ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՆՔ

Թարգմանչաց (Խաչակապ) անապատ վանք, 4-րդ դարի հայկական վանք՝ պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում, ներկայումս՝ Ադրբեջանի Դաշկեսանի շրջանի Խաչակապ գյուղից 1,5 կմ հյուսիս՝ երկու փոքրիկ ձորակների միջև՝ հարավահայաց լեռնալանջի հարթության վրա, Բոլորաջուր (Բոլորանց) գետակի աջ ձորալանջին գտնվող միջնադարյան հայկական վանական համալիր, որը շրջապատված է գեղատեսիլ, անտառածածկ լեռներովծովի մակերևույթից 1315 մ բարձրության վրա:
1900 թվականին այստեղ էր պահվում Թարգմանչաց ավետարանը, որի ստեղծման պատմությունը վերագրվում է 13-րդ դարին: Դրանում մեծ ավանդ են ունեցել Արցախի ու Սյունիքի իշխանները։
Եկեղեցին փոքր է, խաչաձև հատակագծով՝ շարված անտաշ քարերով։ Ունի գմբեթ և ցածրիկ փոքր դուռ, կաթողիկե, տասը լուսամուտ, երկու խորհրդարան, խաչաձև կամարների վրա հանգչող գավիթ՝ կառուցված 1800 թվականին, ինչպես նաև հյւորասենյակներ և օժանդակ շինություններ։ Ողջ համալիրը շրջապատված է եղել պարիսպներով։ Վանքը կառուցվել է 989 թվականին, իսկ ըստ ավանդության՝ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ։ Շրջակայքում պահպանվել են բազմաթիվ խաչքարեր, մահարձաններ ու տապանաքարեր, գետնափոր դամբարան։ Համալիրի շուրջը կան պտղատու այգիներ, սառնորակ աղբյուր՝ Թարգմանչաց աղբյուր անունով։ Վանքը գործում էր մինչև 20-րդ դարի սկզբները։ 19-րդ դարի վերջին այն վերանորոգվել է գանձակեցի Ներսես Բեկ Աբրահամ Տես-Ներսիսյանի միջոցներով։ Միջին դարերում եղել է հայ գրչության նշանավոր կենտրոն։ Մակար Բարխուդարյանի վկայությամբ՝ վանքում պահպանվում էին երեք ձեռագիր ավետարաններ, որոնցից երկուսը գրված են եղել 1312 և 1640 թվականին։ Սրանից մեկը, ըստ նրա, արվեստի հիասքանչ կոթող էր։ Վանքում պահվում էին նաև եպիսկոպոսական թագ և այլ հնություններ։ Այժմ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում է պահվում վերոհիշյալ 13-րդ դարի ձեռագիրը, որն անվանվում է Թարգմանչաց Ավետարան։ Վանքը լքվել ու ամայացել է 20-րդ դարի սկզբներին: 1989 թ-ին Խաչակապ գյուղի բնակիչ Իսահակ Բաղյանը մեծ դժվարությամբ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղ է տեղափոխել Թարգմանչաց վանքին պատկանող խաչքարերից երկուսը (17-րդ դար, 1608 թ.), որը գյուղի բնակիչների համար դարձել է յուրօրինակ սրբատեղի։
Վանքի հիմնադրումը ավանդաբար կապվում է Ե դարում Սբ. Մեսրոպ Մաշտոցի կողմից Ուտիքում քրիստոնեական քարոզչություն ծավալելու հետ (այդտեղից էլ՝ Թարգմանչաց անվանումը)։ Եղել է հյուսիսարևելյան Հայաստանի հոգևոր-մշակութային առավել հայտնի ու արգասավոր կենտրոններից մեկը:
Վանքի միակ եկեղեցին օծվել է Սբ. Սահակ-Մեսրոպի անվամբ:
Թարգմանչաց վանքը գտնվում է Խաչակապ գյուղից մոտ 3 կմ դեպի հյուսիս. բաղկացած է մի փոքր եկեղեցուց, ընդարձակ գավթից ու զանգակատնից: Պարսպափակ բակում պահպանվել են այլ շինությունների հիմնապատերը: Ըստ ավանդության, վանքը հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի ներկայությամբ, սակայն ներկայումս կանգուն շենքերը ոչ մի կերպ չեն առնչվում 5-րդ դարի արվեստի հետ: Այդ հնագույն շրջանին կարող է վերաբերվել այն ստորերկրյա դամբարանը, որը գտնվում է բակում` հյուսիսային դարպասի դիմաց: Դամբարանի վրա եղած շենքերն այժմ փլատակներ են նորության կնիքով, իսկ բուն դամբարանը համակ սրբատաշ և մեծամեծ քարերով շինված մի փոքր տարածություն է, ուր իջնելու համար շինած են նեղ աստիճաններ: Անվանի նահատակների մասունքների վրա նման դամբարանների գոյությունը Արցախում հիշատակված է մատենագռության մեջ և ապացուցվում է իրական մնացորդներով: Եկեղեցին մի փոքր շենք է, գմբեթավոր, հարավից և հյուսիսից արտաքուստ կցված ավանդատներով: Շինված է անտաշ քարերով, ունի բազմաթիվ նորոգումների հետքեր, որոնց ընթացքում, որպես շինանյութ, օգտագործվել են բազմաթիվ խաչքարեր, որոնք վերաբերվում են 10-17-րդ դարերին: Հուշարձանի պատերին երեք տեղով ագուցված են առանձնակի քարեր, որոնց վրա նշանակված է միևնույն 989թ.: Դրանք հին արձանագրության մաս չեն, ըստ երևույթին նորոգումների ժամանակ ավերված հին հիշատակագրության փաստական արժեքը հաստատող վկայություններ են: Նշված թվագրությունը համապատասխանում է եկեղեցու հին մասերի ճարտարապետական և կառուցողական արվեստի այդ շրջանի առանձնահատկություններին: Նույն ժամանակներին վերաբերվող մի բեկոր, վրան բարձրաքանդակ վիշապով, ագուցված է եկեղեցու արևելյան պատի վերին մասում, պատուհանի մոտ: Նույն տեղում ագուցված է նաև կլոր պատուհանի մի բեկոր, որն ունի հնագույն քանդակների գոտի: Գմբեթը ցածր է, ութկողմանի, ենթարկվել է բազմաթիվ նորոգումների, ըստ երևույթին ամենամեծը 16-17-րդ դարերում, որովհետև նրա ստորին մասի ամբողջ շարքը, ներքուստ, բաղկացած է այդ դարերին վերաբերվող 28 խաչքարերից: Վանքի գավիթը կառուցված է 1890թ., իսկ զանգակատունը` 1856թ.: Վանքը շրջափակված է պարսպով, որը մեծ մասամբ այժմ ավերակ է: Ավերակ են նաև բակում եղած օժանդակ շինությունները:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...