նրանց որդիների թափած արյունից… 
Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»

Գարեգին Նժդեհ

Հայուհին, որին կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով, որ նրա ճակատին դրել է ձիգ դարերի տառապանքը, որ կարող է փոխարինել խաչափայտի առջև իր աստվածանման որդու վերքերը սգացող Տիրամորը, հայ կինը ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի: Նրա շրթունքներից պիտի չպակասեն Ժանդարկյան բառերը` ուղղված մեր սերունդներին. «Եթե հոգնած եք, դադար առեք, բայց մի՛ լքեք կռվադաշտը, մի՛ դասալքեք»: Նա միայն պիտի չողբա վերքերն իր Հայրենիքի, այլև մեր սերունդներին անսահման սեր ու պաշտամունք պիտ ներշնչի դեպ այդ վերքերը: Նա ավելի պիտի սիրի և հպարտանա, քան կարեկցի: Նրա հայրենասիրությունը ևս՝ աստվածային կրակ, բոց ու ջերմություն, պիտի արթնացնի թմրած առյուծը իր ժողովրդի մեջ, պիտի բարձրացնի մեր առօրյա կյանքի թափը, պիտի քաղցրացնի ու հեշտացնի անձնազոհությունը: Ոգիացած հայրենասիրություն, որից ժողովուրդները ստեղծում են մի հրաշագործ ուժ, անհրաժեշտ` Հայրենիքների անկախության ու հզորության համար: Հաճախ վիրավոր, բայց հոգեպես անպարտելի. միայն նման ժողովուրդներն են հաջողում պատմության մեջ: Հաջողում են նրանք, որոնք ծանոթ չեն հուսահատություն կոչված տկարության: Իսկ չեն հուսահատվում ժողովուրդները, որովհետև գիտեն, որ մեկի հայրենի հողը չի կարող մյուսի համար մնայուն հայրենիք դառնալ, որ դա Հավիտենական Արդարության Օրենքի ուժով վաղ թե ուշ վերադարձվում է իր տերերին, եթե այդ վերջինների մեջ չի նվազել սերը դեպ հարազատ երկրամասը: Իսկ սեր և նվիրում դեպ Հայրենիքը, ներշնչում և սնուցանում է հայրենասեր մայրը:
Հայ կնոջ միջոցով դարձի և զգաստության հրավիրենք հայության ազգայնորեն տկարացած տարրերը: Նրա պաշտպանության ու գուրգուրանքին հանձնենք մեր մայրենի լեզուն, Եռագույնը, անկախության Մայիսը` սրբությունները մեր ցեղի:
Իդեալ մայրեր ունենանք երջանիկ Հայրենիք ունենալու համար: Այլապես, քանի դեռ հայրենաշունչ մայրը կմնա որպես «բացակայող աստվածություն» հայ ընտանիքների համար, թուրքը պիտ շարունակի իր արնոտ խրախճանքը մեր սգվոր Հայրենիքում: Կգարշեմ այն բոլորի հայրենասիրությունից, որոնք դեռ թուրքերեն կխոսեն: Թրքախոս Հայ, հայրենասե՞ր … Ողորմելի, փափկամարմին, ծույլ հայրենասիրություն, որ իր մայրենի լեզուն յուրացնելու ճիգն իսկ չի փորձում: Անհեթեթություն: Լավ է համր, քան թրքախոս լինել:
Հայ կինը: Սրա միջոցով հոգեփոխենք հայ ընտանիքը: Այդ վերջինի միջոցով`հայությունը: Սկսենք հայ կնոջից, աշխատենք անդուլ մինչև որ սրա կաթը դառնա հայրենապաշտության սրբազան կաթը: Հայրենապաշտորեն դաստիարակենք հայ կինը և նրան թողնենք մեր մատաղ սերնդի դաստիարակության գործը:
Ապագան վտանգված մեր որբախնամ ժողովուրդը, մեկ էլ կրկնենք` չկորչելու համար հրամայողաբար պիտի դառնա արիադավան և արիախնամ: Հայ կնոջից սպասենք հոգեբանական այդ հրաշքը:

Գարեգին Նժդեհ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...