Սարվանդիքար բերդ


Սարվանդիքար, Սարվանդի Քար, Սարվանի Քար, Սարվան, Սարվանդավ, բերդ Կիլիկյան Հայաստանում, Ամանոսի լեռնանցքում, դժվարամատույց ժայռի գագաթին։

Ուներ բնական ամուր դիրք և հզոր կուրտինա-պարիսպներ։ 12-րդ դարում եղել է Ռուբինյանների իշխանապետության կարևոր ռազմակայան և բաժտուն (մաքսատուն) երկրի հարավարևելյան սահմանում։ 1185 թվականին Սարվանդիքարը խարդախությամբ զավթել է Անտիոքի դուքսը։ Սակայն Լևոն Բ Մեծագործը 1187-ին այն ազատագրել և պարգևել է իր քեռու՝ Պապեռոնի բերդատեր իշխան Վասակ Հեթումյանի որդի Սմբատին։ Վերջինիս հաջորդել է ավագ որդին՝ Ժոֆրի Հեթումյանը, որն աղբյուրներում հիշվում է «քաջամարտիկ զինվոր»։ Ժոֆրի Հեթումյանի մահից (1261) հետո Սարվանդիքարում իշխել է նրա ավագ որդի Կոստանդինը, որն ամուսնացած էր Հեթում Ա թագավորի դուստր Ռիթայի հետ։ Նա վերանորոգել է 1266 թվականի երկրաշարժից ավերված Սարվանդիքարը, առևտրական պայմանագիր կնքել (1271) դրացի խաչակիր ասպետների հետ։ 1276 թվականին Սարվանդիքարի մոտ տեղի ունեցած ճակաատամարտում հայկական զորաբանակը՝ Սմբատ Սպարապետի առաջնորդությամբ, ջախջախել է Կիլիկիա ներխուժած Մամլուքների սուլթանության զորքերին և մատնել խուճապահար փախուստի։ 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին Սարվանդիքարում իշխել են Կոստանդին Հեթումյանի եղբայրներ Օշինն ու Սմբատը։ 1337 թվականին Սարվանդիքարը զավթել է Մամլուքների սուլթանությունը, իսկ 16-րդ դարում՝ օսմանյան թուրքերը։ Բերդն ավերել են նվաճողները։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...