«Նա եկավ, երգեց ու գնաց…»
Եղիշե Չարենց
Ես արդեն անցել եմ ճանապարհը
Երկրային բոլո՛ր հույզերի.
Ինձ համար արդեն դժվար է
Հավատալ երգերին ու սերին:
Էլ ինչո՞ւ ես ուզում դու կրկին
Բորբոքել իմ հոգում նոր սեր.
Էլ դժվար թե դառնամ ես երգիչ
Եվ սիրո սոնետներ հյուսեմ:
Կար մի օր գանգրահեր մի տղա,
Նա սիրում էր սիրել երազները,
Նա սիրում էր աչքերը խաղաղ,
Նա սիրում էր կանացի վարսերը:
Նա գնաց, գանգրահեր այն տղան,
Եվ անդարձ տարավ իր հետ
Այն ամե՛նը, ամե՛նը, որ նրան
Դարձնում էր քնքուշ ու պոետ:
Եվ նրա փոխարեն հիմա
Կանգնած է անկիրք ահա դեմըդ
Մոխիրե աչքերով մի մարդ,
Որ անցել է դրախտն ու գեհենը:
Ախ, այնպես դժվա՛ր է նրան
Հավատալ երգերին ու սերին, —
Նա արդեն անցել է ճանապարհը
Երկրային բոլո՛ր հույզերի...

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...