ԿՈՄԻՏԱՍ
(Փանոս Թերլեմեզյանի հուշերից)
«Թող ողջ մնա իմ ժողովուրդը, նրա սրտում ես երբեք չեմ մրսի: Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի հարազատ հոգին»: Կոմիտաս
Կոմիտասը և Թերլեմեզյանը եղել են մտերիմ ընկերներ: 
Մի անգամ, երբ ես իմ աշխատանոցումն էի, խոհարարը եկավ, թե ոսկե զարդերով կառք կա կանգնած դռանը, և քեզ են հարցնում: Վար իջա, տեսնեմ` կայսեր արարողապետ Իսմայիլ Ջանանի բեյը, որ կառքի միջից թույլտվություն խնդրեց նկարներս տեսնելու:
Բարձրացանք մեր տան երկրորդ և երրորդ հարկերը, ու նա ուշիուշով դիտեց բոլոր նկարները: Վար իջնելիս, երբ Կոմիտասի սենյակի դռան առջևից էինք անցնում, ասի, որ չէի՞ք բարեհաճում Կոմիտաս էֆենդիին ծանոթանալ: Նա պատասխանեց. «Կուզեի, բայց կրնա ըլլալ, որ խանգարեմ»: Ասացի. «Բնավ չեք խանգարի», և Կոմիտասի սենյակի դուռը բանալով` ներս հրամցրի: Նրանք ծանոթացան, և արարողապետը ոտքի վրա դիտեց այդ սենյակում կախված իմ նկարները: Սուրճ խմելուց հետո ինձ դարձավ. «Չեմ համարձակվում, ապա թե ոչ, պիտի խնդրեի Կոմիտաս էֆենդիին որևէ մի բան նվագել կամ երգել»:
Կոմիտասը, լսելով այդ կամացուկ և ֆրանսերենով ասված նախադասությունը, անմիջապես գնաց պիանոյի մոտ և ինքն իրեն ակորդներ վերցնելով` երգեց Շուբերտից գերմաներեն մի երգ այնչափ խորունկ զգացումով, որ մենք քարացել էինք: Նրա վերջացնելուց հետո էլ բավական ժամանակ լուռ էինք, երբ Թուրքիո դիվանագետը, ինքն իրեն չկարողանալով զսպել, ձեռքը սեղանին խփեց և ասաց. «Sapristi! (գրողը տանի), ութ հարյուր տարվա պետություն ենք և ցարդ մի այսպիսի արվեստի և արվեստագետների տաճար չունեցանք»:
Այդ սուլթանական գործեր վարող դիվանագետը մեկնեց սրտմտած: Իսկ նրա մեկնելուց հետո ես շնորհավորեցի Կոմիտասին նրա հաղթանակի համար, և վերկացանք երկուսս միասին «Լաչիմ նանա» պարեցինք:
Այդ պարը նա սովորել էր Կոտայքի Ղըրխբուլադ գյուղում` ճեմարանի աշակերտ եղած ժամանակ:
(«Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից)
(Նկարում`Կոմիտաս վարդապետ. գործ` Փանոս Թերլեմեզյանի, 1913թ.)

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...