Մի ավանդություն լավաշի մասին
Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի, ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային: 11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան: Ըստ մեկ այլ ավանդության` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր, որից հետո պիտի կռվեր առյուծի դեմ: Ամեն օր նրան այցելում էր իր թիկնապահը` գոտու արանքում գաղտնաբար բերելով թարմ լավաշ: Արդյունքը լինում է այն, որ իշխանը հաղթում է առյուծին: Սա վկայում է, որ լավաշը մեծ զորություն ունի հայոց համար և հայ օջախներում այն իբրև սրբազան նշխար է ընկալվում:


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...