Հայ հին նշանավոր գերդաստանների շարքում իրենց արժանի տեղն ունեն Բեհբությանները (Բեհբութովները), որոնք ապրել եւ գործել են Վրաստանում։ Գերդաստանի անվանադիր նախահայրը եղել է Խոջա Բեհբութը (16-րդ դար), որը պատմության մեջ հիշվում է նշանակալից փաստով՝ կառուցել է Հավլաբարի (Թիֆլիսի հնագույն թաղամասերից մեկի) հայկական եկեղեցին, որի շուրջը տարածվել է Խոջիվանքի գերեզմանատունը՝ հայոց մեծերի պանթեոնը։ Այստեղ են թաղված Րաֆֆին, Թումանյանը, Մուրացանը եւ շատ այլ նշանավոր հայեր։ Բեհբությանները մեծ ազդեցություն են ունեցել վրաց արքունիքում, եւ պատահական չէր, որ 1714թ. սկսած` ժառանգաբար վարել են Թիֆլիսի մելիքի կամ մամասախլիսի, այսինքն՝ քաղաքագլխի պաշտոնը։ Նրանցից առաջինը՝ Աշխարհաբեկը, 1723թ. սպանվել է Թիֆլիս ներխուժած թուրքերի կողմից։ Նրան փոխարինել է որդին՝ Բարսեղը, որն առավել հայտնի է եղել Մելիք Աղա անունով։ Նրանք են հիմնել Թիֆլիսի հայոց Կուսանաց վանքը։ Հիշարժան է նաեւ այն փաստը, որ Մելիք Աղան դեռեւս դեռահաս թագաժառանգ Հերակլին ուղեկցել է պարսից Նադիր Շահի արքունիք, մասնակցել շահի հնդկական արշավանքին, աչքի ընկել արիությամբ, որի համար արժանացել է բարձր պարգեւի՝ ադամանդակուռ սրի եւ ստացել պարսից արքունիքի որսապետի պաշտոնը։ Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնը հաջորդաբար վարել են Մելիք Աղայի որդիները՝ Հովհաննեսը եւ Հովսեփը։ 1801-ին, երբ Վրաստանը միացվեց Ռուսաստանին, Հովսեփը դարձավ արքունի խորհրդական, գլխավորեց Վրաստան ներխուժած պարսկական զորքի դեմ մղվող կռիվները, եւ հաղթանակի համար բարձր պարգեւներ ու գնդապետի կոչում ստացավ ռուսաց Ալեքսանդր Ա կայսրից։ Ռուսական բանակի ականավոր զորավար դարձավ Հովսեփի որդին՝ Բարսեղ Բեհբութովը, որը 1856թ. ստացավ գեներալ-լեյտենանտի կոչում։ Նա 1812թ. Հայրենական պատերազմի մասնակից էր, եղել է Կովկասի կառավարչապետ Ա. Երմոլովի համհարզը, Իմերեթիայի կառավարիչ (1825-27թթ.), Հայկական մարզի կառավարիչ (1830-38թթ.), զբաղեցրել պետական եւ զինվորական բարձր պաշտոններ, պարգեւատրվել ադամանդակուռ սրով եւ բազմաթիվ շքանշաններով։ Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ էր նաեւ Բարսեղի եղբայրը՝ Դավիթ Բեհբութովը, որը հաջողությամբ շարունակել է գերդաստանի զինվորական ավանդույթները, երկար ժամանակ ծառայել Լեհաստանում։ Գերդաստանը տվել է նաեւ մշակույթի գործիչներ։ Նրանցից էր ռեժիսոր Վալերի Բեհբութովը (1885-1961), որը Բարսեղի զարմիկն էր։ Աշխատել է ռուսական շատ թատրոններում, ստեղծել է թատերախումբ եւ հյուրախաղերով եղել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում։ 1928-ին հյուրախաղերով եղել է նաեւ Երեւանում։ Նկարում Վասիլ (Բարսեղ) Հովսեփի Բեհբութով (նաև Վասիլ Բեհբության, վրացերեն՝ ბებუთაშვილი, 1791—1858), իշխան, հետևակազորի գեներալ (1856), հայազգի զինվորական։ Բեհբությանների իշխանական տոհմից:




Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...