Օրբելյանների զինանշանը

Զաքարյանների իշխանապետության հզոր, ինքնօրեն իշխանատոհմերից են Օրբելյանները: Մոր կողմից Բագրատունիներից սերված Օրբելյանները, որ տիրույթներ ունեին Լոռիում և Ձորագետում, Հայաստանի արևելյան սահմանագլխին հայտնվեցին 12-րդ դարի վերջին:
Սյունիքի Օրբելյանների տոհմական հոգեւոր կենտրոն Նորավանքում, Աստվածածին եկեղեցու արեւմտյան ճակատին տեղադրված է Սյունյաց Օրբելյանների զինանշանը՝ ճանկող արծվի պատկերով բարձրաքանդակը` մագիլներում գառ /եղնիկ/։
Օրբելյանների իշխանատոհմի առաջին ներկայացուցիչների շրջանից զինանշանային պատկերներ չեն պահպանվել: Այն օրինակները, որ հասել են մեզ, վերաբերվում են 14-րդ դարի սկզբին և առաջին կեսին:
Զինանշանանյին երկու պատկերներ պահպանվել են Օրբելյանների տոհմական տապանատանը՝ Նորավանքում:
Կառուցման թվականով վաղագույնը Սմբատ Բ-ի դամբարանում գտնվող Տարսայիճ Ա-ի որդի Էլիկում Դ-ի տապանաքարի բարձրաքանդակն է: Այն պատրաստված է 1310-ական թվականներին: Տապանաքարի վրա փորագրված է հասակով մեկ կանգնած առյուծ, որը մարմնի վերնամասով շրջվել ու նայում է դիտողին: Առջևի թաթերը հպված են կողերին: Դեմքը տիրական է, խորն ընկած աչքերը՝ վեհ ու հերոսական, մեջքին առկա է բծավոր բաշը: Պոչը ոտքերի միջնամասով փաթաթված է ոտքին: Որպեսզի պարզ լինի, որ իրոք, տապանաքարի վրա զինանշան է պատկերված, ընթերցենք տապանագիրը. «Թվիս ՉԽԹ (1300): Զգեղեցկատիպն Էլիկում, որդի մեծի Տարսայիճին որ առյուծորեն խրոխտ մռընչեր ընդէմ այլասեռ գնդին...»:
Արձանագրությունից հետևում է, որ Էլիկում Դ-ն առյուծաբար կռվել է այլացեղ թշնամիների դեմ: Հավանաբար, նույն պատկերը եղել է նաև նրա դրոշի վրա:
Բուրթելաշեն եռահարկ եկեղեցու հյուսիսային պատի արևմտյան կողմում, պեղումների ժամանակ գտնվել է մագիլներով գառ բռնած արծվի արձանային քանդակ: Զինանշանը պատրաստվել է եկեղեցու կառուցման ժամանակ՝ 1330-ական թվականներին: Զինանշանը, ինչպես և եկեղեցին, հավանաբար, կերտել է Մոմիկ ճարտարապետը: Արծիվը պատկերված է դիմահայաց, հզոր, տիրական գլխով, ուղղորդված, սուր հայացքով: Թևերը մարմնից հեռացած ու ուղղահայաց իջնում են ներքև: Հոդերի մասում ձևավորված են կլոր վարդյակով, իսկ ընդհանրապես՝ զուգահեռ փոսիկներով: Մարմնի ներքնամասից սկիզբ առնող ոտքերը մշակված են թեփուկաքանդակային եղանակով: Հզոր մագիլներով հենված է գառան ողնաշարի վրա: Թեև վերջինիս մարմնի ոչ մի մանրամասնը շեշտված չէ, բացի ականջներից, բայց պատկերված է իրական գծերով: Կենդանու վիզը մարմնի համեմատ երկար է, ինչը երբեմն գառը եղնիկի հետ շփոթելու պատճառ է դառնում: Կենդանին պատկերված է առջևի ոտքերը ծալած, ծնկած վիճակում և լիովին արտահայտում է Օրբելյան իշխանավորի գերագահ դիրքը շրջապատի թշնամիների նկատմամբ, որոնց պահել է ծնկաչոք վիճակում: Հիշատակարաններում հենց այդպես էլ խոսվում է Բուրթել Բ-ի մասին, որ ժամանակակիցներից ստացել է Մեծ հորջորջումը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...