ՀԱՅ ՄԵԾԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ__մարդ-արվեստագետներ
Մարտիրոս Սարյան - կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դիմանկար 1944 թ
Martiros Saryan - Portrait of composer Aram Khachaturian 1944
«Աշխարհում ամենից շատ սիրում եմ արևը» - որպես իր արվեստի նշանաբան այսօր հնչում է Մարտիրոս Սարյանի հայտնի արտահայտությունը:
«Եթե հնարավոր լիներ լույսը, արևի լույսը ամփոփել սենյակում, դա կլիներ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը», - գրեց հեռավոր Ամերիկայի ունկնդիրն իրենց հայտնի «POST» թերթում:
«Իմ այցելությունները Հայաստան՝ տուրիստական ուղևորություններ չեն, դրանք ունեն լուրջ ստեղծագործական նպատակներ»,-գրել է իր հոդվածներից մեկում Խաչատրյանը:
Այդ նպատակների մեջ էր նաև, անպայման, այցելություն Մարտիրոս Սարյանի տուն:
«Հասկանում եք, ես կարծես տաճար եմ մտնում» -, ամեն անգամ ոտքը տան շեմին դնելիս կրկնում էր կոմպոզիտորը:
Լուսանկարներն, իսկապես ներկայացնում են կոմպոզիտորի անհագ ձգտումը դեպի Վարպետը:
Նկարչի ընտանիքն էլ սիրով սպասում էր մեծանուն կոմպոզիտորին, գիտեր նրա հավանած ուտեստները, սպասում էր գցված սեղանի առջև: Եվ այդ սեղանի շուրջ ծավալվում էր ամենատարբեր զրույցներ երկրի, ժողովրդի, արվեստի, մշակույթի, օրվա խնդիրների շուրջ: Զրույցներում փոխհարաբերությունը նույնն էր, ինչը դրոշմված էր վերը հիշատակված լուսանկարներում: Մարտիրոս Սարյանը հոգևոր հոր նման հետևում էր կոմպոզիտորի ստեղծագործական ուղուն: Նրա արվեստի նկատմամբ ունեցած այդ վերաբերմունքը արձանագրված է Վարպետի երեք դիմանկարով: 1944 թվականին առաջին դիմանկարը, 1963 թվականին՝ երկուսը: Մարտիրոս Սարյանի դիմանկարային գեղանկարչության մեջ, բացի ընտանիքի անդամներից, հազվադեպ է նույն բնորդի մեկից ավել պատկերումը:
Հիշենք այդ երեք դիմանկարը. 1944 թվականինը, որը գտնվում է Արևելյան արվեստների թանգարանում, համարվում է ամենահայտնին: Կոմպոզիտորն այստեղ խիստ նպատակային հայացք ունի, հաստատուն կերտվածքով, արտիստիկ սլացքով, ներշնչուն ստեղծագործողի մղումներով: Դիմանկարի տրամադրությունը ամբողջականանում է ետևի գորգ –կարպետի գունային համանվագով: Սա ջութակի և դաշնամուրի կոնցերտների, «Գայանե» բալետի, առաջին, և մանավանդ երկրորդ սիմֆոնիաների հեղինակն է:
Մյուս երկու դիմանկարներն արված են 1963 թվականին Դիլիջանի ստեղծագործական տանը: Մեկն անավարտ է, գտնվում է կոմպոզիտորի տանը, մյուսը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Այս վերջին երկուսը, և հատկապես, տուն-թանգարանինը արդեն հասուն, ճանաչված, գնահատված կոմպոզիտորի դիմանկարն է, սակայն դարձյալ անհանգիստ երաժշտի տրոփող հուզումներով:
