Աշխարհի ամենագեղեցիկ լեռը՝Բիբլիական ԱՐԱՐԱՏԸ ձմռանը:
Հողմերը գալիս են ու գնում, Արարատ Սուրբ Լեռը
միշտ կանգուն է…
Ի՞նչ կա ավելի ծանր ու խղճալի,
Քան թե կսկիծը որդեկորույս մոր:
Իսկ եթե դա էլ քիչ են համարու՞մ
Եվ սպանվածի դիակը, դիտմա՛մբ,
Տնկում են թշվառ մոր աչքի առջեւ՝
Ո՛չ թե մի շաբաթ,
Այլ ձի՜գ տարիներ…
-Դե՜, եթե մայր ես, եկ մի՛ ցնորվի…
Արարատն - այսպե՛ս - դրել են ահա Երևանի դեմ…
Պարույր Սևակ
Աստվածաշունչում գրված է. "Եւ եօթներորդ ամսում` ամսի տասնեւօթներորդ օրը տապանը Արարատ սարի վերայ
նստեց" (ԳԼ Ը. 4): Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, նավարկության 150-րդ օրը, Նոյան տապանը կանգ առավ
Արարատ լեռան վրա: Այդ օրը մարդկությունն ապրեց իր երկրորդ ծնունդը Հայաստանում` Արարատ լեռան վրա:
Դրանով սրբագործվեց հայոց հողը, ու հենց դրա շնորհիվ Հայաստանն ընդմիշտ դարձավ Սուրբ Երկիր, իսկ Արարատը`
Սուրբ Լեռ:
Հայ ժողովրդի համար Արարատն օրհնյալ լեռ է: Արարատը Հայրենիքի խորհրդանիշն է աշխարհի տարբեր
անկյուններում ապրող ամեն մի հայի համար:
Հնուց Հայաստանն ուխտագնացության վայր է եղել աշխարհի շատ ժողովուրդների համար: Օտարերկրացիները,
որպես ուխտագնացներ, Հայաստան են եկել դեռևս հին ժամանակներում, երբ լեռը պատված չէր ձյունով, և
տեսանելի էր հսկայական Նոյան տապանը: Հետագայում, երկրագնդի ջերմաստիճանի նվազման արդյունքում,
տապանը, որը մի ժամանակ փրկել էր մարդկության կյանքը, մնաց ձյան տակ: Շատ գիտնականներ և հետազոտողներ
փորձել են գտնել տապանը: Այդ նպատակով Արարատ լեռը նկարահանվել է արբանյակային տեսախցիկներից:
Բազմաթիվ հետաքրքրաշարժ փաստեր են բացահայտվել, որոնք անուղղակիորեն հաստատում են տապանի
գոյությունը: Այնուամենայնիվ, շատ առեղծվածներ դեռևս սպասում են իրենց բացահայտմանը:
Արարատ լեռն իր անզուգական գեղեցկությամբ շատ գրողների ու նկարիչների համար եղել է ոգեշնչման աղբյուր:
Բիբլիական Արարատը միշտ եղել և մնում է հայոց բազմադարյան պատմության "լուռ վկան": Արարատն ամեն
վայրկյան աշխարհին հիշեցնում է մարդկության և հայ ժողովրդի հանդեպ գործված մեծագույն ոճիրը` Հայոց
Ցեղասպանությունը: Արարատ լեռը հավերժական հուշարձան է 1915 թվականին Օսմանյան կայսրության
(Թուրքիայի) կողմից դաժանաբար սպանված մոտ 2 միլիոն անմեղ հայ զոհերի հիշատակին:
Հայ ժողովրդի սրտում մշտապես անսասան կմնա հավատը, որ պատմական այս մեծագույն անարդարությունը մի օր
կուղղվի, Թուրքիան կճանաչի իր մեղքը, և Արարատը կազատագրվի:
Ու չնայած, որ Արարատ լեռն այսօր Հայաստանի պետական սահմանից այն կողմ է, Սուրբ լեռան գեղեցկագույն
տեսարանը բացվում է Հայաստանից:



Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...