Եվ վերջապես, այն աչալուրջ վերաբերմունքը դեպի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը, որի մասին ասվեց վերևում, արձանագրվեց նաև խոսքով. «Արամ Խաչատրյանի երաժշտությանը սիրով ու հետաքրքրությամբ սկսեցի հետևել դեռևս 30-ական թվականներից: Երբ արվեստագետը ուրիշի արվեստում տեսնում ու շոշափում է մոտ, ընդհանուր հատկանիշներ, տեսակետներ, մտերմություն է ձեռք բերում նրա հետ: Ահա երկից երկ Խաչատրյանը հարազատ դարձավ ինձ: Լսում ես ու զգում, որ գործ ունես արվեստագետի հետ, որի հավատամքը հաստատվել է իր ժողովրդի նկատմամբ ունեցած ակտիվ վերաբերմունքից: Արժեքը միայն նրանում չէ, որ կոմպոզիտորն իր ներկապնակը սնուցանել է ժողովրդական երաժշտության գանձարանից: Արվեստի, մանավանդ երաժշտության պատմության մեջ նման երևույթը տարածված է: Ինձ համար նրա արվեստի մեծագույն արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտման, հայրենի բնաշխարհի ու ժողովրդի խառնվածքի ներդաշնակումով վրձնած բնութագրի մեջ է: Խաչատրյանի ընդգրկումները մասշտաբային են:
Իսկական արվեստն ունի մի շատ կարևոր պահանջմունք ևս: Դա սեփականի, անհատականի հաստատումն է: Եվ եթե անհատականն այնքան ինքնատիպ է, որ զարգացման ընթացքի համար դառնում է նորույթ, ապա ինչ խոսք արվեստագետի ներդրումը մեծ է: Խաչատրյանի արվեստը նոր ներդրում էր ազգային մշակույթի համար: Այդ ներդրումը բացեց նոր ուղիներ, արվեստի խորհրդավոր, հրապուրիչ ուղիներ: Մայր ուղիով ընթացող մնաց ինքը՝ Խաչատրյանը: Ու մինչ այսօր քայլում է նա իր հաստատուն քայլերով, հաղորդակից դարձնելով հայրենի երաժշտությունը համաշխարհային ընթացքին:
Խոսքն այս գրված է 1970 թվականին, իննսունամյա նկարչի կողմից: Արվեստի ինստիտուտի կողմից հրատարակվող գրքի հեղինակները ցանկացան, որպեսզի Մարտիրոս Սարյանի այս խոսքը տպվի նաև ձեռագիր պատճենով: Սիրով համաձայնեց այդ անել, ասում ենք սիրով, որովհետև դժվարացել էր նրա համար գրչով գրելը: Մեկ էջը գրվեց մեկ շաբաթվա ընթացքում, և, երբ օրվա ընթացքում հիշեցվում էր նրան, որ պետք է շարունակել երեկվա կիսատ մնացածը, Սարյանն ուղղակի բացականչում էր.
- Այո, անպայման...
Վախճանվեց 92-ամյա նկարիչը... Ցավակցական առաջին հեռագրերից մեկը Արամ Խաչատրյանի ընտանիքինն էր: Թվում է՝ արդեն ուշադրությունը ցուցաբերված է: Բայց հաջորդ օրվա երկրորդ կեսին Արամ Իլյիչն իր ընտանիքի լրիվ կազմով Երևանում էր՝ անձամբ մասնակցելու նկարչի հրաժեշտին: Իսկ հրաժեշտի արարողությունն,իսկապես, պատկառազդու էր: Ժողովուրդը մեծ արժանապատվությամբ վերջին ճանապարհն էր ուղեկցում իր նահապետին, ձեռքերի վրա, օպերայից մինչև պանթեոն: Ժողովուրդը, մեր ժողովուրդը...
նկարչին, սիրած, մեծարած նկարչին...
Ահա այդ օրը, հայ արվեստի մշակույթի գործիչների պանթեոնում, 1972 թվականի մայիսի 11-ին Արամ Իլյիչը կամացուկ դիմեց կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանին.
-Էդվարդ, կարելի է, որ կողքը տեղ թողնեք ինձ համար...
Ժողովուրդը, մեր ժողովուրդը նույնպիսի արժանապատվությամբ վերջին ուղին ուղեկցեց նաև մեծահամբավ կոմպոզիտորին:
Բայց, ինչ խոսք, մարդ-արվեստագետ փոխհարաբերությունները մնում են հուշագրության սահմաններում, իսկ հայտնի է, ադպես էլ կա, հուշը կամ հուշագրությունը իր նշանակությամբ երկրորդային է: Առաջնայինն, իհարկե, ստեղծագործական առնչություններն են, որոնք դառնում են արժեք տվյալ մշակույթի համար:
Նյութը--Արաքսի Սարյան«ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ - ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ»ՀՈԴՎԱԾԻՑ».


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...